Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, պատվիրակության անդամներ, ԱԺ պատգամավորներ Հրաչյա Հակոբյանն ու Ծովինար Վարդանյանը մասնակցել են Կիպրոսի Հանրապետության Լիմասոլ քաղաքում տեղի ունեցած Վեհաժողվի միջազգային քարտուղարության, հանձնաժողովների նախագահների եւ զեկուցողների նիստի աշխատանքներին:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ հասարակայնության հետ հաղորդակցության վարչությունը:
Եռօրյա այցի ընթացքում ՀՀ ԱԺ պատգամավորները հանդիպումներ են ունեցել Կիպրոսի Հանրապետության նորընտիր նախագահ Նիկոս Խրիստոդուլիդեսի, Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրուի եւ ԱԳ նախարար Կոնստանդինոս Կոմբոսի հետ:
Հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստան-Կիպրոս համագործակցությանը, ՀՀ քաղաքացիների համար Կիպրոսի Հանրապետություն` առանց մուտքի արտոնագրի առկայության այցելության հնարավորությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահի` Հայաստանի Հանրապետություն սպասվող պաշտոնական այցին:
Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի քարտուղարության նիստի ընթացքում Սիսակ Գաբրիելյանը Հայաստանի եւ պատվիրակության անունից շնորհակալություն է հայտնել կազմակերպության նախագահին` Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի, ինչպես նաեւ Լաչինի միջանցքի` կենսական նշանակության ճանապարհը փակելու հարցում կոշտ եւ հասցեական դիրքորոշում արտահայտելու համար: Նշվել է նաեւ Լեռնային Ղարաբաղում միջազգային դիտորդական առաքելության ներկայության անհրաժեշտության մասին:
Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար, հույն պատգամավոր Մաքսիմոս Խարակոպուլոսը տեղեկացրել է, որ իր կոշտ եւ քննադատական հայտարարությունների համար պարբերաբար զանգեր եւ նամակներ է ստանում Հունաստանում Ադրբեջանի դեսպանատնից: Նա նշել է, որ հավատարիմ է մնալու իր` մարդու իրավունքների պաշտպանության հարցում որդեգրած արժեքներին:
Ի նշան բողոքի` Մաքսիմոս Խարակոպուլոսը դուրս է եկել Հունաստան-Ադրբեջան խորհրդարանական բարեկամական խմբից:
Նիստի ընթացքում քննարկվել են նաեւ առաջիկայում կայանալիք վեհաժողովին առնչվող հարցեր ու առաջարկություններ: