2023թ. մարտի 13-ին՝ ժամը 22։00-ի սահմաններում, Երեւան քաղաքի Ադոնցի փողոցում ապօրինի թմրանյութ պահելու եւ իրացնելու կասկածանքով BMW մակնիշի ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել եւ Ոստիկանություն է տեղափոխվել Երեւան քաղաքի 24-ամյա բնակիչ։
Վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է թվով 4 կպչուն ժապավեններով փաթեթավորված դեղնականաչավուն զանգված՝ ընդհանուր 4 գրամ քաշով, ինչպես նաեւ սպիտակ գույնի բյուրեղանման զանգված՝ ընդհանուր 0.17 գրամ քաշով։
Վերոգրյալի հիման վրա մարտի 14-ին ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասի եւ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ:
Հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով՝ երիտասարդը ձերբակալվել է։
Անձնական խւոզարկությամբ հայտնաբերված զանգվածների վերաբերյալ նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն, որով պարզվել է, որ փաթեթներից մեկում առկա սպիտակ գույնի բյուրեղանման զանգվածը հանդիսանում է Մեթամֆետամին տեսակի թմրամիջոց:
Քննությամբ տվյալներ են ստացվել այն մասին, որ 24-ամյա երիտասարդը, չունենալով թմրամիջոցներ, հոգեմետ նյութեր պատրաստելու, վերամշակելու, ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, առաքելու կամ դրանք իրացնելու թույլտվություն, իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել եւ իր մոտ ապօրինի պահել վերոնշյալ թմրամիջոցը։
Առկա են նախնական տվյալներ այն մասին, որ վերջինս օգտվել է «Տելեգրամ» հավելվածի՝ թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի առցանց վաճառքի հայտնի հարթակներից՝ օգտագործելով կրիպտոարժույթ, ինչպես նաեւ առերեւույթ մասնակցություն է ունեցել Երեւան քաղաքի համապատասխան վայրերում փաթեթավորված թմրանյութեր տեղադրելու գործընթացում։
Դեպքի վայրի զննությամբ երտասարդի կողմից մատնանշած հասցեի մոտ հայտնաբերվել է 1 ստվարաթղթե փաթեթ՝ լցոնված դեղնականաչավուն զանգվածով, իսկ BMW մակնիշի ավտոմեքենայում կատարված խուզարկությամբ ավտոմեքենայի սրահում թղթե փոքր արկղի միջից հայտնաբերվել է թվով 20 հատ, ընդհանուր մոտ 17,09 գրամ քաշով փայլաթիթեղով եւ գունավոր լենտերով փաթեթավորված փաթեթներ, իսկ բեռնախցիկից հայտնաբերվել է մեկ հատ փայտից պատրաստված գլանակ, որի մի ծայրին առկա է ապակյա խողովակ:
Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա՝ միջնորդություն է ներկայացվել վարույթով հսկող դատախազին 24-ամյա երիտասարդի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է, եւ վերջինիս ներկայացվել է մեղադրանք։
Վարույթն իրականացնող քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց՝ 2 ամիս ժամկետով կալանավորումն ընտրելու վերաբերյալ, որը եւս բավարարվել է, եւ անձը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։
Նախաքննությունը շարունակվում է։ Հայտնաբերված փաթեթներում առկա Մարիխուանա եւ Մեթանֆետամին տեսակի թմրանյութերի նմանվող պարունակության առնչությամբ նշանակվել են փորձաքննություններ։ Ձեռնարկվում են ծավալուն քննչական եւ վարութային գործողություններ, ինչպես նաեւ ոստիկանության կողմից օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ թմրամիջոցի ապօրինի ձեռքբերման աղբյուրը, շրջանառության ամբողջական շղթան, դրանում ներգրավված անձանց շրջանակը բացահայտելու ուղղությամբ։
Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ ԵՆ ՏԱՐԲԵՐ ՏԵՍԱԿԻ ՌԱԶՄԱՄԹԵՐՔ
2023 թվականի մարտի 13-ից 20-ն ընկած ժամանակահատվածում ԱԻ պետական ծառայության կենտրոնական ու շրջանային բաժինների 911 ահազանգման կենտրոններում գրանցվել է 947 զանգ, որից 10-ը՝ տեխնածին, 26-ը կենցաղային բնույթի կանչեր են:
Մյուս բոլոր զանգերը ճանաչողական բնույթի են: Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանաման օպերատիվ խմբերի փրկարարները շաբաթվա ընթացքում արձագանքել են բոլոր կանչերին՝ կատարելով փակված 10 դռան եւ 7 վերելակի բացում: Փրկարարների օգնությամբ 3 քաղաքացի տեղափոխվել է բուժհաստատություն: Ճանապարհատրանսպորտային պատահար բնութագրմամբ մարտի 18-ին Ասկերան քաղաքում մեկ դեպք է գրանցվել. Շահումյան փողոցում իրար են բախվել Ասկերան քաղաքի բնակիչների վարած ավտոմեքենաները։
ՃՏՊ-ի հետեւանքով մեկ քաղաքացի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բուժհաստատություն։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները։
