Խորհրդարանում հյուրընկալեցի Հայաստանում Շվեդիայի Թագավորության դեսպանին. ինչ են քննարկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորհրդարանում հյուրընկալեցի Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Պատրիկ Սվենսոնին։ Այս մասին հայտնել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը:

Շվեդիայի դեսպանությունը Հայաստանում շատ ակտիվ գործունեություն է ծավալում և որպես օրինակելի օրենսդրություն ունեցող երկրի ներկայացուցիչ, շատ կարևոր էր դեսպանի հետ մեր հանդիպումը նաև իբրև Հայաստան-Շվեդիա բարեկամական խմբի անդամ:

Շնորհակալություն հայտնեցի դեսպանին Շվեդիայի Թագավորության կառավարության և խորհրդարանի ներկայացուցիչների կողմից ադրբեջանական գործողությունները հասցեական քննադատելու համար։

Ներկայացրի շրջափակման մեջ գտնվող 120000 արցախահայության առջև ծառացած խնդիրները՝ ընդգծելով, որ աշխարհը պետք է ճանաչի Արցախի Հանրապետության ժողովրդի՝ իր հայրենիքում ազատ և անկախ ապրելու իրավունքը՝ Կոսովոյի օրինակով:

Խոսեցինք Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատի կարևորության և կենսունակության մասին։ Այդ առումով նշեցի, որ Հայաստանը պետք է դառնա այն օղակը, որտեղ կարողանան ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի ներկայացուցիչները նստեն մի սեղանի շուրջ և խոսեն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին, որովհետև հակառակ ճանապարհը նշանակում է Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի ցեղասպանություն։

Դեսպանն արտահայտեց իր մտահոգությունը Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում ստեղծված դժվար իրավիճակի ու հումանիտար խնդիրների շուրջ՝ նշելով, որ Շվեդիան սատարում է հակամարտության՝ կայուն և խաղաղ ճանապարհով կարգավորման միջազգային ջանքերին։

Պարոն Սվենսոնը հայտնեց նաև, որ Ադրբեջանի կողմից սեպտեմբերյան ագրեսիայից հետո եղել է Ջերմուկում, անձամբ տեսել, որ թիրախավորվել էին ոչ միայն ռազմական, այլև քաղաքացիական ենթակառուցվածքները։

Ե՛վ դեսպանը, և՛ ես միաժամանակ արձանագրեցինք, որ Հայաստանը ժողովրդավարության ճանապարհով զարգանալու այլընտրանք չունի, և Շվեդիան պատրաստ է ներդնել բոլոր ջանքերը Հայաստանում ժողովրդավարության զարգացման համար։

Դեսպանը նաև ողջունեց մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի ակտիվ և կարևոր գործունեությունը, ներկայացրեց Շվեդիայի կողմից իրականացվող տարածաշրջանային ծրագրերը։




Լրահոս