Ադրբեջանի նախագահի վերջին ելույթում հնչած սպառնալից հայտարարությունների եւ դրանց հնարավոր հետեւանքների մասին «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ադրբեջանագետ, պատմական գիտությունների թեկնածու Տաթեւիկ Հայրապետյանի հետ:
-Տիկի՛ն Հայրապետյան, չնայած Հայաստանի իշխանությունների կողմից հնչեցվող միակողմանի խաղաղասիրական հայտարարություններին՝ Ադրբեջանի նախագահ Ալիեւն իր վերջին ելույթում հերթական սպառնալիքն է հնչեցրել Հայաստանի ու Արցախի հասցեին՝ հայտարարելով, թե եթե Հայաստանն ուզում է խաղաղ ապրել 29 000 քառակուսի կիլոմետրի վրա, պետք է Արցախը պաշտոնապես ճանաչի Ադրբեջանի կազմում։ Ինչպե՞ս կմեկնաբանեք սա:
-Ադրբեջանի նախագահը հերթական հոգեբանական ու տեղեկատվական ծուղակն է ստեղծում՝ փորձելով այն միտքը սերմանել Հայաստանում ու Հայաստանի ներքաղաքական դիսկուրսում, որ եթե հրաժարվենք Արցախից, ապա խաղաղ կապրենք, մինչդեռ փաստերը լրիվ հակառակն են ասում: Այս օրինակը շատ եմ բերել. եթե հայ զինվորն այն ժամանակ կանգնած էր Ջրականում, ապա հիմա հակառակորդի թիրախի տակ է Ջերմուկը: Ոորքան Ադրբեջանին զիջում ես, այնքան էլ խոցելի ես դարձնում Հայաստանի Հանրապետությունը: Եթե այսօր Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով մեր երկիրը կոչում է Արեւմտյան Ադրբեջան եւ տարածքային նոր հավակնություններով է հանդես գալիս, կարծում եմ՝ սա ավելի խոսուն փաստ է, որ Ադրբեջանի ղեկավարությունը լրիվ այլ ծրագրեր ունի, ու այդ ծրագիրը Հայաստանն ամբողջությամբ վերացնելն է, իսկ Արցախից հրաժարումը միայն կարող է արագացնել այդ ծրագրի իրագործումը:
-«Եթե Հայաստանը չի ճանաչում մեր տարածքային ամբողջականությունը, ապա մենք չենք ճանաչի նրանց տարածքային ամբողջականությունը: Հայաստանը եւ դրա հետեւում կանգնած կեղծավոր երկրները պետք է իմանան, թե ինչ արդյունք կտա». սա եւս մեջբերում է Ալիեւի այդ ելույթից: Ըստ Ձեզ՝ «կեղծավոր» երկիր ասելով՝ ո՞ւմ է նկատի ունեցել Ալիեւը:
-Դժվար է կոնկրետ ասել՝ որ երկրին է նկատի ունեցել. եթե հետեւենք Ալիեւի քարոզչադաշտի միտումներին, ապա հիմնականում թիրախավորված են Ռուսաստանը, Իրանը, Հնդկաստանը, Ֆրանսիան: Այս քառյակն է համարվում Հայաստանի դաշնակից երկրներ, որոնք օժանդակում են Հայաստանին. հավանաբար, հենց այս երկրներին էլ նկատի ունի Ալիեւը: Ադրբեջանը վերջին շրջանում հաճախ է թիրախավորում նաեւ հայկական Սփյռուքը:
-Վերջերս Փաշինյանն իր ասուլիսում, ինչպես նաեւ կառավարության նիստի ժամանակ ոչ հուսադրող հայտարարություններ արեց Արցախի վերաբերյալ: Հստակ ասաց, որ բանակցությունները փակուղում են, ասաց, որ Ադրբեջանն Արցախում նոր ցեղասպանություն իրականացնելու մանդատ է ուզում: Ի՞նչ կասեք այս մասին:
-Փաշինյանը որեւէ նորություն չի ասել, նրա ասածը պարզ ճշմարտություն էր, որը հայտնի է 2020թ-ի նոյեմբերի 9-ից ի վեր: Ես չեմ հասկանում՝ ինչու էր պետք ավելի քան 2 տարի այդ ակնհայտ ճշմարտությունը հասկանալու համար: Դա արտացոլված էր Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ելույթներում եւ գործողություններում: Բոլոր փաստերը հենց դրա մասին էին խոսում, որ Ադրբեջանը փորձում է փակուղի մտցնել գործընթացը եւ փորձում է ռազմական ճանապարհով իր կամքը թելադրել. ընդամենը պետք էր դրան համարժեք գործել եւ այսքան անիմաստ ժամանակ չվատնել՝ մարդկանց համոզելով, թե շուտով խաղաղություն կլինի:
-Առհասարակ, Ձեր գնահատմամբ՝ հայ-ադրբեջանական բանակցություններն ի՞նչ փուլում են այս պահին, իսկապես փակուղո՞ւմ են դրանք, թե՞, ամեն դեպքում, հնարավոր է կողմերն առաջիկայում համաձայնության գան:
-Կողմերն ինչպե՞ս կարող են համաձայնության գալ. համաձայնության համար պետք են դերակատարներ, որոնք ազդեցություն կունենան Ադրբեջանի վրա: Այսօր Ադրբեջանն անկառավարելի է, փորձում է իրեն դուրս դնել միջազգային իրավակարգից: Այն միջնորդ կողմը, որը կկարողանա ճնշումներ գործադրել ու ստիպել Ալիեւին հետ կանգնելու հայատյաց քաղաքականությունից, նա էլ կարող է հանդես գալ որպես հնարավոր խաղաղության երաշխավոր, բայց քանի դեռ չկա երաշխավոր կողմ, իրական խաղաղության մասին խոսելն ընդամենը պատրանք է կամ պարզապես ցանկություն, բայց իրականության հետ որեւէ աղերս չունի: Պետք է դրվանագիտական, քաղաքական, ռազմական ու մյուս բոլոր առումներով պատրաստ լինել ադրբեջանական ագրեսիան դիմակայելու եւ ոչ թե ձեռքները ծալած նստել ու ասել՝ գիտեք, Ադրբեջանը հարձակման է նախապատրաստվում: Նա դեռեւս տասնամյակներ առաջ է պատրաստվել. ընդամենը պետք էր պատրաստվել դրան դիմակայեյու համար:
Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԵ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ
ԻՐԱՎԻՃԱԿԸ ՄՏԱՀՈԳԻՉ Է
ArmLur.am-ի զրուցակիցն է Իսպանիայի Կոնգրեսի պատգամավոր Ջոն Ինյարիտուն։
-Պարո՛ն Ինյարիտու, ի՞նչ եք Դուք մտածում Բերձորի միջանցքի՝ արդեն 100 օր փակ մնալուց հետո ստեղծված իրավիճակի մասին։
-100 օր բլոկադայից հետո իրավիճակը շարունակում է մնալ անկայուն։ Բոլորս տեսնում ենք, որ Ադրբեջանն անտեսում է Միջազգային դատարանի որոշումը՝ բացելու միջանցքը, եւ դեռ շարունակում է կատարել իր սադրանքներն ու սպառնալիքները։
-Այս իրավիճակում պատկերացնո՞ւմ եք, որ Հայաստանը կարող է խաղաղության պայմանագիր ստորագրել Ադրբեջանի հետ։
-Արցախում հայ ժողովրդի համար խաղաղության պայմանագիրը եւ արդար ու մշտական լուծումն իհարկե ցանկալի կլիներ, բայց, ցավոք, տեսնելով բռնակալ Ալիեւի եւ նրա բռնապետության գործողություններն ու ուղերձները՝ այն այնքան էլ իրատեսական չի թվում։
-Այս 100 օրերի ընթացքում պատշաճ արձագանք չենք ստանում միջազգային հանրության կողմից։ Ըստ Ձեզ՝ ո՞րն է պատճառը։
-Կարծում եմ, որ միջազգային հանրության մեծամասնության ուշադրության կենտրոնում է միայն Ուկրաինան, իսկ մյուս կողմից էլ այլ պետություններ այս բուռն ժամանակներում Ադրբեջանի հետ գազի առեւտուր են անում։ Իրավիճակը գնալով ավելի մտահոգիչ է դառնում։
Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ
Ի՞ՆՉ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ԿԳՆԱ
«Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների մասին որոշում այս պահին չունենք, նման հարց չենք քննարկել»,- ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը:
«Այս պահին քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարը Լեւոն Հովհաննիսյանն է: Օրենսդրությամբ քաղաքապետի բացակայության ժամանակ պաշտոնակատար դառնում է առաջին տեղակալը:
Նա կլինի քաղաքապետի ԺՊ մինչեւ հերթական ընտրություններ. մենք նոր քաղաքապետ չենք ընտրի, քանի որ հերթական ընտրություններին ամիսներ են մնացել»,-ասաց Արմեն Գալջյանը:
Հիշեցնենք, որ Հրաչյա Սարգյանը հրաժարական էր տվել մարտի 17-ին:
