Որ դեպքում պաշտոնյան պետք է նվերը վերադարձնի պետությանը կամ համայնքին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հանրային ծառայության մասին» օրենքում կատարվել են փոփոխություններ և սահմանվել են նվերներ ընդունելու վերաբերյալ նոր կանոններ։ Արդյունքում սահմանվել է, թե պաշտոնյայի ստացած ո՞ր նվերներն են դառնում պետության կամ համայնքի սեփականությունը:

Ներկայիս կարգավորումներով հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողներին արգելվում է աշխատանքային գործունեությունն իրականացնելու հետ կապված նվերներ ընդունել: Վերջիններս պարտավոր են նաև միջոցներ ձեռնարկել, որ իրենց ընտանիքի անդամները ևս այդպիսի նվերներ չընդունեն:

Թույլատրելի նվերներ են համարվում միայն պետական, պաշտոնական, աշխատանքային այցերի կամ միջոցառումների ժամանակ, գործուղումների շրջանակներում տրվող նվերները կամ սովորաբար կազմակերպվող հյուրասիրությունը, ծառայողական օգտագործման նպատակով անվճար տրամադրվող նյութերը, կրթաթոշակը, դրամաշնորհը:

Թույլատրելի նվերները պաշտոնատար անձը պետք է հաշվառի նվերների հաշվառման ռեեստրում, եթե դրանց արժեքը գերազանցում է քառասուն հազար դրամը կամ նույն աղբյուրից վեց ամսվա ընթացքում ստացվել է պարբերաբար:

Պետությանը կամ համայնքին են հանձնվում նաև պետական կամ պաշտոնական այցերի կամ միջոցառումների, ինչպես նաև աշխատանքային այցերի, գործուղումների շրջանակներում կամ ժամանակ տրվող նվերները, ինչպես նաև օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների կամ այլ անձանց կողմից տրվող արարողակարգային նվերները՝ այն դեպքում, եթե դրանց արժեքը գերազանցում է 60.000 ՀՀ դրամը:

Ն.Հ.




Լրահոս