Յոթ օրվա ընթացքում ծառայության հրշեջ փրկարարները կատարել են 17 ելք, իրականացրել հրդեհաշիջման եւ համապատասխան կանխարգելիչ գործողություններ:
ԱԻ ծառայությունը կոչ է անում բնակչությանը, հատկապես՝ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները, ուշադիր լինել շրջակա միջավայրի, կանաչ տարածքների նկատմամբ, զերծ մնալ հրդեհների բռնկմանը նպաստող գործողություններից։
Փրկարար ուժերի վարչության սակրավորական խմբերը, «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամի եւ The Halo Trust ականազերծող կազմակերպության հետ շարունակում են իրականացնել չպայթած եւ կյանքի համար վտանգ ներկայացնող զենք-զինամթերքի հայտնաբերման եւ ոչնչացման աշխատանքները:
Մարտի 13-ից 20-ն ընկած ժամանակահատվածում հետախուզական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է շուրջ 301 միավոր տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերք:
Բնակչության կանչերի արձագանքմանը զուգահեռ, շարունակվում են ԱԻ պետական ծառայողների մասնագիտական հմտությունների կատարելագործմանն ուղղված միջոցառումները, որոնք ամենօրյա դասընթացների տեսքով իրականացվում են ԱԻՊԾ տնօրենի հրամանով` տարվա պլանային միջոցառումների համաձայն։
Ներքին անվտանգության պատշաճ ապահովման, բնակչությանը օգնելու եւ սպասվող վտանգները կանխելու նպատակով ՆԳ նախարարության բոլոր ծառայություններն ու ստորաբաժանումները աշխատում են շուրջօրյա համակարգված ռեժիմով:
ՀԱՐՎԱԾԵԼ Է ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Սինամ Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով «Գավառի Ս. Քոչարյանի անվան թիվ 1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի 4-րդ դասարանի դասղեկը, նույն դպրոցի 2-րդ հարկում գտնվող դասասենյակում ձեռքերով մեկից ավելի անգամ հարվածներ է հասցրել իրենից կախվածության մեջ գտնվող նույն դպրոցի 4-րդ դասարանի անչափահաս աշակերտներ Նարեկ Գրիգորյանի դեմքին եւ Սարգիս Աբրահամյանի դեմքին, ինչի հետեւանքով վերջիններիս պատճառվել է ֆիզիկական ցավ։
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԿԱ ԱՐԳԵԼԱՓԱԿՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻ
Մարտի 19-ին՝ ժամը 19։05-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երեւանի Հյուսիս-Հարավ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա արգելափակված քաղաքացի: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ եւ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Պարզվել է, որ Հյուսիս-Հարավ ավտոճանապարհին՝ «Մաքս օիլ» բենզալցակայանի մոտակայքում, Opel Astra G մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ե., ծնված 1990 թ.) շրջվել է. կա տուժած։ Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Ա. Ե.-ն ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով, տեղում ստացել առաջին բուժօգնություն, այնուհետեւ՝ հոսպիտալացվել «Արմենիա» ՀԲԿ։ Փրկարարներն ուղղել են ավտոմեքենան, դուրս բերել երթեւեկելի հատվածից, հոսանքազրկել, փակել գազի բալոնի փականը եւ սահմանազատել տարածքը։
ՎԵՐՋ Է ՏՎԵԼ ԿՅԱՆՔԻՆ
ArmLur.am-ի տեղեկություններով` երեկ կյանքին վերջ տված կինն աշխատում էր Էջմիածնի քաղաքապետարանի կոմունալ բաժնում` որպես մաքրուհի, եւ գիշերներն իր գործընկերների հետ մաքրում էր Էջմիածին քաղաքի փողոցներն ու բակային հատվածները։ Ամուսնացած էր, ու ամուսինը կասկածներ է ունեցել կնոջ մասով, հետապնդել է նրան ու բացահայտում արել: Ամուսինը նրանից պահանջել է, որ հեռախոսը փոխանցի իրեն, սակայն կինը հեռախոսը խփել է գետնին եւ կոտրել։ Դրանից հետո ամուսինը նրան հայտնել է, որ տանից իր ունեցած-չունեցած իրերը վերցնի ու լքի տունը։ Երեկ` մինչեւ կախվելը, նա մոտակա խանութներից մեկից դանակ է գնել, փորձել դաստակի երակները կտրելով վերջ տալ կյանքին, սակայն հետո պարան է գնել եւ կախվել։ Նա ուներ երկու երեխա: Նշենք, որ Shamshyan.com-ը գրել էր, որ մարտի 20-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 08։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Վաղարշապատի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Էջմիածին քաղաքի Վազգեն 1-ին փողոցում գտնվող չգործող հյուրանոցային համալիրում դի կա: Ոստիկաններն ու քննիչները չգործող հյուրանոցի առաջին հարկում` առաստաղից պարանով կախված վիճակում հայտնաբերել են երիտասարդ կնոջ դի:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