Նշենք, որ Երեւանի ավագանու հերթական ընտրություններ սպասվում են աշնանը: Դրանք, ըստ ամենայնի, կանցկացվեն սեպտեմբերին: «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի համաձայն` Երեւանի ավագանին ընտրվում է 5 տարի ժամկետով: Ավագանու նախորդ ընտրությունները կայացել էին 2018թ-ի սեպտեմբերին, որի ժամանակ Հայկ Մարությանն ընտրվեց քաղաքապետ: Ըստ ՀՀ ընտրական օրենսգրքի՝ Երեւանի ավագանու հերթական ընտրությունն անցկացվում է ավագանու լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան 30, եւ ոչ ուշ, քան 20 օր առաջ, այսինքն՝ այս սեպտեմբերին արդեն ավարտվում են գործող ավագանու լիազորությունները: Ավագանու հերթական ընտրության օր նշանակվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆ
ՖՐԱԿՑԻԱՅԻ ԴԵ ՖԱԿՏՈ ՂԵԿԱՎԱՐԸ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հատկապես վերջին շրջանում ՔՊ խմբակցությունը դե ֆակտո ղեկավարում է Արթուր Հովհաննիսյանը, իսկ Հայկ Կոնջորյանն ընդամենը ֆրակցիայի դե յուրե ղեկավարան է: Կոնջորյանին շատ ՔՊ-ականներ անգամ չեն բարեւում: Եվ այդ առիթից օգտվելով՝ Հովհաննիսյանը կարողացել է այս ընթացքում ՔՊ-ականներին իր ազդեցությունը թելադրել՝ Կառավարության «փոստատար» իր կարգավիճակով: Բանն այն է, որ իշխանական պատգամավորներն իրենց քայլերը քննարկում են Հովհաննիսյանի հետ, քանի որ նա է կառավարության աշխատակազմի եւ ԱԺ-ի կապը դարձել: Հովհաննիսյանն անգամ հավակնում է ֆրակցիայի ղեկավարի պաշտոնին՝ օգտվելով ստեղծված իրավիճակից:
Կստացվի, թե ոչ՝ ժամանակը ցույց կտա, բայց այն, որ Արթուր Հովհաննիսյանն այս ուղղությամբ ջանքեր է գործադրում, փաստ է:
Հիշեցնենք, որ «ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Արթուր Հովհաննիսյանը նախկինում թմրանյութերի ապօրինի շրջանառության համար բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանություն:
ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱՆԵՐ
Մարտի 15-ին Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը նշանակվել էր Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի պաշտոնակատար, թեեւ բուհի հոգաբարձուների խորհուրդը դեկտեմբերի 9-ի տեղի ունեցած ընտրություններում նրան չէր ընտրել:
Ընտրությանը մասնակցում էր 2 թեկնածու` Կարինե Հարությունյանը եւ Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը:
Բուհի հոգաբարձուների խորհուրդը Կարինե Հարությունյանին վերընտրել էր ռեկտորի պաշտոնում՝ ձայների 12 -8 հարաբերակցությամբ։
Դավիթ Գյուրջինյանի նշանակումը միանշանակ չեն ընդունել: Նրանցից շատերը դասադուլ էին անում:
ArmLur.am-ի հետ զրույցում Բրյուսովի անվան համալսարանի պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանը պատմեց, որ, արդարադատության նախարարի որոշմամբ, դեռեւս մարտի 9-ին բուհի ժամանակավոր խորհուրդ էր ձեւավորվել, որն էլ, առանց համալսարանաին տեղեկացնելու, մարտի 14-ին նիստ է արել, որի ժամանակ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին ընտրել է խորհրդի նախագահ, իսկ Դավիթ Գյուրջինյանին՝ Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի պաշտոնակատար:
«Այս իշխանությունները թքած ունեն ցանկացած օրենքի կամ որոշման վրա, պատաստ են դրանց վրայով անցնել իրենց ուզածին հասնելու համար: Բուհում չի իրականացվել այդ նիստը, ենթադրում եմ՝ սրճարանում կամ էլ Ժաննա Անդրեասյանի տանն է այն անցկացվել: Ինձ մարտի 15-ին նախարարությունից գրությամբ են տեղեկացրել այդ մասին»,- ասաց Ցոլակ Ակոպյանը:
Վերջինս նաեւ պատմեց, որ ուսանողները վերջերս հանդիպել են ռեկտորի նորանշանակ պաշտոնակատարի հետ: