ՀԱՎԵԼԱՎՃԱՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունը հաստատեց օրենսդրական նախագծերի փաթեթ, որով ներդրվում է ոստիկանության ծառայողների ատեստավորման նոր համակարգ, որի միջոցով կբարձրանան ոստիկանության ծառայողների սոցիալական երաշխիքները, կտրամադրվի հավելավճար:

 

Այս մասին հայտնում են Ներքին գործերի նախարարությունից։

Ատեստավորման գործընթացը նախատեսվում է իրականացնել հետեւյալ հայեցակարգային մոտեցումների հիման վրա. ծառայողը համարվում է ատեստացիան անցած այն պարագայում, երբ, նախ, հաջողությամբ հաղթահարել է ընդհանուր զարգացվածության թեստը, այնուհետեւ՝ կրակային եւ ֆիզիկական պատրաստականության վարժությունները, ապա, մասնակցելով բուն մասնագիտական գիտելիքների ստուգման թեստին, նախատեսված 50 հարցերից 30-ին կամ 60 տոկոսին տվել է ճիշտ պատասխան:

Ոստիկանության գլխավոր խմբի ծառայողները, բացի նշված փուլերից, անցնելու են նաեւ հարցազրույց ղեկավարման հմտությունները լրացուցիչ ստուգելու նպատակով:

Մասնագիտական գիտելիքների պարզմանն ուղղված հարցաշարը բաղկացած է լինելու Ոստիկանության գործունեությունը կանոնակարգող իրավական ակտերով նախատեսված ընդհանուր եւ մասնագիտական հարցերից՝ ըստ ծառայության ուղղվածության:

Եռամյա ժամկետի ընթացքում ատեստավորման չդիմելու կամ ատեստացիայի անցողիկ շեմը չհաղթահարելու դեպքում ծառայողները, զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու հիմքով, ենթակա են Ոստիկանությունում ծառայությունից ազատման:

Առաջին ատեստավորումը չհաղթահարելու դեպքում ծառայողին մեկ անգամ տրվելու է վերապատրաստվելու հնարավորություն:

Ատեստավորման արդյունքներով հավելավճար ստանալու իրավունքը պահպանվում է 3 տարի՝ բացառությամբ պաշտոնեական առաջխաղացմամբ (օրինակ՝ օպերլիազորից՝ բաժանմունքի պետ), ինչպես նաեւ ծառայության բնույթի փոփոխությամբ պայմանավորված նոր պաշտոնի նշանակման (օրինակ՝ պարեկից օպերլիազոր), որի դեպքում ծառայողը ենթակա է վերապատրաստման եւ ատետավորման: Ընդ որում՝ ատեստավորվելու օրվանից 2 տարին լրանալուց հետո ծառայողը կրկին ձեռք է բերում ատեստավորվելու համար դիմելու իրավունք:

Ատեստավորում չեն անցնելու բարձրագույն խմբի պաշտոն զբաղեցնող ծառայողները (Ոստիկանության պետ եւ տեղակալներ), ինչպես նաեւ Ներքին գործերի նախարարության տիրույթ տեղափոխվող ստորաբաժանումների աշխատակիցները:

 

 

 

 

ՆՈՐ ՉԱՓՈՐՈՇՉԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՓՈՐՁԸ

Հանրակրթության նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ Տավուշի մարզի Թեղուտի միջնակարգ դպրոցում տեղի է ունեցել հանդիպում, որին մասնակցել են հանրապետության մենթոր-ավագ դպրոցների եւ Տավուշի մարզի ուսումնական հաստատությունների տնօրեններ եւ տեղակալներ, մեթոդմիավորումների նախագահներ եւ ուսուցիչներ:

 

Հանդիպման նպատակն էր քննարկել չափորոշիչների ներդրման փորձը, առարկայական նոր չափորոշիչներով եւ ծրագրերով աշխատելու առանձնահատկությունները, ինչպես նաեւ սովորողների կարողունակությունների զարգացմանը նպաստող ուսումնական միջավայրի եւ նյութատեխնիկական բազայի ապահովմանը վերաբերող մի շարք հարցեր:

Տավուշի մարզի ուսհաստատությունների տնօրենները ներկայացրել են նոր չափորոշչի փորձարկման նախնական փուլում իրենց մտավախությունները եւ գործընթացով պայմանավորված որոշ դժվարություններ։

Նրանց խոսքով՝ Կրթության զարգացման եւ նորարարությունների ազգային կենտրոնի իրականացրած վերապատրաստումները, մշտադիտարկումները, ուսումնական եւ մեթոդական աջակցությունն ու խորհրդատվությունը, ինչպես նաեւ իրենց գործադրած ջանքերն օգնել են հաղթահարել հիմնական խնդիրները: Այդ համատեքստում հատկապես կարեւորվել են ԿԶՆԱԿ-ի մշակած նյութերի եւ գործիքների կիրառությունն ու հասանելիությունը։

Թեղուտի միջնակարգ դպրոցի տնօրեն Արգամ Թամրազյանը խոսել է նախագծային աշխատանքների մասին՝ օրինակ բերելով դպրոցամերձ տարածքում գործող ջերմոցը: Նա նաեւ նշել է, որ դպրոցի սովորողներն ակտիվ միջառարկայական նախագծերի են մասնակցում, որոնցում արտացոլվում են համայնքի խնդիրները, դիտարկվում՝ օրինաչափությունները, կատարվում՝ հետազոտություններ  եւ համեմատություններ։

Նոյեմբերյանի ավագ դպրոցի տնօրեն Սուսաննա Բուդաղյանը ներկայացրել է ուսումնական պլանի կազմման գործնական հմտությունները, առարկայացանկի ձեւավորման եւ ժամաքանակների բաշխման սկզբունքները։ Լճկաձորի միջնակարգ դպրոցի տնօրեն Մխիթար Առաքելյանը եւ նույն դպրոցի ուսուցիչ Լուսինե Բեջանյանը նշել են, որ չափորոշիչների փորձարկման սկզբնական շրջանում գնահատման նոր մոդելը որոշ մտահոգությունների տեղիք է տվել, հատկապես՝ անբավարար գնահատականի բացակայության առումով, սակայն հետագայում համոզվել են, որ այն շատ կարեւոր եւ անհրաժեշտ դրական փոփոխություն է։ Սեւքարի միջնակարգ դպրոցի տնօրեն Նաիրա Թանանյանը ներկայացրել է ներդպրոցական վերահսկողության կարեւորությունը եւ դրա նշանակությունը չափորոշչի ներդրման գործընթացում։ ԿԶՆԱԿ-ի տնօրենի տեղակալ Ինգա Վարդանյանը խոսել է չափորոշիչների փորձարկման ընթացքում ի հայտ եկած  դժվարությունների, դրանց հաղթահարման եւ ծրագրերի լրամշակման մասին։ Անդրադարձ է եղել մեթոդական նյութերի ստեղծման եւ դպրոցներին ցուցաբերված  աջակցության աշխատանքներին։ Հանդիպման ավարտին ԿԶՆԱԿ-ի տնօրենի տեղակալը պատասխանել է ներկաներին հուզող մի շարք հարցերի։




Լրահոս