ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երեկ և այսօր հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Պաշտոնական հաղորդագրության համաձայն, Նիկոլ Փաշինյանը և Էնթոնի Բլինքենը մտքեր են փոխանակել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, տարածաշրջանում հաղորդակցության ուղիների բացման հեռանկարների շուրջ:
Հեռախոսազրույցի ընթացքում վարչապետ Փաշինյանը նաև մտահոգություն է հայտնել վերջին շրջանում Ադրբեջանի կողմից աճող ագրեսիվ հռետորաբանության կապակցությամբ:
Հեռախոսազրույցի մասին իր թվիթերյան էջում հայտնել է նաև Էնթոնի Բլինքենը՝ նշելով, որ «Հարավային Կովկասում խաղաղության միակ ճանապարհը դիվանագիտությունն է»:
Իսկ ահա Ադրբեջանի նախագահը Միացյալ Նահանգների պետքարտուղարի հետ հեռախոսազրույցում դարձյալ ընդգծել է Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու անհրաժեշտությունը՝ պատճառաբանելով, թե հայկական կողմը շարունակում է ռազմական փոխադրումները Ղարաբաղ։
Իլհամ Ալիևն ասել է, որ պատրաստ է մոտ ապագայում ստորագրել խաղաղության համաձայնագիրը, որի տեքստը վերջին առաջարկություններով և փոփոխություններով արդեն ներկայացվել է հայկական կողմին։
Պետդեպարտամենտը հաղորդում է, որ Բլինքենն է զանգահարել Ալիևին:
Ըստ հաղորդագրության՝ պետքարտուղարն առաջարկել է ԱՄՆ-ի շարունակական աջակցությունը Հայաստանի հետ երկկողմ խաղաղ քննարկումներին նպաստելու գործում, ընդգծել, որ չկա ռազմական լուծում, և կարևորել Լաչինի միջանցքի վերաբացումը:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը երեկ երեկոյան դարձյալ պնդել էր, թե օգտագործելով այլընտրանքային գրունտային ճանապարհները՝ Հայաստանից դեպի Ղարաբաղ ռազմական բեռնափոխադրումները շարունակվում են, այդ նպատակով օգտագործվում են նաև քաղաքացիական մեքենաները։
Մանրամասները՝ տեսանյութում: