Հարյուր հազարավոր ֆրանսիացիներ այսօր գործադուլ են հայտարարել այն բանից հետո, երբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնեց, որ նախատեսում է մինչև տարվա վերջ իրականացնել կենսաթոշակային բարեփոխումների ծրագիրը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով France 24 պարբերականին:
Կենսաթոշակային տարիքը 62-ից 64 դարձնելու դեմ ցույցեր են անցկացվում հունվարից: Արհմիությունները հայտարարել են, որ մարտի 23-ի ցույցին մեծ թվով մարդիկ կմիանան:
«Լավագույն պատասխանը, որ կարող ենք տալ նախագահին, կլինի այն, որ գործադուլին և փողոցում ցույցերին միանան միլիոնավոր մարդիկ», – մեջբերում է France 24-ը CGT արհմիության ղեկավար Ֆիլիպ Մարտինեսի խոսքերը:
Ըստ լրատվամիջոցի՝ այսօրվա գործադուլի հետևանքով լրջորեն կխաթարվի երկաթուղային հաղորդակցությունը, օդանավակայանների աշխատանքը: Գործադուլին են միանալու նաև ուսուցիչներ, իսկ նավթավերամշակման գործարաններում գործադուլները, ինչպես նաև աղբահավաքների գործադուլները շարունակվում են: Ցույցերը հիմնականում խաղաղ են եղել, սակայն որոշ դեպքերում ուղեկցվել են բախումներով և անկարգություններով:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր «Արմենպրես»-ը, մարտի 22-ին Մակրոնը հայտարարել էր, որ մինչև տարվա վերջ կիրականացնի կենսաթոշակային բարեփոխումները, որոնք ընդունվեցին՝ շրջանցելով խորհրդարանում քվեարկությունը: Նա նաև անտեսել էր վարչապետ Էլիզաբեթ Բորնին աշխատանքից հեռացնելու կոչերը: Ըստ պարբերականի՝ հենց Բորնն է կանգնած բարեփոխումների հետևում: