ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՔՊ-ԱԿԱՆՆԵՐԻ ՍՐՏՈՎ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ կոռուպցիոն վերջին սկանդալային բացահայտումներից հետո ՔՊ-ականները երես են թեքել իրենց թիմակցից՝ Արսեն Թորոսյանից, ում պաշտոնավարման օրոք էլ կորոնավիրուսի դեմ պայքարի քողի ներքո գումարներ են մսխվել պետբյուջեից:

Բանն այն է, որ իր նախկին տեղակալի՝ Գեւորգ Սիմոնյանի եւ նույն գործով  մյուս աղմկոտ ձերբակալություններից հետո Արսեն Թորոսյանը տարբեր պատրվակներով հանդիպումներ է փնտրել թիմակիցների հետ, զրուցել է նրանց հետ, որպեսզի նախ թիմակիցների տրամադրությունները ստուգի, հասկանա՝ ինչպես են  տրամադրված իր նկատմամբ, բացի դա, փորձել է նրանց սիրտը շահել, տարբեր արդարացումներ բերել, որպեսզի մեղադրանքների սլաքներն իր ուղղությամբ չգան:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, սակայն, թիմակիցներին սիրաշահելու Թորոսյանի այս  փորձերն ապարդյուն են անցել, ավելին՝ տեղեկացանք, որ ՔՊ-ականները շատ բացասական են տրամադրված Թորոսյանի նկատմամբ, միեւնույն  ժամանակ զգուշավոր են նրա հետ, քանի որ չեն կարողանում հասկանալ՝ ի վերջո, Փաշինյանը մինչեւ ուր է պատրաստ գնալ, արդյոք թույլ կտա, որ բանը հասնի այն կետին, որ  Թորոսյանին  պատգամավորական մանդատից, անձեռնմխելիությոնից զրկեն եւ կալանավորեն:

Տեղեկացանք, որ աղմկոտ ձերբակալություններին հաջորդող մի քանի օրերին Թորոսյանը շատ անտրամադիր է եղել, վախվորած, բայց, ըստ մեր աղբյուրների, վերջին մի քանի օրերին Թորոսյանի  տրամադրությունն ակնհայտ բարձր է: Թիմակիցները չեն կարողանում հասկանալ՝ որն է Թորոսյանի այդչափ բարձր տրամադրության պատճառը: ՔՊ-ում կարծում են, որ  Թորոսյանին, ի վերջո, հաջողվել է ինչ-որ շրջանակների համոզել, որ  ինքը  որեւէ մասնակցություն չի ունեցել այդ չարաշահումների մեջ,  վստահեցրել, որ կարող են իրեն էլ հարցաքննել եւ տեսնել, որ ինքը «մաքուր է»։

ՔՊ-ում ոչինչ չեն բացառում, քանի որ Փաշինյանն իր թիմակիցների հետ բաց  չի խոսում, մտերիմներ թիմում չունի, ուստի նրանից հասկանալի չէ՝ ինչ որոշում ունի  նա՝ Թորոսյանի հետ կապված:

ՔՊ-ականներն էլ, կարելի է ասել, լուռ հետեւողների դերում են, չեզոք հարաբերություններ են պահպանում Թորոսյանի հետ, մինչեւ տեսնեն՝ Նիկոլ Փաշինյանն ինչ որոշում կկայացնի։

Մի բան հստակ է. ՔՊ-ականների մեծ մասի սրտով է Արսեն Թորոսյանի  շուրջ  տեղի ունեցող իրադարձությունները, քանի որ թե՛ նախարար, թե՛ վարչապետի աշխատակազմի ղեկավար եղած ժամանակ Թորոսյանը չոր ու կոպիտ է եղել իր թիմակիցներից շատերի հետ, անգամ չի էլ ցանկացել հանդիպել նրանց՝ արգելափակելով նրանց հանդիպումները Փաշինյանի հետ:

 

 

 

 

