ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը անակնկալ հրաժարական ներկայացրեց: Երեւանում սպասվում են ավագանու նոր ընտրություններ. երբ՝ դեռ պարզ չէ: Կլինի արտահերթ, թե հերթական՝ էլի պարզ չէ: ՔՊ խմբակցությունը կարող է ավագանիներից մեկին ընտրել քաղաքապետ մինչեւ հոկտեմբերին կայանալիք ընտրություններ:

Ովքե՞ր են այս պահի դրությամբ հայտ ներկայացրել՝ իբրեւ 1-ին համար մասնակցելու Երեւանի ավագանու ընտրություններին. իշխող «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցության քաղաքապետի թեկնածուն  Տիգրան Ավինյանն է, որը թեեւ ի պաշտոնե հիմա քաղաքապետի տեղակալ է, բայց իրեն արդեն իսկ որպես քաղաքապետ է «զգում»։

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը քաղաքապետի պաշտոնում առաջադրելու է Դավիթ Խաժակյանի թեկնածությունը, որը, ի դեպ, մեզ հետ զրույցում չէր բացառել ընտրություններին  ՔՊ-ի հետ դաշինքով մասնակցության հավանականությունը:

«Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Երվանդ Թարվերդյանը եւս առաջադրելու է իր թեկնածությունը, իսկ «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուն էլ Մանե Թանդիլյանն է:

Տիգրան Արզաքանցյանի «Ուժը Հայրենյաց» կուսակցության թեկնածուն վերջինիս կինն է՝ Նատալյա Ռոտենբերգը, եթե օրենքով իրավունք ունենա առաջադրվելու։

Տիգրան Խզմալյանի Հայաստանի եվրոպական կուսակցության թեկնածուն է երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանը:

«Հայրենիք» կուսակցությունն էլ չի բացառել, որ Արթուր Վանեցյանը գուցե առաջադրվի քաղաքապետի պաշտոնում։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ավագանու ընտրություններին պատրաստվում է առաջադրվել նաեւ Երեւանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը, որն ունի մի բրենդ՝ սիրված երեւանցի։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածուն հավանաբար կլինի Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը. դեռ քննարկում են։

Մեր տեղեկություններով՝ ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն դեռ մասնակցության մասով վերջնական որոշում չունեն, քանի որ համապատասխան թեկնածու չունեն, փնտրում են։

Ահա այս թեկնածուներից երեւանցին աշնանը պետք է ընտրի քաղաքապետ, որը պետք է ղեկավարի մայրաքաղաքը, բարեփոխումներ անի Երեւանում, մաքրի աղբից՝ դարձնելով առավել հյուրընկալ եւ մրցունակ քաղաք։

 

 

 

 

 

ԱԺ ՔՊ խմբակցությունը երկուշաբթի երեկոյան ֆրակցիայի նիստ կանի: Ինչպես հայտնի է, հաջորդ շաբաթ մեկնարկում է Ազգային ժողովի հերթական նստաշրջանը: ԱԺ խորհուրդը երկուշաբթի՝ ժամը 16.00-ին, նիստ կանի, որի ժամանակ էլ կհաստատվի գալիք նստաշրջանի օրակարգը: ԱԺ խորհրդի նիստից անմիջապես հետո ՔՊ-ն ֆրակցիայի նիստ կանի նույն դահլիճում, որպեսզի, նստաշրջանի մեկնարկին ընդառաջ, «դերերի բաշխում» անի: ՔՊ-ականները մանրամասնորեն պատրաստվելու են գալիք նստաշրջանին, քանի որ, ինչպես հայտնել ենք, հաջորդ շաբաթ խորհրդարան են գալու նաեւ Նիկոլ Փաշինյանը եւ նախարարները՝ ներկայացնելու կառավարության ծրագրի կատարողականը։ ՔՊ-ականները ֆրակցիայի նիստին կորոշեն, թե որ նախագծին ինչպես են քվեարկելու, ով ինչ ելույթներ է ունենալու: Ընդդիմադիր երկու ֆրակցիաները նույնպես մասնակցելու են նիստերի, ուստի մտադիր են լավ պատրաստվել գալիք նստաշրջանին, որպեսզի  «հակահարված» տան ընդդիմադիրներին, հատկապես՝ Փաշինյանի ներկայությամբ:

 

 

 

