ՀԱՐՑԸ ԿԱՐՈՂ Է ԼՈՒԾՎԵԼ ՄԵԿ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն 100 օր է՝ Արցախի Հանրապետությունը Լաչինի միջանցքի արգելափակման հետեւանքով շրջափակման մեջ է: 2022 թ. դեկտեմբերի 12-ից է Ադրբեջանը փակ պահում Արցախը Հայաստանի եւ արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը:

 

120 հազար խաղաղ բնակչությունը, այդ թվում՝ 30 հազար երեխա, զրկվել է սննդամթերքի եւ կենսական նշանակության այլ ապրանքների բավարար մատակարարումից: Ստեփանակերտում շարունակում են անհնալ մնալ հերթական վիրահատությունները, իսկ ծայրահեղ ծանր հիվանդները Ստեփանակերտից Երեւան են տեղափոխվում Կարմիր խաչի աջակցությամբ ու միջնորդությամբ։ Արցախում առաջին անհրաժեշտության սնունդը, միրգն ու բանջարեղենն էլ դեռ կտրոններով են։ Այս ընթացքում, բացի հումանիտար խնդիրներից, իրավիճակը չանցավ առանց արյան: Ադրբեջանցիների կրակոցներից մարտի 5-ին երեք ոստիկան սպանվեց, որոնք բոլորն էլ անձնագրային ու վիզաների վարչության աշխատակիցներ էին։ Ստեփանակերտից պարբերաբար հաղորդում են նաեւ գյուղատնտեսական աշխատանքներ կատարող արցախցիների ուղղությամբ կրակոցների մասին։

«Ժողովուրդ» օրաթերթն այս առնչությամբ մի քանի հարց է ուղղել ԵՄ-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար, Եվրախորհրդարանի անդամ Լուկաս Ֆուրլասին:

-Պարո՛ն Ֆուրլաս, Ադրբեջանն արդեն 100 օր է՝ փակ է պահում Արցախը Հայաստանին եւ արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը: Ի՞նչ կարծիք ունեք ստեղծված իրավիճակի մասին:

-Բոլորս էլ հասկանում ենք, որ իրավիճակը ողբերգական է եւ վերաբերում է կանանց, երեխաներին, հիվանդներին, քրոնիկ հիվանդներին եւ տարեցներին։ Սա, անկասկած, հումանիտար ճգնաժամ է, որին պետք է անհապաղ լուծում տալ վատթարագույնից խուսափելու համար։ Ցավոք,  մենք ունենք Լեռնային Ղարաբաղի բնակչության շրջափակում եւ տարածաշրջան մատակարարման գծի խափանում։

-Ադրբեջանը շարունակում է իր քայլերը: Այս պայմաններում հնարավոր համարո՞ւմ եք Ադրբեջանի հետ հաշտության պայմանագիր կնքելը:

-Հերթական անգամ ականատես ենք լինում Բաքվի կողմից սադրանքի եւ ագրեսիայի. մենք դատապարտում ենք ոչ թե ադրբեջանական ժողովրդին, այլ նրա ավտորիտար բռնապետությանը, որը հումանիտար ճգնաժամ է առաջացնում հայ ժողովրդի համար։ Բաքվի այս ավտորիտար իշխանությանը ակնհայտորեն աջակցում է Թուրքիան։ Տարածաշրջանում հումանիտար ճգնաժամը հնարավոր է կասեցնել միայն մեկ ճանապարհով. Ադրբեջանը պետք է անհապաղ անցնի երթեւեկության եւ էներգամատակարարման ամբողջական վերականգնմանը։ Միայն այսկերպ կխուսափենք տարածաշրջանում հումանիտար իրավիճակի հետագա վատթարացումից։ Խաղաղ եւ արդյունավետ լուծում գտնելը իդեալական սցենար է այն սկզբունքների եւ արժեքների համար, որոնց պաշտպանում է Եվրամիությունը: Անձամբ ես տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին տեղեկացված լինելուն պես քայլեր ձեռնարկեցի՝ գրավոր հարց ներկայացնելով Եվրահանձնաժողովին։ Հարցի միջոցով խնդրել եմ հանձնաժողովի անհապաղ միջամտությունը՝ երթեւեկության եւ էներգամատակարարման լիարժեք վերականգնման նպատակով։ Անհրաժեշտ է, որ բոլորն իրենց ապահով զգան, եւ բոլոր ներգրավվածների միջեւ երկխոսություն լինի, որպեսզի ապահովվի խաղաղություն եւ կայունություն ողջ տարածաշրջանում։

-ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց Հայաստանի եւ Արցախի սահմաններին առկա էսկալացիայի վտանգի մասին: Այս պայմաններում ի՞նչ կարող է անել հայկական կողմը:

-Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակումը վտանգում է հազարավոր մարդկանց կյանքը՝ անջատված Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Հայաստանի կառավարությունը պետք է շարունակի կոչ անել Ադրբեջանի իշխանություններին անհապաղ ապաշրջափակել երթուղին եւ վերջ դնել ծավալվող հումանիտար ճգնաժամին։ Ադրբեջանի պարտավորությունն է ապահովել, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությանը չարգելեն սննդամթերքի եւ այլ առաջին անհրաժեշտության ապրանքների եւ դեղերի հասանելիությունը: Մեզ առավելապես մտահոգում է խաղաղ բնակչությունը, որը, ցավոք, ստիպված է գոյատեւել սարսափի եւ անորոշության պայմաններում։ Ինչպես արդեն նշեցի, խնդիրը կարող է լուծվել միայն մեկ ճանապարհով. Ադրբեջանը պետք է անհապաղ անցնի երթեւեկության եւ էներգամատակարարման ամբողջական վերականգնմանը։

 

 

 

ԱՄՆ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԸ ԿՐԿԻՆ ԶՐՈՒՑԵԼ Է

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երեկ եւ այսօր հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Նիկոլ Փաշինյանը եւ Էնթոնի Բլինքենը մտքեր են փոխանակել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, տարածաշրջանում հաղորդակցության ուղիների բացման հեռանկարների շուրջ:

 

Հեռախոսազրույցի ընթացքում վարչապետ Փաշինյանը նաեւ մտահոգություն է հայտնել վերջին շրջանում Ադրբեջանի կողմից աճող ագրեսիվ հռետորաբանության կապակցությամբ:

Հեռախոսազրույցի մասին իր թվիթերյան էջում հայտնել է նաեւ Էնթոնի Բլինքենը՝ նշելով, որ «Հարավային Կովկասում խաղաղության միակ ճանապարհը դիվանագիտությունն է»:

Իսկ, ահա, Ադրբեջանի նախագահը Միացյալ Նահանգների պետքարտուղարի հետ հեռախոսազրույցում դարձյալ ընդգծել է Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու անհրաժեշտությունը՝ պատճառաբանելով, թե հայկական կողմը շարունակում է ռազմական փոխադրումները Ղարաբաղ։

Իլհամ Ալիեւն ասել է, որ պատրաստ է մոտ ապագայում ստորագրել խաղաղության համաձայնագիրը, որի տեքստը վերջին առաջարկություններով եւ փոփոխություններով արդեն ներկայացվել է հայկական կողմին։

Պետդեպարտամենտը հաղորդում է, որ Բլինքենն է զանգահարել Ալիեւին:

Ըստ հաղորդագրության՝ պետքարտուղարն առաջարկել է ԱՄՆ-ի շարունակական աջակցությունը Հայաստանի հետ երկկողմ խաղաղ քննարկումներին նպաստելու գործում, ընդգծել, որ չկա ռազմական լուծում, եւ կարեւորել Լաչինի միջանցքի վերաբացումը:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը երեկ երեկոյան դարձյալ պնդել էր, թե օգտագործելով այլընտրանքային գրունտային ճանապարհները՝ Հայաստանից դեպի Ղարաբաղ ռազմական բեռնափոխադրումները շարունակվում են, այդ նպատակով օգտագործվում են նաեւ քաղաքացիական մեքենաները։

Նյութերը՝ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ

 

 

 

 

 

ՔՆՆԱՐԿՈՒՄ ԷԻՆ

Մինչ  երեկ  ՀՀ ԱԺ-ում  քննարկում  էին  ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները  դադարեցնելու հարցը, եւ ընդամենը 30 պատգամավոր կողմ եղավ, որ Սաֆարյանի լիազորությունները դադարեցվեն, ՍԴ-ում դատավորները այլ գործով են  զբաղված  եղել: Նրանք պատրաստվել  են  ուրբաթ  օրը կայանալիք նիստին: Իսկ ի՞նչ նիստի  մասին է  խոսքը: Ինչպես հայտնի է, ՀՀ կառավարությունն անցյալ տարեվերջին դիմել էր ՍԴ ու խնդրել պարզել, թե 1998 թվականին ստորագրված, բայց այդպես էլ չվավերացված Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը հակասություն ունի արդյոք Հայաստանի Սահմանադրության հետ, թե ոչ։ Բանն այն է, որ միջազգային պայմանագրերը, որոնք ենթակա են վավերացման Ազգային ժողովի կողմից, Հայաստանում պարտադիր սահմանադրական վերահսկողություն պիտի անցնեն։ Դա նշանակում է, որ կառավարությունը դիմում է այդ պայմանագրում ամրագրված պարտավորությունների սահմանադրականության ստուգման հարցով Սահմանադրական դատարան։ Սահմանադրական դատարանը որոշում է՝ համապատասխանում են արդյոք ստանձնած պարտավորությունները Սահմանադրությանը, թե ոչ։ Ասել  է թե՝ ՍԴ-Ն խառն է եղել՝  այս  գործով  նիստին  պատրաստվելով, սակայն  ավելի  ուշ  ծանոթացել են ԱԺ  քննարկման  արդյունքին ու հասկացել, որ  ԱԺ-ն գնդակը  գցեց  իրենց  դաշտ, ու  հիմա հերթը  իրենց  որոշելունն է՝ կարգապահական վարույթ  կհարուցեն, թե ոչ: Չի բացառվում՝ դատավորները հավաքվեն ու որոշում կայացնեն՝ ինչ պետք է անել՝ ներել օրինախախտ դատավոր Սաֆարյանին, թե պատժել, որ մյուսներն էլ զգաստանան: Հավելենք,  որ Սեդա Սաֆարյանը ինքնախոստովանել է, որ անթույլատրելի արարք է թույլ տվել, որը հավաստող փաստաթուղթը «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակել էր:

 

 

 

 

ՄԻՊ ԹԵԿՆԱԾՈՒ

Ինչպես արդեն հայտնի է, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Մարդու իրավունքների պաշտպանի թափուր պաշտոնում կառաջադրի գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանի թեկնածությունը։ Իսկ ի՞նչ է պատրաստվում անել խորհրդարանական ընդդիմությունը: «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը մարտի 17-ին նամակ-գրությամբ դիմել էր խորհրդարանական բոլոր, այդ թվում՝ ընդդիմադիր խմբակցություններին՝ առաջարկելով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրել հասարակական գործիչ, Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի թեկնածությունը: «Ժողովուրդ» օրաթերթը դիմել է «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցություններին՝ պարզելու՝ ինչ որոշում ունեն ՄԻՊ թեկնածու առաջադրելու մասով: Հետաքրքրվեցինք նաեւ՝ քննարկել են արդյոք Էդգար Ղազարյանի թեկնածությունը, հնարավոր է՝ նրան առաջադրեն՝ որպես միասնական թեկնածու: «Ե՛ւ առաջին, ե՛ւ երկրորդ հարցի մասով կարող եմ արձանագրել, որ այս պահին քննարկումները շարունակվում են, սակայն որոշում դեռ կայացված չէ»,- մեր հարցին ի պատասխան՝ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը: «Պատիվ ունեմ» խմբակցությունում եւս ՄԻՊ թեկնածուի մասով քննարկումներ կան: «Երկու հարցերն էլ քննարկվում են, բայց դեռ որոշում չկա»,- ասաց ֆրակցիայի ղեկավար Հայկ Մամիջանյանը: Հիշեցնենք, որ ՄԻՊ պաշտոնը թափուր է գրեթե երեք ամիս։ Ըստ «ԱԺ կանոնակարգ» օրենքի՝ պաշտոնը թափուր մնալուց հետո՝ եռամսյա ժամկետում, նոր ՄԻՊ պետք է ընտրվի: Մարդու իրավունքների պաշտպանին խորհրդարանն ընտրում է փակ գաղտնի քվերակությամբ։ Եթե նույնիսկ ընդդիմությունը դեմ լինի գլխավոր դատախազի տեղակալ Մանասյանի թեկնածությանը, իշխող խմբակցության ձայները բավարար կլինեն իրենց թեկնածուին ընտրելու համար:




Լրահոս