«Ժողովուրդ»  օրաթերթի տեղեկություններով՝  ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղարի որդու պաշտպանները  դատարանի դահլիճում  եւ նախաքննական մարմնում, ԱԱԾ-ում բանավոր  կերպով հայտարարել են, որ կասկածներ  ունեն, որ  Իրավապահները  Գրիգորի Խաչատուրովի  հետեւից  են  ընկել նրա՝  2021  թվականի  հայտարարության պատճառով, որի  ժամանակ ՊՆ գեներալը  պահանջել է Նիկոլ  Փաշինյանի  հրաժարականը: Ասել  է թե՝  նախաքննական  մարմնում  եւ  դատարանի  դռնփակ  նիստում  այդ  հարցը  բարձրացվել է: Նշենք, որ Գրիգորի  Խաչատուրովը  մարտի  16-ին  կալանավորվեց եւ այժմ  գտնվում  է  Վարդաշենի  քրեակատարողական  հիմնարկում: Ըստ Գլխավոր դատախազության՝ նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելու (փողերի լվացում) համար։ Գրիգորի Խաչատուրովը չի ընդունում մեղադրանքը: Արդյունքում՝ փետրվարի 21-ին Հակակոռուպցիոն դատարանը մերժեց նրան կալանավորելու ԱԱԾ միջնորդությունը, որից հետո Գլխավոր դատախազությունը հակակառուպցիոն դատարանի որոշման դեմ բողոք է տարել ՀՀ վերաքննիչ դատարան, ինչը  դատավոր Մեսրոպ Մակյանը  բավարարել է: Նշենք, որ Գրիգորի Խաչատուրովի պաշտպանները պնդում են, որ դա կարված ուղղորդված քրեական  գործ է, որի  վաղեմության  ժամկետը 10 ամսից լրանում  է:

 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով  հրավիրված  ԳՇ նախկին  պետ Օնիկ  Գասպարյանին  ՔՊ-ականները որեւէ  քաղաքական հարց  չեն տվել, թե,  օրինակ, ինչու  նա պահանջեց Նիկոլ Փաշինյանի  հրաժարականը: Փոխարենը ՔՊ-ականները, բերանները  ջուր առած, 5 ժամ լսել են Օնիկ Գասպարյանի ելույթը, իսկ արդեն հարցուպատասխանի ռեժիմի ժամանակ տվել են  որոշ հարցեր՝ պատերազմի  հետ  կապված, թե ում  մեղքն  էր, որ պարտվեցինք այս կամ  այն տարածքում եւ այլն: Մեր հավաստի  աղբյուրների փոխանցմամբ՝ Օնիկ Գասպարյանին հարց է տրվել Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին. «Մենք պատերազմը պարտվել ենք այն պատճառով, որովհետեւ մեր բանակում գործել է հինգերորդ շարասյուն: Սա իմ համոզմունքն է մի շարք փաստերի վերլուծության արդյունքում»: Այսինքն՝ խոսքը  դրսի  դրդամբ ներքին խարդավանքների մասին է: ՔՊ-ականները ցանկալի պատասխան չեն լսել: Հավելենք, որ հաջորդը ԱԺ հանձնաժողով կգա ԳՇ նախկին պետ, մեղադրյալի  աթոռին  հայտնված Արտակ Դավթյանը:

 

 

 

Վերջին տարիներին Հայաստանում նկատվել է անչափահասների կողմից կատարված հանցագործությունների դեպքերի նվազում։ Համաձայն ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի տվյալների՝ 2022-ին անչափահասների կողմից արձանագրվել է հանցագործությունների կատարման 105 դեպք, նախորդ տարի՝ 147 դեպք, իսկ այս տարվա 2 ամիսներին՝ 10 դեպք։ Ոստիկանությունից հայտնում են, որ անչափահասների հանցագործությունը կանխարգելելու համար կատարում են հատուկ եւ կանխարգելիչ միջոցառումներ։




Լրահոս