ԱՄՆ պետքարտուղարությունը հրապարակել է մարդու իրավունքների մասին 2022 թվականի իր զեկույցը, ուր ըստ պետքարտուղարի, ուսումնասիրել է 200 երկրներում առկա իրավիճակը, այդ թվում` Հայաստանում: Այս մասին հայտնում է amerikayidzayn-ը:
ԱՄՆ պետքարտուղարությունն մարդու իրավունքների մասին 2022 թվականի իր զեկույցում առանձնացրել է Հայաստանի՝ այս ոլորտի առավել նշանակալի խնդիրները, որոնք ներառում են, ըստ արժանահավատ հաղորդումների, «անվտանգության ուժերի անդամների կողմից խոշտանգումները, բանտային ծանր պայմանները, կամայական ձերբակալությունները կամ կալանավորումները, դատական անկախության հետ կապված լուրջ խնդիրները, անձնական կյանքին կամայական կամ անօրինական միջամտությունը, խոսքի ազատության սահմանափակումը, հանցագործությունները, որոնք ներառում են բռնություն կամ սպառնալիքներ՝ քաղաքացիական հասարակության գործիչների և ԼԳԲՏՔ համայնքի ներկայացուցիչների հանդեպ, ինչպես նաև երեխաների աշխատանքի վատթարագույն ձևերի դրսևորումները:
Զեկույցում անդրադարձ կա նաև հայ-ադրբեջանական հակամարտությանը, մասնավորապես նաև անցած տարվա բախումների ընթացքում զինծառայողների անօրինական մահապատժի վերաբերյալ հաղորդումներին: Ըստ զեկույցի՝ «սեպտեմբերի կեսերին ադրբեջանական և հայկական ուժերի միջև ինտենսիվ մարտերից հետո արժանահավատ հաղորդումներ եղան անօրինական մահապատիժների մասին, որոնք ներառում էին ադրբեջանական կալանքի տակ գտնվող հայ զինվորների մահապատիժները»: Զեկույցը մատնանշում է Human Rights Watch-ը և Bellingcat լրագրողական հետաքննող խմբի հաղորդումները, որոնք պնդել են, որ տարածված տեսանյութում պատկերված են առնվազն յոթ հայ զինվորներ, որոնք անօրինական մահապատժի են ենթարկվել ադրբեջանական զինվորական համազգեստով զինծառայողների կողմից: Մատնանշվում է նաև մեկ այլ տեսանյութ, որը պատկերում է երեք հայ զինվորներին ռազմական դիրքի տարածքում ադրբեջանցի զինվորականների գերության ներքո: Հաղորդվում է, որ երեքի մարմիններն ավելի ուշ վերադարձվել են Հայաստանին և նրանց ինքնությունը հաստատվել է:
Պետքարտուղարության զեկույցը գրում է, որ իրավապաշտպան կազմակերպությունները շարունակում են մտահոգություններ հայտնել հայկական բանակում ոչ մարտական գործողությունների հետևանքով մահերի և իրավապահների կողմից այդ մահերի հետ կապված պատշաճ հետաքննություն չանցկացնելու վերաբերյալ։ Իրավապաշտպան ՀԿ-ների կարծիքով՝ կառավարության թափանցիկության բացակայությունը զինվորականների մահվան դեպքերի շուրջ, անկախ դրանց մարտական կամ ոչ մարտական բնույթից, հանգեցրել է հանրային անվստահությանն այս ոլորտում պաշտոնական տեղեկատվության նկատմամբ:
Զեկույցը շեշտում է, որ երկրում առկա է համակարգային կոռուպցիայի ժառանգություն բազմաթիվ ոլորտներում՝ ներառյալ շինարարության, հանքարդյունաբերության, պետական կառավարման, խորհրդարանի, դատական համակարի, գնումների ու պետական աջակցության տրամադրման: Մեղադրանքներ են հնչեցվել նաև պետական պաշտոնյաների ներգրավմամբ պետական միջոցների յուրացման և կասկածելի բիզնես գործունեության մասին։
