ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմի կամ տարածաշրջանում որևէ այլ զինված հակամարտության չի ձգտում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին CNN-ին հայտնել է Սպիտակ տան ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։
«Մենք չենք ձգտում Իրանի դեմ պատերազմի, մենք չենք փնտրում զինված հակամարտություն այս երկրի հետ (կամ) մեկ այլ պատերազմ տարածաշրջանում», – ասել է նա։
Քիրբին նաև նշել է, որ Սիրիայում ամերիկյան հարվածների նպատակն էր երկրում ամերիկյան անձնակազմի պաշտպանությունը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, ենթադրյալ իրանական անօդաչու թռչող սարքը հարվածել է Սիրիայում կոալիցիայի ռազմաբազայում գտնվող տեխնիկական սպասարկման օբյեկտին, որի հետևանքով զոհվել է ամերիկացի 1 պայմանագրային զինծառայող: Բացի այդ, վիրավորվել է ամերիկացի 1 պայմանագրային զինծառայող և 5 զինվորական: Ի պատասխան՝ ամերիկյան կողմն ավիահարվածներ է հասցրել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից վերահսկվող օբյեկտների: Ըստ ԶԼՄ-ների՝ ամերիկյան հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 8 շիա մարտիկ, որոնք կռվում էին սիրիական զորքերի կողմից։ Ամերիկյան հարվածներից հետո իրանամետ շիա կազմավորումների մարտիկները մի քանի հրթիռ են արձակել ԱՄՆ-ի ռազմակայանի վրա, որը գտնվում է Սիրիայի Դեր Զորի նահանգի Էլ Օմար նավթային հանքավայրի մոտ։