ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Իրաքի Հանրապետության ներկայացուցիչների պալատի Իրաք-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Մոհամմեդ Խոշնաուի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաեւ Հայաստանում Իրանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Սուհայլան Մունզեր Խալիլ Ալ-Ջուբուրին: Ինչպես ArmLur.am-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, Արթուր Մարտիրոսյանը ողջունել է պատվիրակության անդամներին եւ նշել, որ հայ-իրաքյան կապերը պատմական խոր արմատներ ունեն, որոնց հիմքում երկու ժողովուրդներին մերձեցնող հումանիտար արժեքներն են, մասնավորապես՝ կրթությունը եւ մշակույթը: Փոխնախարարն ընդգծել է հայկական կողմի պատրաստակամությունը՝ մեծացնելու եւ զարգացնելու Իրաքի հետ համագործակցության ուղիները:
Մոհամմեդ Խոշնաուն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ նշել հայ-իրաքյան բարեկամական կապերն ակտիվացնելու, կրթական տարբեր մակարդակներում եւ մշակույթի ոլորտում փորձի փոխանակման պատրաստակամության մասին:
Իրաքյան պատվիրակությունը, մասնավորապես, հետաքրքրվել է հայկական փորձով նախադպրոցական, հանրակրթական, բարձրագույն եւ ներառական կրթության ոլորտներում: Առաջարկվել է երկուստեք իրականացնել վերապատրաստման դասընթացներ, կլոր սեղան քննարկումներ: Փոխնախարար Մարտիրոսյանը ներկայացրել է «ՀՀ կրթության՝ մինչեւ 2030 թ. զարգացման ծրագիրը», որը, ըստ նրա, ուղենշային փաստաթուղթ է նաեւ համագործակցությունների ընդլայնման տեսանկյունից:
«Ըստ այս փաստաթղթի նախանշած թիրախների՝ Հայաստանի 4 բուհ կդառնա աշխարհի վարկանիշային աղյուսակի առաջատարներից եւ շատ պետությունների համար կրթական ցանկալի հանգրվան: Ըստ այդմ՝ այսօր Հայաստանում սովորող իրաքցի 300 ուսանողի թիվը եւս կարող է մեծանալ»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը: Նա նաեւ անդրադարձել է «Թումո», «Արմաթ», COAF ոչ ֆորմալ կրթական կենտրոնների գործունեությանը եւ պատվիրակության անդամներին առաջարկել այցելել ու տեղում ծանոթանալ կենտրոնների փորձին: Կողմերը քննարկել են նաեւ մշակույթի ոլորտում համագործակցության հնարավորությունները:
Կարեւորվել է զբոսաշրջության, թանգարանների, հուշարձանների պահպանության ուղղություններով երկու երկրների միջեւ փորձի փոխանակումը, ինչպես նաեւ համատեղ վերապատրաստումները մշակութային ժառանգության, ժամանակակից արվեստի ոլորտներում:
Ո՞ՒՄ ԵՂԲԱՅՐՆ Է ՌԵԿՏՈՐԸ
Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Գյուրջինյանը ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, երաժիշտ Նաիրա Գյուրջինյանի ազգականն է:
Նաիրա Գյուրջինյանը երկար ժամանակ եղել է «Հայ Սուպերսթար-2», «Հայ Սուպերսթար-4», «Իքս-Ֆակտոր 1», «Իքս-Ֆակտոր 2», «Հայ երգիչ» նախագծերի ժյուրիի անդամ եւ երաժշտական պրոդյուսեր։
Նշենք, որ երեկ Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը նշանակվել է Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար։ Դավիթ Գյուրջինյանի նշանակման դեմ ուսանողները դասադուլ էին հայտարարել։
ԵՐԳԻՉ ԴԻՄԱՇ ԿՈՒԴԱՅԲԵՐԳԵՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ Է
Մի շարք մրցանակների դափնեկիր Դիմաշ Կուդայբերգեն, որը հաճախ է ելույթ ունենում ինչպես Ռուսաստանում, այնպես էլ այլ երկրներում կազմակերպված համերգային երեկոներին, մենահամերգով հանդես կգա Հայաստանում: Նա Հայաստան կայցելի Stranger համաշխարհային շրջագայության ընթացքում: Երգչի համերգը տեղի կունենա ապրիլի 29-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Երգիչ, կոմպոզիտոր եւ մուլտիինստրումենտալիստ Դիմաշ Կուդայբերգեն տիրապետում է 6-7 օկտավայի, 4 նոտայի եւ 1 կիսատոնի հազվագյուտ վոկալ տիրույթի։ Նա երգում է ղազախերեն, անգլերեն, ռուսերեն, իսպաներեն, իտալերեն, ֆրանսերեն եւ չինարեն։ Կոնցեպտուալ առումով Stranger շոուն տարբեր տեսանկյուններից պատմում է լույսի ու խավարի, ցերեկվա ու գիշերվա, լուսնի ու արեգակի հավերժական պայքարի մասին, որում լույսը միշտ հաղթում է խավարին, իսկ բարին՝ չարին:
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԱՌԱՋԱԴՐՎԵԼ Է ԵՄ ԳՐԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԻ
Լուսինե Խառատյանի «Սիրիավեպ» գիրքը, որ ստեղծվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության «Թարգմանական ծրագրեր եւ աջակցություն ստեղծագործողներին ու հետազոտողներին» դրամաշնորհային ծրագրի շրջանակում, առաջադրվել է Եվրոպական միության գրական մրցանակի:
ԵՄ գրական մրցանակը ներգրավում է «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի մասնակից երկրներին: Այն հանրահռչակում է գրական նոր տաղանդների:
Հանրային ուշադրության արժանացնելով Եվրոպայի ժամանակակից գրականության ստեղծարարությունը եւ գեղարվեստական գրականության հարստությունը՝ ԵՄ գրական մրցանակը նպատակ ունի խթանելու Եվրոպայի ներսում գրականության շրջանառությունը եւ ավելի մեծ հետաքրքրություն առաջացնելու օտարալեզու գրական գործերի նկատմամբ:
Հեղինակներին եւ նրանց վեպերն առաջադրել են ազգային կառույցները (մեր երկրում՝ ԵՄ գրական մրցանակի հայաստանյան գործընկեր «Փեն Հայաստան»-ը), որոնք քաջածանոթ են իրենց երկրների գրական ասպարեզին, ինչպես նաեւ փորձառու՝ իրենց գրականությունն արտերկրում տարածելու գործում:
Մրցանակի ժյուրին կընտրի 2023 թ. ԵՄ գրական մրցանակի հաղթողին եւ հատուկ մրցանակակիրներին, որոնց անունները կհրապարակվեն 2023 թ. ապրիլի 28-ին Լայպցիգի գրքի միջազգային տոնավաճառում:
Առաջադրված բոլոր հեղինակները եվրոպական հարթակում առաջխաղացման շարունակական աջակցություն կստանան ավելի լայն եւ միջազգային լսարան ունենալու, իրենց ազգային եւ լեզվական սահմաններից դուրս ընթերցողների հետ կապ հաստատելու նպատակով:
ԵՄ գրական մրցանակը կազմակերպում է Եվրոպական գրահրատարակիչների եւ Եվրոպական ու միջազգային գրավաճառների ֆեդերացիաներից բաղկացած կոնսորցիումը՝ «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի աջակցությամբ:
Լուսինե Խառատյանի «Սիրիավեպ»-ն արկածային ստեղծագործություն է: Իրադարձությունները զարգանում են նախապատերազմական Սիրիայում, որտեղ գլխավոր հերոսները՝ հայաստանցի երեք կին հետազոտողներ, աշխատանքի բերումով այցելում են տարբեր վայրեր, հանդիպում եւ զրուցում մարդկանց հետ եւ այս ամենով պայմանավորված՝ հայտնվում սիրիական հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում: Վեպը լույս է ընծայել «Գրանիշ» հրատարակչությունը: