Արդեն 100 օր է՝ Արցախի Հանրապետությունը Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով շրջափակման մեջ է: 2022 թ. դեկտեմբերի 12-ից է Ադրբեջանը փակ պահում Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը:
«Ժողովուրդ» օրաթերթն այս առնչությամբ մի քանի հարց է ուղղել ԵՄ-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար, Եվրախորհրդարանի անդամ Լուկաս Ֆուրլասին:
-Պարո՛ն Ֆուրլաս, Ադրբեջանն արդեն 100 օր է՝ փակ է պահում Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը: Ի՞նչ կարծիք ունեք ստեղծված իրավիճակի մասին:
-Բոլորս էլ հասկանում ենք, որ իրավիճակը ողբերգական է և վերաբերում է կանանց, երեխաներին, հիվանդներին, քրոնիկ հիվանդներին և տարեցներին։ Սա, անկասկած, հումանիտար ճգնաժամ է, որին պետք է անհապաղ լուծում տալ՝ վատթարագույնից խուսափելու համար։ Ցավոք, մենք ունենք Լեռնային Ղարաբաղի բնակչության շրջափակում և տարածաշրջան մատակարարման գծի խափանում։
-Ադրբեջանը շարունակում է իր քայլերը: Այս պայմաններում հնարավոր համարո՞ւմ եք Ադրբեջանի հետ հաշտության պայմանագիր կնքելու հավանականությունը:
-Հերթական անգամ ականատես ենք լինում Բաքվի կողմից սադրանքի և ագրեսիայի. Մենք դատապարտում ենք ոչ թե ադրբեջանական ժողովրդին, այլ նրա ավտորիտար բռնապետությանը, որը հումանիտար ճգնաժամ է առաջացնում հայ ժողովրդի համար։ Բաքվի այս ավտորիտար իշխանությանը ակնհայտորեն աջակցում է Թուրքիան։ Տարածաշրջանում հումանիտար ճգնաժամը հնարավոր է կասեցնել միայն մեկ ճանապարհով. Ադրբեջանը պետք է անհապաղ անցնի երթևեկության և էներգամատակարարման ամբողջական վերականգնմանը։ Միայն այս կերպ կխուսափվի տարածաշրջանում հումանիտար իրավիճակի հետագա վատթարացումից։ Խաղաղ և արդյունավետ լուծում գտնելը իդեալական սցենար է այն սկզբունքների և արժեքների համար, որոնց պաշտպանում է Եվրամիությունը: Անձամբ ես, տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին տեղեկացված լինելուն պես, քայլեր ձեռնարկեցի՝ գրավոր հարց ներկայացնելով Եվրահանձնաժողովին։ Հարցի միջոցով խնդրել եմ հանձնաժողովի անհապաղ միջամտությունը՝ երթևեկության և էներգամատակարարման լիարժեք վերականգնման նպատակով։ Անհրաժեշտ է, որ բոլորն իրենց ապահով զգան, և բոլոր ներգրավվածների միջև երկխոսություն լինի, որպեսզի ապահովվի խաղաղություն և կայունություն ողջ տարածաշրջանում։
–ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց Հայաստանի և Արցախի սահմաններին առկա էսկալացիայի վտանգի մասին: Այս պայմաններում ի՞նչ կարող է անել հայկական կողմը:
-Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակումը վտանգում է հազարավոր մարդկանց կյանքը՝ անջատված Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Հայաստանի կառավարությունը պետք է շարունակի կոչ անել Ադրբեջանի իշխանություններին անհապաղ ապաշրջափակել երթուղին և վերջ դնել ծավալվող հումանիտար ճգնաժամին։ Ադրբեջանի պարտավորությունն է ապահովել, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությանը չարգելեն սննդամթերքի և այլ առաջին անհրաժեշտության ապրանքների և դեղերի հասանելիությունը: Մեզ առավելապես մտահոգում է խաղաղ բնակչությունը, որը, ցավոք, ստիպված է գոյատևել սարսափի և անորոշության պայմաններում։ Ինչպես արդեն նշեցի, խնդիրը կարող է լուծվել միայն մեկ ճանապարհով. Ադրբեջանը պետք է անհապաղ անցնի երթևեկության և էներգամատակարարման ամբողջական վերականգնմանը։
զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը