ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավարտվել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու եւ ներգրավելու դեպքի նախաքննությունը՝ խմբավորման 4 անդամների մասով:

 

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության աշխատակիցների կողմից իրականացված քննչական եւ վարութային մեծածավալ գործողությունների, ինչպես նաեւ ՀՀ ԱԱԾ, ՀՀ դատախազության եւ ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «օրենքով գողի» քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Է.Ջ.-ի կողմից կատարված հստակ դերաբաշխման համաձայն՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամներ Ա.Ն.-ն, Կ.Ղ.-ն, Վ.Մ.- եւ Ա. Մ-ն 2021թ. դեկտեմբերի 15-ից 27-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԱՆ տարբեր քրեակատարողական հիմնարկների դատապարտյալների համար կազմակերպված, այսպես ասած, «գրեֆի» շրջանակներում տարբեր անձանցից ստացել են մոտ 1.500 տուփ ծխախոտ, 300 տուփ թեյ եւ շուրջ 1.500.000 ՀՀ դրամ կանխիկ գումար։ Է.Ջ-ի ցուցումով Ա.Ն.-ն դրանք բաժանել է քրեակատարողական հիմնարկներում, հավաքագրված գումարից, այսպես կոչված, «գրեֆ» ուղարկել 350.000 ՀՀ դրամը, իսկ մնացած գումարը ծախսել իր սեփական կարիքների համար:

Բացի այդ, 2021թ. նոյեմբերին Ստեփանավան քաղաքի բնակիչը գումարային հարցի շուրջ վիճաբանություն է ունեցել իր նախկին մտերիմի հետ: Վերջինս իր շահերը պաշտպանելու համար դիմել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամ Ա.Ն.-ին, որը, ներկայանալով որպես «գողական տղա», փորձել է հարցին լուծում տալ: Այն բանից հետո, երբ Ստեփանավանի բնակիչն ասել է, որ ինքը Ա.Ն.-ի հեղինակությունը չի ճանաչում, Ա.Ն-ն, Կ.Ղ.-ն, Վ.Մ.-ն, Ա.Մ.-ն եւ այլ անձինք հանդիպել են նրան, ծեծի ենթարկել հնչեցրած տեսակետի համար, որից հետո Է.Ջ-ն լուծել է վեճը:

Բացի այդ, մի քանի քաղաքացիներ տարբեր չափերի պարտքով գումարի վերադարձի խնդրանքով դիմել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամ Ա.Ն.-ին եւ Կ.Ղ-ին։ Վերջիններս, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից սահմանված ու ճանաչված վարքագծի կանոններով շարժվելով, կազմակերպել են նշված գումարները վերադարձնելու գործընթացը, որոնց մի մասը, որոշ դեպքերում՝ կեսը, յուրացվել է վերջիններիս կողմից: Բացի գումարների հետ վերադարձի կազմակերպումից, Ա.Ն.-ն իրականացրել է նաեւ տարբեր անձանց միջեւ ծագած վիճահարույց հարցերի պարզաբանումներ՝ հետեւելով, որ վերջիններս պահպանեն իրենց հասկացությամբ ճիշտ ապրելակերպի կանոնները:

2022թ. փետրվարի 7-ին Ստեփանավան քաղաքի կամրջի սկզբնամասում կենցաղային հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ նույն քաղաքի բնակիչը դանակով երկու անգամ հարվածել է վիճաբանության մասնակցին։ Այնուհետեւ Ա.Ն.-ն եւ Կ.Ղ.-ն, վիճաբանող կողմերին լսելուց եւ քննարկումներ կատարելուց հետո հանգել են եզրակացության, որ Ստեփանավանի վերոնշյալ բնակիչը սխալ է։ Պատժելու նպատակով վերջինիս կանչել են նույն քաղաքում գտնվող նախկին հացի արտադրամասի տարածք, որտեղ, որպես պատիժ, ապտակել են նրան:

Քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման վերոնշյալ 4 անդամների նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, ինչը բավարարվել է, եւ անձանց ներկայացվել է մեղադրանք։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։

Հիշյալ 4 մեղադրյալների մասով նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական վարույթի նյութերը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին: Քննիչի միջնորդության հիման վրա՝ հանցախմբի պարագլուխ՝ «օրենքով գողի» քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Է.Ջ.-ի նկատմամբ եւս հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 323-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը, եւ հայտարարվել՝ հետախուզում։

Է.Ջ.-ն հայտնաբերվել է Իսպանիայի Թագավորությունում եւ ձերբակալվել։ Ձեռնարկվում են համապատասխան միջոցներ ՀՀ նրա տեղափոխումը կազմակերպելու նպատակով։

 

 

 

 

ՎԱՐՈՐԴԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է

Մարտի լույս 21-ի գիշերը պարեկային ծառայության Երեւանի գնդի 4-րդ գումարտակի ոստիկանները ստուգման նպատակով կանգնեցրել են «Պորշ» մակնիշի մի մեքենա։ Պարեկները վարորդի սթափությունը ստուգելու նպատակով պահանջել են նրա փաստաթղթերը։ 43-ամյա տղամարդը հրաժարվել է եւ մոտենալով պարեկային ավտոմեքենային՝ գրպանից հանել է քսանհազարանոց 3 թղթադրամ ու դրել առջեւի նստելատեղին։ Պարեկները նրան ձերբակալել ու տեղափոխել են ոստիկանության Արաբկիրի բաժին։ Ստուգվել է վարորդի սթափությունը։ Նա ոչ սթափ վիճակում էր: Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: Պարեկային ծառայության ներդրման առաջնահերթ նպատակներից էր կոռուպցիոն ռիսկերի բացառումը։ Պարեկներն իրենց գործողություններով բազմիցս հավաստել են, որ հավատարիմ են այդ սկզբունքին։ Վարորդներին հորդորում ենք խստորեն պահպանել ճանապարհային երթեւեկության կանոնները եւ չդրսեւորել հակաօրինական վարքագիծ։ Բոլոր ապօրինություններին տրվելու է համարժեք իրավական գնահատական։

 

 

 

 

ՀԱՐՁԱԿՈՒՄ՝ ՏԱՃԱՐԻ ՎՐԱ

Հայ եւ հույն ուղղափառ եկեղեցիների համատեղ հսկողության ներքո գտնվող Գեթսեմանիի Սուրբ Աստվածածին տաճարը հարձակման է ենթարկվել: Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանը հայտարարություն է տարածել՝ դատապարտելով տաճարի վրա կատարված հարձակումը։

«Թեեւ Սուրբ Աստվածածին տաճարի վրա այս հարձակումն առաջինն էր այս տարվա սկզբից ի վեր, սակայն քրիստոնեական մյուս սրբավայրերն անզգամ հարձակվողների կողմից մշտապես ենթարկվում են ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեբանական ճնշումների։ Եթե քրիստոնեական սրբավայրերի վրա կատարված նախորդ հարձակումներն արագորեն դատապարտվեին տեղական իշխանությունների կողմից, եւ հանցագործները պատժվեին օրենքի ողջ խստությամբ, քրիստոնեական համայնքների, եկեղեցիների եւ վանքերի վրա նոր հարձակումներ չէին լինի։ Կրոնական անհանդուրժողականությունը եւ ատելությամբ լցված ոճրագործությունները իրենց բոլոր դրսեւորումներով երբեք չեն ապահովելու խաղաղ համակեցության պայմաններ։ Հատկապես, երբ այսօր իշխանությունների կողմից անվերահսկելի են այդ հարձակումները, դա ավելի է խթանելու ատելությամբ լցված հանցագործությունները եւ անհանդուրժողականությունը։ Այսպիսի գործողություններն ու դրանց անպատժելիությունը ստեղծում են անապահով պայմաններ քրիստոնեական համայնքների համար եւ անվստահության սերմեր են ցանում հավատացյալների, զբոսաշրջիկների եւ բնակիչների միջեւ տեղական իշխանությունների հանդեպ։ Հետեւաբար, Իսրայելի կառավարությանը եւ ոստիկանության կոչ ենք անում, որպեսզի լուրջ միջոցներ ձեռնարկեն՝ կանխելու այսօրինակ հարձակումները եւ պաշտպանելու ինչպես քրիստոնեական սրբավայրերը, այնպես էլ նրանց ամենօրյա սպասավորներին հետագա ոտնձգություններից եւ հարձակումներից»,- ասված է Պատրիարքարանի տարածած հայտարարության մեջ։

 

 

 

 

ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ԱՎՏՈՎԹԱՐ

Մարտի 21-ին՝ ժամը 23:15-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Հայուհու հրապարակում տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Պարզվել է, որ բախվել են Opel Astra G եւ Mercedes-Benz C180 մակնիշների ավտոմեքենաները:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, Opel Astra G մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել քաղաքացիներից մեկի դին եւ երկու տուժածի։ Տուժածներից մեկը հոսպիտալացման ճանապարհին մահացել է, իսկ մյուս տուժածը հոսպիտալացվել է Գյումրու ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր։

 

 

 

ՑԱՆԿԱՑԵԼ Է ՀԱՆԴԻՊԵԼ

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատագամավոր Գեղամ Մանուկյանը ցանկացել է «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում՝ «ԿԳԲ-ի պադվալում» հանդիպել Արցախի ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանին, սակայն ստացել է մերժում: Գեղամ Մանուկյանը ArmLur.am-ի հետ զրույցում հաստատեց մեր ունեցած տեղեկությունը: Հիշեցնենք, որ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, ՀՀ քննչական կոմիտեն 4-րդ անգամ է երկարացրել Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի կալանքը: 2022թ.-ի սեպտեմբերի 1-ին դատախազությունը հայտարարեց, որ Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի նախագահի խորհրդական Միքայել Արզումանյանին մեղադրանք է առաջադրվել 2020 թվականի արցախյան պատերազմի ընթացքում ռազմավարական կարեւոր նշանակություն ունեցող «Արեգա» բարձունքը եւ հարակից մարտական դիրքերն ազատագրած անձնակազմին «նահանջ» հրաման տալու համար:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 

ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել այն մասին, թե, իբր, հայկական կողմը՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, զորք եւ զինամթերք է տեղափոխել Ստեփանակերտ-Ղաբալիշեն-Լիսագոր անտառային ճանապարհով. այս մասին հայտնում է Արցախի ՆԳՆ ոստիկանությունը: «Իրականում խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ այդ ճանապարհով տեղի է ունենում միայն քաղաքացիական անձանց եւ հումանիտար բեռների տեղափոխություն Արցախի բնակավայրերի միջեւ: Հիշեցնենք, որ Շուշիի շրջանի որոշ գյուղերի հետ մայրաքաղաքի բնականոն հաղորդակցությունն ընդհատվել է 2022 թվականի դեկտեմբերի 12-ից՝ Ադրբեջանի կողմից Ստեփանակերտ-Գորիս միջպետական մայրուղին արգելափակելու պատճառով: Իսկ ռուս խաղաղապահները կատարել են իրենց գործառույթը՝ ամրագրված 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ: Հաշվի առնելով մարտի 5-ի դիվերսիոն հարձակումը Արցախի ոստիկանների վրա եւ առաջացած լրացուցիչ անվտանգային ռիսկերը՝ ռուսական կողմն ապահովել է քաղաքացիական անձանց ու բեռների անվտանգ տեղաշարժը»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

 




Լրահոս