Ինչպես եւ սպասվում էր, քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը երեկ երեկոյան հրաժարական տվեց: Իր հեռանալու մասին հայտարարությունը նա արեց Երեւանի քաղաքապետարանում հրավիրած գործակարգավարական նիստի ընթացքում՝ հավելելով, որ շարունակելու է մնալ քաղաքական թիմի անդամ: Ակնհայտ էր, որ հրաժարականի մասին հայտարարելիս  Սարգսյանը բավականին հուզված էր, խոսելու ընթացքում կուլ էր տալիս տառերը,  շնչակտուր էր խոսում։ «Ժողովուրդ» օրաթերթի  հավաստի տեղեկություններով՝ Հրաչյա Սարգսյանի այս որոշումը անակնկալ է եղել ինչպես Նիկոլ Փաշինյանի, այնպես էլ ողջ ՔՊ-ի համար: Սարգսյանը տեւական ժամանակ  կապի դուրս չի եկել ավագանու «Իմ քայլը» ֆրակցիայի իր թիմակիցների հետ, նրանց անորոշ վիճակի մեջ է դրել: Երեկ, երբ մամուլը գրեց հրաժարականի մասին, նա անհետացել էր… Տեղեկացանք, որ արդեն նախկին քաղաքապետը մի քանի անգամ ակնարկել է իր հեռանալու մտադրության մասին, սակայն վերջնական որոշում կայացրել է այս շաբաթ, բայց թիմակիցներին հստակ ոչինչ չի ասել: Սարգսյանի որոշումն անակնկալ է եղել անգամ Փաշինյանի համար, որն ընդամենը օրեր առաջ իր ասուլիսում, լրագրողների հարցին ի պատասխան, համոզմունք հայտնեց, որ քաղաքապետը հրաժարական չի տալու: Ըստ էության,  Փաշինյանի սրտով էլ չի եղել Հրաչյա Սարգսյանի հեռանալը, քանի որ պաշտոնավարման ողջ ընթացքում հլու-հնազանդ ենթարկվել է իրենց բոլոր որոշումներին: Մեր տեղեկություններով՝ հենց ՔՊ թեկնածու Տիգրանն Ավինյանն է այնպիսի իրավիճակ ստեղծել քաղաքապետարանում, որպեսզի Սարգսյանն ինքնակամ հեռանա, քանի որ ինքն էլ գիտակցել է, որ, ավագանու ընտրություններին ընդառաջ,  Հրաչյա Սարգսյանի վարկանիշը բարձրանում էր: Այսպիսով, քաղաքապետի հրաժարականից հետո ՔՊ-ն երկու ճանապարհ ունի՝ կա՛մ պետք է գնա ավագանու արտահերթ ընտրությունների, կա՛մ էլ ավագանու անդամներից մեկին ժամանակավոր պաշտոնակատար ընտրի մինչեւ ավագանու հերթական ընտրություններ:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝  ՀՀ քննչական կոմիտեի եւ ՀՀ դատախազության ջրերը մի առվով չեն հոսում, եւ  իրավապահ համակարգի երկու կառույցների ներքին գզվռտոցը մի օր կպայթի: Իրավիճակը երկու  համակարգերի  միջեւ առավել լարված է հատկապես Երեւան քաղաքում:  Մասնավորապես, Քննչական կոմիտեի քննիչները շատ դեպքերում համաձայն չեն լինում  դատախազների  հանձնարարականների հետ եւ  առարկում են նրանց որոշումների դեմ, նրանց միջեւ բացակայում է կենդանի շփումը։ Ամենաուշագրավն այն է, որ քննիչների եւ դատախազների առարկությունները  միայն հայհոյանքներ են  ու խիստ վիրավորանքներ միմյանց հասցեին:  Դատախազների եւ քննիչների այս հակասությունը ազդում է վարույթների քննությունների ընթացքի վրա, խախտվում են վարույթների մասնավոր մասնակիցների իրավունքները: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իրավիճակի մասով, չի բացառվում, փաստաբանները առաջիկայում հանդես գան հայտարարութամբ, որ այս երկու մարմինների հակասությունների արդյունքում տուժում են քաղաքացիները, ուստի ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն  ու ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը կոնկրետ քայլեր պետք է իրականացնեն, այլապես մեծ  բունտ է հասունանում:




Լրահոս