ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՌԱՋԱՐԿՆԵՐՈՒՄ ՊԱՐՏԱԴՐԱՆՔ ԿԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի նախագահի վերջին «սպառնալից» հայտարարությունների, Հայաստանի ու Արցախի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների, ինչպես նաեւ Հայաստանի ներքաղաքական իրադարձությունների վերաբերյալ ArmLur.am-ը զրուցել է ՔՊ խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի հետ:

 

-Պարո՛ն Հակոբյան, Ադրբեջանի նախագահն իր վերջին ելույթում հերթական սպառնալիքները հնչեցրեց Հայաստանի ու Արցախի հասցեին՝ հայտարարելով՝ եթե Հայաստանն ուզում է խաղաղ ապրել 29 000 քառակուսի կիլոմետրի վրա, պետք է Արցախը պաշտոնապես ճանաչի Ադրբեջանի կազմում։ Ավելին՝ ասաց, որ սահմանագծման աշխատանքները պետք է կատարվեն բացառապես իրենց պայմաններով: Ինչպե՞ս կմեկնաբանեք սա, այս պայմաններում ինչպե՞ս եք պատկերացնում հետագա բանակցությունները:

-Դեմարկացիայի եւ դելիմիտացիայի հետ կապված գործընթացը շատ կարեւոր է Հայաստանի համար: Մենք ինքներս շահագրգռված պետք է լինենք, որ այդ գործընթացը շուտ իրականացվի, բայց դրանք պրոցեսներ են, որոնք միջնորդների միջոցով պետք է իրականացվեն, կողմերից ոչ մեկը չի կարող դոմինանտ պայմաններ թելադրել: Մենք առաջին անգամ չէ, որ ականատես ենք լինում Ադրբեջանի նախագահի նմանատիպ հայտարարություններին, բայց պետք է առաջ շարժվենք մեր օրակարգով, փորձենք ողջ գործընթացում Հայաստանի շահը ներկայացնել:

-Նիկոլ Փաշինյանն իր վերջին ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանն օրերս Ադրբեջանից առաջարկներ է ստացել խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ: Ծանո՞թ եք արդյոք նոր առաջարկներին, դրանցում կա՞ պարտադրանք Արցախի մասով, ինչպես Ալիեւն էր հայտարարել:

-Ադրբեջանի կողմից միշտ էլ պարտադրանք կա: Ադրբեջանը փորձում է մաքսիմումը քաղել այս գործընթացից, բայց պարտադրելով չէ. մենք ունենք մեր պատկերացումները  Արցախի վերաբերյալ: Մենք առաջին հերթին պատասխանատու ենք Արցախի ժողովրդի ու մեր ժողովրդի  առաջ, իսկ Ադրբեջանի առաջարկներում միշտ կա միտում Արցախի ու Հայաստանի ժողովրդի շահը ստորադասելու մասով, պետք չէ կոնկրետ դետալային հիմնավորում ներկայացնել: Նրանք ողջ գործընթացը ներկայացնում են՝ առանց հաշվի առնելու մեր ու Արցախի ժողովրդի պատկերացումները:

-Ըստ Ձեզ՝ խորհրդարանում ծավալվող դիսկուրսները որքանո՞վ են համապատասխանում Հայաստանի ու Արցախի առջեւ ծառացած մարտահրավերներին:

-Բավական երկար ժամանակ է՝ այս գումարման խորհրդարանը գործում է: Ես ուզում են նշել, որ հենց սկզբից՝ արտերկրյա այցերի ժամանակ, որտեղ մեր պետական շահը պետք է ներկայացվեր, նրանք գործընկերային աշխատելաոճ չեն դրսեւորել. եղել են բացառություններ, բայց ընդհանուր առմամբ գործընկերային հարաբերություններ չեն եղել:

-Պարո՛ն Հակոբյան, մեծ աղմուկ են բարձրացրել ձեր թիմակցի՝ Արսեն Թորոսյանի՝ նախարար եղած ժամանակվա կոռուպցիոն բացահայտումները: Իր նախկին տեղակալ Գեւորգ Սիմոնյանը կալանավորվել է: Թորոսյանի հետ այս հարցը քննարկե՞լ եք՝ ինչպես ստացվեց, որ իր պաշտոնավարման ընթացքում չարաշահումներ եղան:

