«3+3» ձևաչափի դուռը բաց է Թբիլիսիի առջև. Լավրով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խոսելով Ռուսաստանի և Արևմուտքի միջև հնարավոր երկխոսության մասին, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Արևմուտքը խոչընդոտում է Ռուսաստանին հարավկովկասյան տարածաշրջանում։ Մասնավորապես, նա նշել է «3+3» ձևաչափի խոչընդոտը։

Ըստ նրա՝ Արևմուտքն ամբողջությամբ վարկաբեկել է իրեն։ Լավրովի խոսքով, Ռուսաստանը հստակ տեսնում է, թե ինչ նպատակներ ունի Արևմուտքը Հարավային Կովկասում։

«Նա չի էլ թաքցնում դա, ընդհակառակը, ձգտում է Ռուսաստանին կտրել տարածաշրջանից։ Ռուսաստանը Հայաստանի և տարածաշրջանի այլ երկրների հետ փորձում է զարգացնել «3+3» ձևաչափը: Վրացական կողմը դեռ մտածում է՝ մասնակցել, թե չմասնակցել այս ձևաչափին։ Թեև առաջին հանդիպումը կայացել է, սակայն Թբիլիսիի համար դուռը բաց է մնում։

Հիմա մտածում ենք երկրորդ հանդիպմանը հրավիրելու մասին։ Արևմուտքն արդեն ակտիվորեն աշխատում է այդ ձևաչափը ոչնչացնելու ուղղությամբ և փորձում է սեփական ծառայությունները մատուցել Հարավային Կովկասի բոլոր երեք երկրներին։ Սա վկայում է այն մասին, որ նա ցանկանում է գերակայել տարածաշրջանում»,-Aliq Media-ի հաղորդմամբ ասել է Լավրովը:

Նշենք, որ «3+3» ձևաչափի առաջին հանդիպումը Մոսկվայում կայացավ առանց Վրաստանի, սակայն, չնայած Թբիլիսիի դիրքորոշմանը, մոսկովյան հանդիպմանը, այնուամենայնիվ, նաև վրացական դրոշն էր եղել։

Ի դեպ, «3+3» տարածաշրջանային համագործակցության ձևաչափի գաղափարն առաջացել է Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո և ենթադրում է առևտրատնտեսական համագործակցություն ու հարաբերությունների խորացում կովկասյան երեք երկրների՝ Վրաստանի, Ադրբեջանի, Հայաստանի և երեք տարածաշրջանային խաղացողների՝ Ռուսաստանի Դաշնության, Թուրքիայի և Իրանի Իսլամական Հանրապետության միջև։




Լրահոս