41 մլն 438 հազար դրամ գույքի հափշտակություն՝ «Լոռի» ջրօգտագործողների ընկերությունում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոռու մարզի դատախազությունը, պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորությունների շրջանակներում, «Լոռի» ջրօգտագործողների ընկերությունում (այսուհետ՝ Ընկերություն)
իրականացրել է ուսումնասիրություն:

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հանձնարարությամբ, Երևանում և մարզերում ուսումնասիրություններ են նախաձեռնվել՝ հանրապետությունում գործող ջրօգտագործողների ընկերություններում պետական շահերի պաշտպանության վիճակը պարզելու նպատակով:

Ընկերության վերաբերյալ Պետական եկամուտների կոմիտեից և Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունից ստացված փաստաթղթերն ուսումնասիրելիս պարզվել է, որ Ընկերության իրավասու աշխատակիցները Ընկերության տարբեր հաստիքներում ձևակերպված 55 աշխատակիցների անուններով, որոնք միաժամանակ եղել են համայնքային, ոչ առևտրային, բժշկական կենտրոններում աշխատողներ, դուրս են գրել 41 մլն 438 հազար դրամ աշխատավարձ՝ հափշտակելով իրենց վստահված առանձնապես խոշոր չափերով գույքը:

Դրանից բացի, Ա.Մ.-ն, 2019 թվականի փետրվարի 5-ից Ընկերությունում աշխատելով որպես գլխամասային հսկիչ, 2019-2022 թվականներին պարբերաբար բացակայել է աշխատանքից՝ 3-4 ամիս տևողությամբ, սակայն Ընկերության իրավասու աշխատակիցները աշխատավարձերի վճարման տեղեկագրերում և ցուցակներում ներառել են կեղծ տեղեկություններ՝ Ա.Մ-ի կողմից իբր աշխատանքի հաճախելու մասին:

Արդյունքում Ա.Մ.-ին ավել է հաշվարկվել և վճարվել 850 հազար դրամ աշխատավարձ:

Նկատի ունենալով վերոգրյալը՝ Լոռու մարզի դատախազի տեղակալը մարտի 20-ին առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն՝ Քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 2-րդ մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը, կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը, օգտագործելը) և 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերի վստահված գույքը հափշտակելը) քրեական վարույթ նախաձեռնելու հանձնարարությամբ:

Նույն օրը Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ընկերության կողմից կատարված գնումների գործընթացի, ինչպես նաև ծառայությունների մատուցման պայմանագրերի կնքման մասով, պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորությունների շրջանակներում, Լոռու մարզի դատախազության ուսումնասիրությունները շարունակվում են:




Լրահոս