Մարտի 23-ին ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչություն է ստացվել Մարտունու շրջանի Ննգի համայնքի 30-ամյա բնակչի դիմումն այն մասին, որ ինքը ս.թ. մարտի 6-ից մինչև 9-ն ընկած ժամանակահատվածում գտնվել է Մարտակերտի շրջանում, և առանց իր իմացության իր «Արցախբանկ» ՓԲԸ պլաստիկ բանկային քարտից 1մլն 490․000 ՀՀ դրամ գումար է փոխանցվել «Adjarabet.am» բուքմեյքերական ընկերության անհայտ խաղային հաշվին։
Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՆԳՆ ոստիկանությունը:
Արդյունքում` Արցախի բնակչին պատճառվել է խոշոր չափերի հասնող գույքային վնաս: Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը։
Ոստիկանությունը կոչ է անում առցանց տիրույթում խաբեության զոհ չդառնալու համար լինել զգոն, չտրվել խաբկանքի և ոչ մի դեպքում չհրապարակել անձնական և բանկային քարտի տվյալները։
Վարչությունը ձեռնարկում է համապատասխան միջոցներ` այսօրինակ հանցագործությունների բացահայտման և ապագայում դրանք բացառելու ուղղությամբ։