Ըստ զեկույցի՝ Հայաստանում չեն արձանագրվել քաղաքական բանտարկյալների առկայության մասին արժանահավատ հաղորդումներ: Սակայն, առկա են հաղորդումներ, որ անվտանգության ուժերի ներկայացուցիչներն արգելանքի տակ գտնվող անձանց շարունակել են ենթարկել խոշտանգումների կամ թույլ են տվել այլ ոտնձգություններ: Դրանց թվում զեկույցն առանձնացնում է ոստիկանական բաժանմունքներում շարունակական խոշտանգումների մասին հաղորդումները, որոնք, ի տարբերություն բանտերի և ոստիկանության կալանավայրերի, ենթակա չեն հանրային մոնիտորինգի:
Զեկույցն անդրադառնում է նաև Հայաստանում խտրականության խնդրին, մասնավորապես սեռի, սեռական կողմնորոշման, սահմանափակ առողջական կարողությունների հիման վրա: Զեկույցի գնահատականով՝ խտրականության դեմ օրենսդրությունը կատարյալ չէ և չի պաշտպանում խոցելի խմբերին՝ անդրադառնալով վերջիններիս կյանքի բոլոր ասպեկտների վրա, այդ թվում՝ աշխատանքի, բնակարանի, ընտանեկան հարաբերությունների, կրթության և առողջապահության հասանելիության վրա, իսկ սահմանափակ առողջական կարողոթյուն ունեցող անձանց նկատմամբ խտրականությունը շարունակում է մնալ համատարած խնդիր։ Վերջիններս այլոց հետ հավասար չունեն կրթական, առողջապահական, հասարակական այլ մասնաշենքերից և տրանսպորտից օգտվելու հնարավորություն:
Բացի այդ, ըստ զեկույցի, կանայք ի տարբերություն տղամարդկանց, հիմնականում չունեն նույն մասնագիտական հնարավորությունները կամ վարձատրությունը: Գործատուները հաճախ նրանց տեղափոխում են ավելի ցածր վարձատրությամբ աշխատանքի: Զեկույցը նշում է, որ աշխատանքային օրենսգիրքը բացահայտորեն չի պահանջում հավասար աշխատանքի դիմաց հավասար վարձատրության ապահովում:
Զեկույցի պնդմամբ՝ հանրային շրջանակներում առկա է կարծիք, որ աշխատավայրերում և քաղաքական ասպարեզում կանանց նկատմամբ սեռական ոտնձգությունները լայնորեն տարածված են ու այս խնդիրը համարժեք կերպով արձագանք չի ստանում կառավարության կողմից:
Խոսելով մարդու իրավունքների այս տարվա զեկույցի մասին, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը շեշտում է՝ փաստաթուղթը ի ցույց է դնում, որ 2022 թվականին բոլոր տարածաշրջանի երկրներում մենք շարունակում ենք ականատես լինել մարդու իրավունքների հետընթացին, ներառյալ քաղաքացիական ակտիվության սահմանափակման, մարդու հիմնարար արժանապատվության հանդեպ անհարգալից վերաբերմունքին: Նրա խոսքով՝ զեկույցը փաստացի, օբյեկտիվ և խորապես ներկայացնում է մարդու իրավունքների հետ կապված իրավիճակն ամբողջ աշխարհում՝ ուսումնասիրելով մոտ 200 երկրներում և տարածքներում այս ոլորտի հետ կապված զարգացումները: Պետքարտուղարն ընդգծում է՝ այն կիրառում է նույն չափանիշները բոլորի հանդեպ՝ ինչպես ԱՄՆ դաշնակիցների և գործընկերների, այնպես էլ այն երկրների հանդեպ, որոնց հետ Վաշինգտոնն ունի տարաձայնություններ: Նրա նպատակը խրատելը կամ անարգելը չէ, ասել է պետքարտուղարը՝ շեշտելով, որ այն ավելի շուտ, համապատասխան գործիքակազմ է նրանց համար, ովքեր պայքարում են մարդու իրավուքնների խախտումների դեմ: Չնայած այս զեկույցը ուսումնասիրում է աշխարհի տարբեր երկրներում առկա իրավիճակը, մենք գիտենք, որ Միացյալ Նահանգները ևս բախվում է մարդու իրավունքների հետ` կապված իր մարտահրավերներին, նշել է ԱՄՆ պետքարտուղարը զեկույցի մասին իր ելույթում: