Տերովին տերն է տարել, անտերին՝ գե՞լը. Երվանդ Թարվերդյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Միացյալ Հայաստան» կուսակցության հիմնադիր-նախագահ Երվանդ Թարվերդյանը հայտարարություն է տարածել. «Օրեր առաջ ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսում Սերգեյ Լավրովի խոսքում մի շարք մտահոգիչ դրույթներ կային։ Մասնավորապես, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի անտեսումը ո՛չ մեր իշխանությունների, ո՛չ էլ դաշնակից երկրի վարչակազմի կողմից որևէ արդարացում չունի։

Չէ՞ որ տասնամյակներ շարունակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնց շարքում նաև ՌԴ-ն է, հիմնվել են երեք հայտնի սկզբունքների, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի վրա։
Ռուսաստանը հաճախ է խոսում Ղրիմի, Աբխազիայի, Հարավային Օսիայի ժողովուրդների ինքնորոշման իրավունքի անբեկանելիության մասին։ Իր հերթին, հավաքական Արևմուտքի համար ինքնորոշման իրավունքի հիմնարար օրինակը Կոսովոն է՝ ի հակադրություն Սերբիայի տարածքային ամբողջականության սկզբունքի։

Այդ դեպքում ինչո՞վ է Արցախի և արցախցիների իրավունքը զիջում վերոնշյալ էթնոքաղաքական հակամարտություններին։ Ոչնչո՛վ, դեռ ավելին՝ Արցախում այսօր նոր ցեղասպանության վտանգը շատ ավելի ակնառու է, քան վերոբերյալ օջախներից որևէ մեկում։
Ալիևի վերջին սպառնալից հայտարարությունները զավթված Թալիշից, որ եթե ուզում ենք ապրել 29 հազար քառակուսի կիլոմետրի վրա, պետք է Արցախը ճանաչենք որպես Ադրբեջանի մաս, պիտի սթափեցնի աշխարհասփյուռք հայությանը և նախևառաջ՝ ՀՀ բնակչությանը։ Արցախի օտարմամբ ադրբեջանական զավթիչների ախորժակը միայն մեծանալու է։ Նրանք արդեն պաշտոնական հավակնություններ են ներկայացնում ՀՀ Սյունիքի և Վայոց ձորի մարզերի նկատմամբ։

Ընդ որում, սկզբնապես փորձելու են այսպես կոչված փախստականներին բերել-բնակեցնել ՀՀ հարավային մարզերում, ապա աստիճանաբար զավթելու են նորանոր հողակտորներ, գյուղեր, շեներ, համայնքներ ու քաղաքներ։ Պետք է կասեցնել այս գահավեժ ընթացքը և ամեն կերպ նեցուկ լինել մեր պատվարը դարձած, ավելի քան 100 օր շրջափակման մեջ գտնվող արցախցի քույրերին ու եղբայրներին։

Եթե ընկնի Արցախը, չի լինի նաև Հայաստան»։




Լրահոս