Հայկական կողմը զորք և զինամթերք չի տեղափոխել Ստեփանակերտ-Լիսագոր ճանապարհով. Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել այն մասին, թե իբր հայկական կողմը՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, զորք և զինամթերք է տեղափոխել Ստեփանակերտ-Ղաբալիշեն-Լիսագոր անտառային ճանապարհով: Այս մասին հայտնում է Արցախի ՆԳՆ ոստիկանությունը:

«Իրականում, խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ այդ ճանապարհով տեղի է ունենում միայն քաղաքացիական անձանց և հումանիտար բեռների տեղափոխություն Արցախի բնակավայրերի միջև:

Հիշեցնենք, որ Շուշիի շրջանի որոշ գյուղերի հետ մայրաքաղաքի բնականոն հաղորդակցությունն ընդհատվել է 2022 թվականի դեկտեմբերի 12-ից՝ Ադրբեջանի կողմից Ստեփանակերտ-Գորիս միջպետական մայրուղին արգելափակելու պատճառով:

Հաշվի առնելով այդ լեռնային ճանապարհի աշխարհագրական բարդ ռելիեֆը՝ դրանով երթևեկությունը կազմակերպվում է մեծ ու բարձր մեքենաներով, որոնք ադրբեջանական կողմը փորձ է անում ներկայացնել որպես ռազմական նշանակության փոխադրումներ իրականացնող մեքենաներ:

Իսկ ռուս խաղաղապահները կատարել են իրենց գործառույթը՝ ամրագրված 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ: Հաշվի առնելով մարտի 5-ի դիվերսիոն հարձակումը Արցախի ոստիկանների վրա և առաջացած լրացուցիչ անվտանգային ռիսկերը՝ ռուսական կողմն ապահովել է քաղաքացիական անձանց ու բեռների անվտանգ տեղաշարժը»,- ասված է հաղորդագրության մեջ:




Լրահոս