ՍԻՍԻԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԽԱՅՏԱՌԱԿ ՑՈՒՑԱԿՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի  տեղեկությունների համաձայն՝ Սիսիանում  քաղաքապետի  ընտրությունների  կազմակերպումը   խայտառակ  գործընթացով է ուղեկցվում:

 

34 ընտրատարածքային ընտրական նոր հանձնաժողովը ընտրակարգում է Գորիսի եւ Սիսիանի  տարածաշրջանները:

2023թ. մարտի 26-ին տեղի են ունենալու  Սիսիան  խոշորացված համայնքի  համամասնական ընտրակարգով (ավագանու) ընտրություններ:

Սիսիանի տարածաշրջանը  բաղկացած է 41 տեղամասային ընտրական հանձնաժողովից: Յուրաքանչյուր հանձնաժողով բաղկացած է 8 անդամներից: Հանձնաժողովի 6 անդամներին նշանակում են Ազգային Ժողովի 3 խմբակցությունները, իսկ 2 անդամին նշանակում են թիվ 34 տարածքային հանձնաժողովի անդամները:

Տեղի է ունեցել խայտառակություն.

ԸԸՀ գորիսյան անդամների կողմից  տեղամասային հանձնաժողովներում անդամներ են նշանակվել հիմնականում Գորիս համայնքում բնակվող իրենց ընտանիքների ներկայացուցիչներից, հարազատներից եւ ընկերներից: Երեւույթը մեծ դժգոհություն եւ աղմուկ է բարձրացրել Սիսիան համայնքի՝ լիցենզիա ունեցող մի քանի տասնյակ քաղաքացիների մոտ, որոնք որոշել են չմասնակցել ընտրություններին  եւ բոյկոտել են:

ԸԸՀ-ի անդամ, Գորիս քաղաքի բնակիչ Մարինե Բակունցը  տեղամասային հանձնաժողովներում անդամներ է նշանակել Գորիս համայքում բնակվող իր երկու  տղաներին ՝ Արմեն եւ Արտակ Մկրտչյաններին, աղջկան՝ Անի Մկրտչյանին, քրոջը՝ Կարինե Բակունցին, իր եւ իր ամուսնու բարեկամներ Կորյուն եւ Կարեն Դաջունցներին, Արամ եւ Դավիթ Բաբայաններին, Նարեկ Տոռոզյանին, Դոնարա Դիլանյանին եւ այլոց…

Հանձնաժողովի նախագահ Արմեն Ստեփանյանն անդամներ է նշանակել Գորիսում բնակվող իր տղաներ Էրիկ եւ Գարիկ Ստեփանյաններին, իր կնոջը եւ մի քանի բարեկամների (ցանկության դեպքում ամբողջական ցանկը անձամբ կարող է ճշտել պարոն Վահագն Հովհաննիսյանը)։

Հանձնաժողովի Գորիս համայնքի բնակիչ Անի Հայրապետյանը անդամներ է նշանակել Գորիս քաղաքում բնակվող իր հորը՝ Խաչատուր Հայրապետյանին, բարեկամներ Քրիստինե եւ Լիլյա Մաթեւոսյաններին, Կարինե Մարտիրոսյանին, Անուշ Ծատրյանին   եւ այլ «խիստ կարիքավոր» բարեկամների, նույն ձեռագիրն են կիրառել նաեւ ՏԸՀ-ի մյուս անդամները:

Փաստորեն, լիցենզիա ունեցող, բայց ծանոթներ չունեցող լիցենզավորված մասնագետները մնացել են պրոցեսից դուրս, ասել է թե՝ Սիսիան համայնքի ընտրություններում հանձնաժողովներում անդամներ են նշանակվել 50-ից ավելի Գորիս համայնքի բնակիչներ: Ահա ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի կազմակերպած առաջին ընտրությունը. ծանոթով հանձնաժողովականներ:

 

 

 

ՀԱՆԴԻՊՈՒՄ

«Աչալրջորեն հետեւում եմ դատաիրավական համակարգում ընթացող բարեփոխումներին, որոնց կարեւորությունը դժվար է գերագնահատել»,- երեկ՝ մարտի 20-ին, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը:

Իր խոսքում Վահագն Խաչատուրյանը նշել է. «Կարծում եմ՝ մեր պետության մեջ իրականացվող բարեփոխումների հաջողությունը պայմանավորված է լինելու նաեւ, թե ինչպիսին են այդ բարեփոխումները լինելու դատական համակարգում: Ամենաշատ սպասելիքները հենց այդ համակարգից են, եւ ես հույս ունեմ, որ Ձեր գլխավորությամբ Բարձրագույն դատական խորհուրդն իսկապես հաջողությունների կհասնի, եւ մենք՝ որպես քաղաքացիներ, վստահ կլինենք, որ իշխանության թեւերից մեկը՝ դատական իշխանությունը, Հայաստանի Հանրապետությունում իսկապես արդարադատություն կիրականացնի»:

Կարեն Անդրեասյանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է.

«Պարո՛ն նախագահ, նախ շատ շնորհակալ եմ այս հնարավորության համար՝ հանդիպման համար: Նաեւ ուզում էի ասել, որ լրանում է իմ պաշտոնավարման առաջին կիսամյակը, եւ մեր այսօրվա հանդիպման ժամանակ Ձեզ որոշ մանրամասներ կներկայացնեմ, թե ինչ հաջողվեց անել այս առաջին կիսամյակում»:

Հանդիպման ընթացքում ԲԴԽ նախագահն անդրադարձել է դատաիրավական համակարգում ընթացող բարեփոխումներին եւ վերջիններիս առնչությամբ Հանրապետության նախագահին է ներկայացրել մի շարք մանրամասներ, ինչպես նաեւ ԲԴԽ կողմից իրականացվող համալիր ծրագրերն ու արվող քայլերը:

 

 

 

ԵՐԿԿՈՂՄ ՔՆՆԱՐԿՈՒՄ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Բելառուսի Հանրապետության փոխվարչապետ Պյոտր Պարխոմչիկի գլխավորած պատվիրակությանը եւ քննարկել երկու երկրների միջեւ առկա համագործակցությանն առնչվող հարցեր:

Երկուստեք կարեւորվել է համագործակցությունը գյուղատնտեսության, մեքենաշինության եւ արդյունաբերության այլ ոլորտներում, ինչպես նաեւ առկա ներուժի լիարժեք իրացումը համատեղ կոոպերացիոն նախագծերի շրջանակներում:

Մտքեր են փոխանակել նաեւ երկկողմ եւ ԵԱՏՄ բազմակողմ օրակարգի շրջանակներում փոխշահավետ համագործակցության հնարավոր նոր ուղղությունների շուրջ:

 

 

 

ՄԵԴՎԵԴԵՎԸ ՍՊԱՌՆԱՑԵԼ Է

Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւը կարծում է, որ Հաագայում Միջազգային քրեական դատարանի շենքին ռուսական հիպերձայնային հրթիռի դիպուկ հարվածի դեպքում ՆԱՏՕ-ն պատերազմ չի սկսի։ Այս մասին քաղաքական գործիչը գրել է երկուշաբթի օրը սոցիալական ցանցի իր ալիքում՝ մեկնաբանելով Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին կալանավորելու ՄՔԴ որոշումը։

«Ավա՜ղ, պարոնայք, բոլորը քայլում են Աստծո եւ հրթիռների տակ: Միանգամայն հնարավոր է պատկերացնել Հյուսիսային ծովից եկող հիպերձայնային «Օնիքս»-ի նպատակային օգտագործումը ռուսական նավից Հաագայի դատարանի շենքում: Այն չի կարող խոցվել, ավաղ: Եվ դատարանը միայն՝ թշվառ միջազգային կազմակերպություն, ոչ թե ՆԱՏՕ-ի երկրների բնակչությունը: Հետեւաբար, նրանք պատերազմ չեն սկսի, նրանք կվախենան: Եվ ոչ ոք դրա համար չի զղջա»,- գրել է Մեդվեդեւը՝ դատավորներին կոչ անելով «ուշադիր նայել երկինք»:

ՄՔԴ որոշումը կհանգեցնի հրեշավոր հետեւանքների միջազգային իրավունքի համար. համոզված է ԱԽ փոխնախագահը։

«Մենք որոշեցինք դատել միջուկային տերության նախագահին «…», որը չի մասնակցում ՄՔԴ-ին նույն հիմքերով, ինչ Միացյալ Նահանգները եւ այլ երկրներ: Ակնհայտ է, որ ստացվել է ամենախիստ ներածականը»,- գրել է քաղաքական գործիչը։

«Հասկանալի է, որ գործնական արժեք չկա, բայց շնորհակալություն հիշելու համար»,- ասել է Մեդվեդեւը։ Նրա կարծիքով՝ միջազգային իրավունքի համար հետեւանքները հրեշավոր կլինեն, քանի որ դա հիմքերի, իրավունքի սկզբունքների, այդ թվում՝ պատասխանատվության անխուսափելիության պոստուլատների փլուզումն է։ Մեդվեդեւը կարծում է, որ այժմ ոչ ոք չի գնա որեւէ միջազգային ատյան, բոլորը կբանակցեն միմյանց միջեւ։ «ՄԱԿ-ի եւ այլ կառույցների բոլոր հիմար որոշումները կփլուզվեն: Միջազգային հարաբերությունների ողջ համակարգի մռայլ անկում է սպասվում: Վստահությունը սպառվել է»,- ասել է Մեդվեդեւը:

 

 

 

ԿԳՈՐԾՈՒՂՎԻ

Վարչապետի որոշմամբ՝ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մարտի 22-24 կգործուղվի Սանկտ Պետերբուրգ:

Նախարարի հետ ՌԴ կմեկնի նաեւ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Քնար Ղոնյանը:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Անահիտ Ավանեսյանը եւ Քնար Ղոնյանը ՌԴ-ում կմասնակցեն «Առողջ հասարակություն» համաժողովին:

Գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության  պետբյուջեի հաշվին:

 

 




Լրահոս