-Ես չէի ուզի նման ձեւ մեկնաբանել, բայց մի անգամ արդեն խոսել եմ այս մասին, ասել եմ, որ պետք չէ խախտել Գեւորգ Սիմոնյանի անմեղության կանխավարկածը, նույնն ասել եմ Արսեն Թորոսյանի մասով: Իմ տեղեկություններով՝ Արսեն Թորոսյանը որեւէ կարգավիճակ չունի այս գործում, նա նույնիսկ չի հարցաքննվել, ավելի շատ մամուլի տարածած տեղեկությունների հիման վրա է այս աղմուկը  բարձրացել:

-Խոսակցություններ կան, որ այդ իրադարձություններից հետո Արսեն Թորոսյանի հետ խմբակցության պատգամավորների հարաբերությունները լարվել են. այս մասին ի՞նչ կասեք։

-Նման խնդիր չկա: Անձամբ իմ մասով կարող եմ ասել, որ պրոցեսը որեւէ ձեւով չի ազդել իմ ու պարոն Թորոսյանի հարաբերությունների վրա:

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԵ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 

 

 

ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ

Երեւանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի գլխին սեւ ամպեր են կուտակվում:

 

Հակակոռուպցիոն կոմիտեն անցել է գործի, եւ իրավապահները մեկը մյուսի հետեւից մեղադրանքներ են առաջադրում քաղաքապետարանի պաշտոնյաներին: Մասնավորապես, մեղադրանքներ են առաջադրվել ՔՊ անդամ, Երեւանի քաղաքապետարանի կարգավիճակ չունեցող գույքերի բաժնի պետ Տարոն Միրոյանին, ձերբակալվել էին Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի նախկին ղեկավար  Սեյրան Մեջլումյանը, որը 2 օր առաջ էր դիմում գրել եւ ազատվել աշխատանքից, եւ Ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետի ԺՊ Դավիթ Դալաքյանը: Քաղաքապետարանում տիրող իրավիճակի, Հրաչյա Սարգսյանի շուրջ առկա իրավիճակի մասին «Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս է գրել: Մասնավորապես, պետական մարմինների մոտ կասկածներ են հարուցել  չինական «Ժոնգ տոնգ» (Jhong Tong) ընկերության եւ Երեւանի քաղաքապետարանի միջեւ ավտոբուսների ձեռք բերման  ընթացքը: 2022թ.-ին քաղաքապետարանի կողմից հայտարարվել էր մրցույթ նույն ավտոբուսների ձեռք բերման համար, եւ հաղթել է չինական «Ժոնգ տոնգ» (Jhong Tong)-ը: Որոշակի շրջանակներում կան տեղեկություններ,  որ Միացյալ Էմիրություններում բացված օֆշորային ընկերության հաշիների վրա «Ժոնգ տոնգ»-ի  կողմից կատարվել են «անհասկանալի» փոխանցումներ. դրանք ձեւակերպվել են որպես ծառայությունների մատուցում կամ նմանատիպ այլ գործարքներ: Խոսքը  հարյուր հազարավոր դոլարների մասին է: Չի բացառվում, որ այս գործի շրջանակները էլի ընդլայնվեն՝ հասնելով միչեւ Հրաչյա Սարգսյան, որն անակնկալ (գուցե այս գործով պայմանավորված) հրաժարական տվեց:

 

 

 

 

ՆՎԵՐՆԵՐ Է ԲԱԺԱՆՈՒՄ

ՀՀ Ազգային ժողովը նվերներ է բաժանում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Ազգային ժողովը 2 մլն 285 հազար դրամ է ծախսել հուշանվեր-տուփ ձեռք բերելու համար: Մեկ անձից ուղիղ գնման եղանակով ստվարաթուղթ, երեսպատված դեկորատիվ թղթով հայկական արտադրության շոկոլադ եւ բնական մետաքսե շարֆեր է գնել ԱԺ-ն: Նշենք, որ պրեմիում տեսակի շոկոլադի մեկ տուփը 130 հազար դրամ արժե: Տեղեկացանք, որ այս բոլոր գնումները կատարվել են մեկ անձից գնման սկզբունքով: Նվեր տուփը 45 հատ ստանդարտ է եւ 2 հատ պրեմիում: Այն եղել է հայկական արտադրության մակարոններ շարֆով:

 

 

 

 

ՎԱՀԱԳՆԻ ԿԵՂԾԻՔԸ

«Ժողովուրդ» օրաթերթի  տեղեկությունների համաձայն՝ Սիսիանում  քաղաքապետի ընտրությունների կազմակերպումը   խայտառակ  գործընթացով է ուղեկցվում: Վահագն Հովակիմյանն անկարող է վերահսկել եւ կազմակերպել արդար ընտրություններ: Մասնավորապես, 34 ընտրատարածքային ընտրական նոր հանձնաժողովը, որ ընտրակարգում է Գորիսի եւ Սիսիանի  տարածաշրջանները, կամայականություններ է թույլ տվել: Ինչպես հայտնի է, 2023թ. մարտի 26-ին տեղի է ունենալու  Սիսիան  խոշորացված համայնքի  համամասնական ընտրակարգով (ավագանու) ընտրություններ:

Սիսիանի տարածաշրջանը  բաղկացած է 41 տեղամասային ընտրական հանձնաժողովից: Յուրաքանչյուր հանձնաժողով բաղկացած է 8 անդամներից: Հանձնաժողովի 6 անդամներին նշանակում են Ազգային ժողովի 3 խմբակցությունները, իսկ 2 անդամին նշանակում են թիվ 34 տարածքային հանձնաժողովի անդամները:

Արդյունքում տեղի է ունեցել խայտառակություն. ԸԸՀ գորիսյան անդամների կոմից  տեղամասային հանձնաժողովներում անդամներ են նշանակվել հիմնականում Գորիս համայնքում բնակվող իրենց ընտանիքների ներկայացուցիչները, հարազատները եւ ընկերները: Երեւույթը մեծ դժգոհություն եւ աղմուկ է բարձրացրել Սիսիան համայնքի լիցենզիա ունեցող մի քանի տասնյակ քաղաքացիների մոտ, որոնք որոշել են չմասնակցել ընտրություններին  եւ բոյկոտել դրանք: Օրինակ՝ ԸԸՀ-ի անդամ Գորիս քաղաքի բնակիչ Մարինե Բակունցը  տեղամասային հանձնաժողովներում անդամներ է նշանկել Գորիս համայնքում բնակվող իր երկու  տղաներին ՝ Արմեն եւ Արտակ Մկրտչյաններին, աղջկան՝ Անի Մկրտչյանին, քրոջը՝ Կարինե Բակունցին, իր եւ իր ամուսնու բարեկամներ Կորյուն եւ Կարեն Դաջունցներին, Արամ եւ Դավիթ Բաբայաններին, Նարեկ Տոռոզյանին, Դոնարա Դիլանյանին եւ այլոց… Հանձնաժողովի նախագահ Արմեն Ստեփանյանը անդամներ է նշանակել Գորիսում բնակվող իր տղաներ Էրիկ եւ Գարիկ Ստեփանյաններին, իր կնոջը եւ մի քանի բարեկամների (ցանկության դեպքում ամբողջական ցանկը անձամբ կարող է ճշտել պարոն Վահագն Հովհաննիսյանը) Հանձնաժողովի Գորիս համայնքի բնակիչ Անի Հայրապետյանը անդամներ է նշանակել Գորիս քաղաքում բնակվող իր հորը՝ Խաչատուր Հայրապետյանին, բարեկամներ Քրիստինե եւ Լիլյա Մաթեւոսյաններին, Կարինե Մարտիրոսյանին, Անուշ Ծատրյանին եւ այլ «խիստ կարիքավոր» բարեկամների, նույն ձեռագիրն են կիրառել նաեւ ՏԸՀ-ի մյուս անդամները: Փաստորեն, լիցենզիա ունեցող, բայց ծանոթներ չունեցող լիցենզավորված մասնագետները մնացել են պրոցեսից դուրս, ասել է թե՝ Սիսիան համայնքի ընտրություններում հանձնաժողովներում  անդամներ են նշանակվել 50-ից ավելի Գորիս համայնքի բնակիչներ: Ահա ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի կազմակերպած առաջին ընտրությունը. ծանոթով հանձնաժողովականներ:

 

 




Լրահոս