ՔՊ-ն երկար փնտրտուքներից հետո վերջապես ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու գտավ:
«Քաղաքացիական պայմանագիրը» -ը ՄԻՊ թեկնածու է առաջադրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանին, որը նաեւ դատախազ Աննա Վարդապետյանի մտերիմ ընկերուհին է:
Երեկ ՄԻՊ թեկնածուն խորհրդարանում ՔՊ-ականների հետ փակ հանդիպում է ունեցել:
ՔՊ-ի ու ՄԻՊ թեկնածուի հանդիպումը տեւել է մոտ մեկ ժամ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ փակ հանդիպման ժամանակ ՔՊ-ականներից միայն մի քանիսն են հարցեր ուղղել թեկնածուին, մյուսները լսողի դերում են ընդամենը եղել: Թեկնածուն տրիվիալ ճշմարտություններ է ասել, արագ ամփոփել հանդիպումը: Հավելենք, որ իշխանական ՄԻՊ թեկնածուն անակնկալ է եղել նաեւ ՔՊ-ական պատգամավորրների համար: Միայն ֆրակցիայի ղեկավարն ու քարտուղարն են նախապես իմացել այդ մասին, մյուս պատգամավորները հանդիպումից քիչ առաջ են իմացել՝ ով է իրենց ՄԻՊ թեկնածուն, մի մասն էլ ընդհանրապես հանդիպման ժամանակ են «բացահայտել» թեկնածուին: ՔՊ խմբակցության ղեկավարության գաղտնապահությունը, սակայն, չստացված էր, քանի որ ArmLur.am-ը երեկ կեսօրին հրապարակեց, թե ով է ՔՊ-ի ՄԻՊ թեկնածուն, եւ թե ինչպես են նրա գոյությունը գաղտնի պահում հենց իշխանական պատգամավորներից: ՔՊ-ում կասկածում են, որ մեր ինֆորմացիայի աղբյուրը Արթուր Հովհաննիսյանն ու Հայկ Կոնջորյանն են:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ի ներսում Արսեն Թորոսյանի հետ կապված կրքերը դեռ չեն հանդարտվում: ՔՊ-ականներից ոմանք այս օրերին տարբեր օղակներով Նիկոլ Փաշինյանի ականջին փորձում են տարբեր տեղեկություններ հասցնել Թորոսյանի մասով, որպեսզի ավելի լարեն Թորոսյան-Փաշինյան առանց այն էլ լարված հարաբերությունները: Այս առումով ակտիվ է, մասնավորապես, Անդրանիկ Քոչարյանը, որն իր մտերիմ Արփի Դավոյանի միջոցով (որը նաեւ ՔՊ վարչության անդամ է ու առավել հաճախ է հանդիպում Փաշինյանին) տեղեկություններ է պարբերաբար հասցնում Փաշինյանի ականջին: Այն, որ Թորոսյանի ու Քոչարյանի հարաբերությունները լարված են, սրա մասին բազմիցս գրել ենք: Ստացվում է՝ Քոչարյանն այսպիսով փորձում է նաեւ իր հաշիվները պարզել Թորոսյանի հետ: Փաշինյանն էլ չի շտապում կտրուկ քայլերի գնալ Թորոսյանի մասով, թիմակիցներին ասել է, որ սպասում է նախաքննության ավարտին:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության վերջին նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է նաեւ իրավապահ մարմինների աշխատանքի եւ կոռուպցիոն բացահայտումների մասին, որոնք հենց իր թիմին են առնչվում: Մասնավորապես, մեր տեղեկություններով՝ նա, անդրադառնալով իրավապահ համակարգի կողմից Քովիդի ժամանակաշրջանին առնչվող բացահայտումներին եւ իշխանության ներսում պաշտոնյաների կողմից իրականացված կոռուպցիոն գործարքների արդյունքում ձերբակալություններին, հայտարարել է՝ ով ուզում է լինի, անգամ իր եղբայրը կամ մտերիմը, իր հետ ճանապարհ անցած հավատարիմ մարդ, թե քաղաքական թիմի հետ նոր համագործակցող անձ, կոռուպցիոն գործարքների մեջ հայտնվելիս չի ներվելու ու պատժվելու է նախկիններից ավելի խիստ: Այս խոսակցությունը մասնավորապես ծավալվել է Երեւանի փոխքաղաքապետ, առողջապահության նախկին փոխնախարար Գեւորգ Սիմոնյանի շուրջ կատարված բացահայտումներից հետո, որում շոշափվում է նաեւ ՔՊ խմբակցության պատգամավոր, նախկին նախարար Արսեն Թորոսյանի անունը: Ըստ էության, Փաշինյանն անուղղակի հասկացրել է, որ չի ների նաեւ Թորոսյանին: Ներկաները քարացած լսել են Փաշինյանին եւ չեն համարձակվել ոչինչ ասել:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իրավապահ համակարգում գտել են Պարեկային ծառայության պետի հավանական թեկնածուին եւ նրա հարցը կբարձրացնեն: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ վերջինս նոր ձեւավորված Ներքին գործերի նախարարության Երեւան քաղաքի ոստիկանության վարչության պետի տեղակալ Արթուր Խուդինյանն է: Իրավապահ համակարգում նրա թեկնածությունը կառաջարկեն. կհամաձայնի նա, թե ոչ, ցույց կտա ժամանակը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ ներքին գործերի նախարարությունը՝ ի դեմս ոստիկանության, երկար ժամանակ Պարեկային ծառայության պետ չի կարողանում գտնել. փնտրում են համակարգից մեկին, որն ի վիճակի կլինի ծառայությունը վերահսկելու եւ կանոնակարգելու, իրական բարեփոխումներով առաջ տանելու։ Նշենք, որ փետրվարի 16-ին ՆԳՆ պարեկային ծառայության ղեկավար Արթուր Ումրշատյանն ազատվել էր զբաղեցրած պաշտոնից։ Նրան ազատեցին, երբ մի խումբ պարեկներ տեւական ժամանակ չէին կարողանում Հանրապետության հրապարակի մայթերին անկանոն եւ վտանգավոր պտույտներ անող «Համերին» կանգնեցնել. երբ հաջողվեց, վարորդն արդեն փախուստի էր դիմել։ Երիտասարդը ձերբակալվեց որոշ ժամանակ անց ու կալանավորվեց։ «Ժողովուրդ» օրաթերթը նախկինում մշտապես անդրադարձել է կադրային խնդիրներին. չկան փոխնախարարներ, պաշտոնները ամիսներով, տարիներով թափուր են: