ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՆՈՐ ԲԱՆԱՁԵՎ Է ԸՆԴՈՒՆԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի զրուցակիցն է Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչեւը:

 

-Պարո՛ն Կովաչեւ, արդեն 100 օր է՝ շարունակում է փակ մնալ Արցախը Հայաստանին եւ աշխարհին կապող միակ ճանապարհը: Ի՞նչ եք մտածում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

-Բացարձակապես անընդունելի է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելը: Այն ի հակառակ է  2020 թվականի եռակողմ հայտարարության, եւ այս իրավիճակը պետք է հնարավորինս արագ կարգավորվի։ Ադրբեջանը պետք է հետեւի Միջազգային դատարանի է այդ տարվա փետրվարի վճռին՝ երկու ուղղություններով երաշխավորելու մարդկանց, բեռների եւ բոլոր տեսակի իրերի ազատ անցումը, որն անհրաժեշտ է Լեռնային Ղարաբաղում հայերի կյանքի համար։ Սա անընդունելի է, եւ սա նաեւ ամրագրված է Եվրախորհրդարանում ընդունված  մեր բանաձեւում, որով Ադրբեջանին խնդրում ենք անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքի ազատ անցումը: Մենք դիտարկում ենք խնդիրը Եվրախորհրդարանում մեծ մտահոգությամբ, եւ սա շատ պարզ  է, ուստի ձայների մեծամասությամբ է ընդունվել բանաձեւը:

-Բայց մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը շարունակում է փակ պահել միջանցքը: Ըստ Ձեզ՝ ո՞րն է պատճառը, որ Ադրբեջանը չի լսում միջազգային հանրությանը:

-Մենք շարունակելու ենք մեր քայլերն այդ նպատակին հասնելու համար: Մի քանի համաձայնություններ ու հայտարարություններ կան, սակայն  մենք ունենք շատ հստակ իրավիճակ, երբ Ադրբեջանն իսկապես չի հետեւում պայմանավորվածությանը: Միջազգային հանրությունը պետք է շարունակի հարաբերությունների կարգավորման հետ կապված ջանքերը,  Եվրախորհրդարանը պահանջեց հեռացնել ադրբեջանական բոլոր զորքերը Հայաստանի տարածքից եւ հասնել կայուն խաղաղության պայմանագրի, սահմանազատել եւ սահմանազատել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանը։ Սա պետք է արվի Լաչինի միջանցքը բացելու համար: Սրանք այն ամբողջ տարրերն են, որոնք շատ կարեւոր են Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի եւ վստահության ամրապնդման միջոցների հասնելու համար։ Առանց միջանցքի ազատ անցման երաշխիքի, շատ դժվար է վերականգնել վստահությունը երկուսի միջեւ։ Բացի այդ, սա է պատճառը, որ  մենք ողջունում ենք Եվրոպական միության մեր նոր առաքելության ստեղծումը։

-Սակայն այս իրավիճակում, երբ խոսվում է սահմանում լարված իրավիճակի մասին, նաեւ խաղաղության պայմանագրի մասին է խոսվում: Դա հնարավոր համարո՞ւմ եք:

-Եվրախորհրդարանի` մեր կողմից ընդունված բանաձեւում պահանջվում է, որ ատելության խոսքն ու սադրանքները պետք է դադարեցվեն, եւ Ադրբեջանի ղեկավարությունը, նաեւ նախագահ Ալիեւը խուսափեն ցանկացած հայտարարություններից, որոնք կարող են խորացնել ճգնաժամը եւ է՛լ ավելի ստվեր առաջացնել երկու ժողովուրդների միջեւ։ Ես շատ եմ տխրում ամեն անգամ, երբ տեսնում եմ նման հայտարարություններ, որոնք հակասում են հարաբերությունների կարգավորմանը, քանի որ Հայաստանի, բայց նաեւ Ադրբեջանի նոր երիտասարդ սերունդը կարիք ունի խաղաղ ապրելու, հեռանկարների, կարիերայի զարգացման: Պետք է ունենալ խաղաղության պայմանագիր եւ կայուն խաղաղության պայմանագիր, որը հիմնված է վստահության վրա: Բայց դրան հասնելու համար, իսկապես, Ադրբեջանին այժմ անհրաժեշտ են միջանցքի ազատ անցումը երաշխավորելու քայլերը։

Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

 

 

 

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՎԵԼ Է ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՈԼՈՐՏԸ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 2022 թվականին հինգ առանցքային շուկաների շարքում ուսումնասիրել է բեռնափոխադրման ծառայությունների մատուցման ոլորտը: Ուսումնասիրությունն իրականացվել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի կողմից իրականացվող «Աջակցություն՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովին» տեխնիկական համագործակցության ծրագրի շրջանակում «Լեար» խորհրդատվական ընկերության հետ համատեղ։

 

Համաձայն ուսումնասիրության արդյունքների՝

-2021 թվականի տվյալներով՝ ՀՀ միջազգային բեռնափոխադրման շուրջ 55,8%-ն իրականացվել է ավտոմոբիլային, 29%-ը՝ մայրուղային խողովակաշարային, 15%-ը՝ երկաթուղային, իսկ 0,2%-ը՝ օդային տրանսպորտով։

Ավտոմոբիլային բեռնափոխադրումներ

-Ավտոմոբիլային բեռնափոխադրումների մասով ուսումնասիրության մեջ ներառվել են ՀՀ ներմուծվող ապրանքախմբերից ցորենը, արեւածաղկի ձեթը եւ շաքարը, իսկ արտահանվող ապրանքախմբերից՝ կոնյակը, հանքային ջուրը եւ թարմ կամ պաղեցված ձկները։

-2021թ.-ի տվյալներով՝ ավտոմոբիլային տրանսպորտով իրականացվող միջազգային բեռնափոխադրումների շուրջ 77 տոկոսը բաժին է ընկել ներմուծմանը՝ 3 033 հազ. տոննա, իսկ 23 տոկոսը՝ արտահանմանը՝ 884 հազ. տոննա,

– ուսումնասիրության մեջ ներառված ներմուծվող ապրանքներից արեւածաղկի ձեթի եւ շաքարի իրացման գների մեջ բեռնափոխադրման ծախսերն ունեցել են 8-12% մասնաբաժին, իսկ ցորենի ինքնարժեքի կառուցվածքում՝ միջինում շուրջ 24%,

-արտահանվող ապրանքներից դիտարկվող կոնյակի, հանքային ջրի եւ թարմ կամ պաղեցված ձկների իրացման ինքնարժեքում բեռնափոխադրման ծախսերին բաժին է ընկել միջինում շուրջ 5%-ը։

Հայաստանյան բեռնափոխադրող ընկերությունները չեն ներկայացրել գնագոյացման հստակ մեխանիզմներ՝ նշելով, որ գները սահմանվում են՝ ելնելով տվյալ պահին մրցակիցների կողմից առաջարկվող գներից (ոլորտում ձեւավորված միջին գին)։

Երկաթուղային բեռնափոխադրումներ

-Երկաթուղային տրանսպորտով միջազգային բեռնափոխադրումների մեծ մասն իրականացվում է ներմուծման միջոցով՝ 62 տոկոս (648 հազ. տոննա), իսկ արտահանմանը բաժին է ընկնում տեղափոխվող բեռների 38 տոկոսը (401 հազ. տոննա),

-2021 թվականի տվյալներով՝ երկաթուղային տրանսպորտով ներմուծվող ապրանքներից ամենամեծ բնեղեն ծավալներն ունեցել է նավթամթերքը՝ 385 779 տոննա (շուրջ 60%), իսկ արտահանվող ապրանքների մեջ՝ արդյունաբերական հումք եւ մետաղական խտանյութեր ապրանքախումբը՝ 148 189 տոննա (շուրջ 62%)։

Ուսումնասիրության արդյունքում առաջարկվել է ներդնել միջազգային բեռնափոխադրումների ոլորտում ՀՀ գրավչությունը բարձրացնելու նպատակով ճանապարհային հարկի դրույքաչափի սահմանման առավել ճկուն համակարգ:

 

 

 

200 ԱՌԱՆՁՆԱՏՈՒՆ ՎԹԱՐԱՅԻՆ ԵՆ

Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում, Դիլիջան համայնքի Գոշ, Հաղարծին, Հովք գյուղերում, Իջեւան համայնքի Աչաջուր, Գետահովիտ գյուղերում, Նոյեմբերյան քաղաքում, Նոյեմբերյան համայնքի Կողբ գյուղում եւ այլ բնակավայրերում  առկա են սողանքի օջախներ։ Տարիներ առաջ ճապոնական «Ջայկա» կազմակերպությունը Տավուշի մարզի սողանքային ակտիվ գոտիներում հորատանցքեր է փորել եւ սողանքի գոտու ջրահեռացումից հետո այդ տեղերում տեղադրել ջրի մակարդակի բարձրացումն արձանագրող ավտոմատ սարքեր։ Դիլիջան քաղաքի կենտրոնում առկա  սողանքի հարցը մի քանի տարի առաջ  լուծվեց դեռեւս խորհրդային ժամանակ փորված, ջրահեռացման համար նախատեսված թունելները մաքրելու, դրանք վերագործարկելու շնորհիվ։ Իջեւան քաղաքին կից գտնվող, Իջեւան համայնքի Այգեհովիտ գյուղում կա սողանքի հետեւանքով վթարայնության տարբեր աստիճաններ ունեցող շուրջ 90 տուն։ 1997-1998 թվականներին դրանցից 7-ին պետական բյուջեից դրամական աջակցություն է  ցուցաբերվել, վերջիններս նոր տեղում տուն են կառուցել կամ գնել։ 2012 թվականին սողանքից տուժած գետահովտցի մի ընտանիքի պետական բոյւջեից 5 միլիոն դրամի ֆինանսական աջակցություն է ցուցաբերվել։ Պետական բյուջեից դրամական աջակցության շնորհիվ տարիներ առաջ լուծվել է Դիլիջան համայնքի Գոշ եւ Հաղարծին գյուղերի սողանքից վթարային թաղամասերի բնակիչներին տնով ապահովելու խնդիրը։ Տավուշի մարզում  սողանքի խնդիրը դեռեւս լուծված չէ։ Ի պատասխան լրագրողիս տեղեկատվական հարցման՝ Տավուշի մարզպետարանից հայտնել են, որ Տավուշի մարզի  19 բնակավայրերում հաշվառված է սողանքի պատճառով վթարված 200 առանձնատուն, որոնք ունեն վթարայնության 4-րդ աստիճան։

 

 

 

ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆ ԱՆՏԵՂՅԱԿ Է

2020 թվականի մարտին հիմնված  «Եվրոասֆալտ»  ՓԲԸ-ն, որի   գլխավոր տնօրենը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբայր Կառլեն Սիմոնյանն  է, 2022 թվականին պետական բյուջեի գրեթե 1 միլիարդ դրամ ֆինանսավորմամբ Դիլիջան քաղաքում իրականացրել է վերանորոգման աշխատանքներ Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի 5-կիլոմետրանոց հատվածում։ Նախատեսված էր, որ այդ աշխատանքները կավարտվեն 2022 թվականի դեկտեմբերի վերջին, սակայն աշխատանքները կիսատ են մնացել, այդ հատվածում գտնվող կամրջի նորոգումն անավարտ է, ճանապարհի առանձին հատվածներում ասֆալտապատումն ավարտված չէ, ճանապարհի եզրաքարերը տեղադրված չեն։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին գրավոր հարցում եմ ուղարկել, թե երբ է ավարտվելու այդ ճանապարհահատվածի նորոգումը։ Տավուշի մարզպետարանից գրավոր պատասխանել են. «Տվյալ ճանապահահատվածի պատվիրատուն ՀՀ ՏԿԵՆ ճանապարհային դեպարտամենտն է։ Տավուշի մարզպետարանը հարցադրման վերաբերյալ համապատասխան տեղեկատվության չի տիրապետում»։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 




Լրահոս