Թշնամին ավելի ինտենսիվ է դարձրել կրակոցները. ահազանգ միջազգային կառույցներին. Թագուհի Թովմասյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թշնամին ավելի ինտենսիվ է դարձրել կրակոցները՝ ՀՀ սահմանին մահացու վիրավորելով հայ զինվորի, կրակ բացելով Արցախի խաղաղ բնակիչների վրա և կրկին արգելափակելով գազամատակարարումը դեպի Արցախ. ԱՀԱԶԱՆԳ միջազգային գործընկերներիս։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը:

-Մարտի 22-ին, Երասխի հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային մահացու վիրավորում է ստացել զինծառայող Արշակ Սերյոժայի Սարգսյանը:

-Նույն օրը Արցախի Ճարտար քաղաքի բնակիչներ Հ. Հարությունյանը, Ա. Ղահրամանյանը, Մ.Ջիվանյանը, Գ.Ղուկասյանը, Կ.Դավթյանը, Ա.Ադամյանը և Դ.Դավթյանը, Ճարտարի վարչական տարածքում գտնվող «Կլազին ձոր» կոչվող տեղամասում գտնվող խաղողայգիներում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս, հայտնվել են ադրբեջանական զինուժի կողմից արձակված կրակի թիրախում:

Խաղողայգիներին հարակից ադրբեջանական մարտական դիրքերից, քաղաքացիական անձանց ուղղությամբ հրաձգային տարբեր զինատեսակներով անկանոն կրակ է բացվել, ինչի հետևանքով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները:

-Ադրբեջանը միաժամանակ կրկին արգելափակել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակը։

-Այսպիսով Ադրբեջանը խախտում է թե նոյեմբերի 9-ի հայտարարության պայմանավորվածությունները, թե միջազգային իրավունքի մի շարք սկզբունքներ ու նորմեր։

-Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային բոլոր գործընկերներիս՝ ահազանգելով Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի կոպտագույն խախտումների մասին, խնդրելով ձեռնարկել բոլոր հնարավոր կանխարգելիչ միջոցները՝ զսպելու Ադրբեջանի հանցավոր գործողությունները։




Լրահոս