ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին եւ նրան ներկայացրել վերջերս Վրաստան կատարած պաշտոնական այցի մանրամասները:
ԿԳՄՍ նախարարը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ եւ արդյունավետ աշխատանք մաղթել՝ ի շահ հայ-վրացական բարեկամական կապերի զարգացման՝ համոզմունք հայտնելով, որ նա իր ներդրումը կունենա երկու երկրների միջեւ հարաբերությունների առավել ամրապնդման եւ խորացման գործում:
«Շատ արդյունավետ այց էր, որի շրջանակում հնարավորություն ունեցանք քննարկելու համագործակցության հեռանկարները ինչպես կրթության, գիտության, այնպես էլ մշակույթի ոլորտներում: Մի շարք նոր պայմանավորվածություններ ձեռք բերվեցին, եւ նոր հուշագրեր ստորագրվեցին, որոնք, վստահ եմ, նպաստելու են բոլոր ուղղություններով մեր համագործակցության ընդլայնմանն ու խորացմանը»:
ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է, որ այժմ քննարկվում է մշակույթի օրեր կազմակերպելու ծրագիրը, որի շրջանակում մի շարք հետաքրքիր նախաձեռնություններ են նախատեսվում: Մասնավորապես, քննարկվում է Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական թատրոնի վերակառուցված շենքի բացման արարողությունը մշակույթի օրերի շրջանակում կազմակերպելու հնարավորությունը:
Դեսպան Գիորգի Շարվաշիձեն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ ընդգծել՝ հայկական կողմի հետ համագործակցության ամրապնդումն ու զարգացումն իրենց համար մեծ կարեւորություն ունեն: Գիորգի Շարվաշիձեն հույս է հայտնել՝ իր գործունեությամբ կկարողանա նպաստել երկու երկրների երիտասարդների միջեւ ավելի սերտ կապերի ձեւավորմանը եւ փոխճանաչման մակարդակի բարձրացմանը:
Դեսպանը կարեւորել է մշակույթի օրերի անցկացումը՝ ընդգծելով, որ համագործակցության հեռանկարներ է տեսնում նաեւ բարձրագույն կրթության ոլորտում:
«Գիտեմ, որ կրթական բարեփոխումների ակտիվ փուլում եք եւ աշխատանքներ եք տանում նաեւ բուհերի միջազգայնացման ուղղությամբ: Սա շատ ողջունելի է, եւ կարծում եմ՝ ընդլայնում է այս ուղղությամբ համագործակցության հնարավորությունները»,- նշել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանը:
Ժաննա Անդրեասյանը, կարեւորելով երկու երկրների տարբեր ուսումնական հաստատությունների միջեւ համագործակցության խորացումը, տեղեկացրել է՝ Վրաստան կատարած այցի շրջանակում համագործակցության երկու հուշագրեր են կնքվել հայկական եւ վրացական երկու դպրոցների եւ երկու բուհերի միջեւ:
Կողմերն անդրադարձել են նաեւ տարածաշրջանային լեզուների ուսուցման ծրագրին եւ, այս համատեքստում, Հայաստանում վրացերենի՝ որպես երրորդ օտար լեզվի ուսուցմանը:
Ժաննա Անդրեասյանը նշել է, որ նախորդ տարվա սեպտեմբերից հայաստանյան մի քանի դպրոցներում վրացերեն է դասավանդվում, որը երկկողմ համագործակցության նոր հնարավորություններ եւ համատեղ ծրագրեր է ենթադրում: Անդրադառնալով երիտասարդների միջեւ կապերի ամրապնդմանը՝ ԿԳՄՍ նախարարը կարեւորել է երիտասարդական ֆորումների եւ ճամբարների անցկացումը:
Կողմերը քննարկել են նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւ պատրաստակամություն հայտնել զարգացնելու կրթության, գիտության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության ոլորտներում համագործակցությունը:
ԱՊՕՐԻՆԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՒՅՔ
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ եւս երկու հայցադիմում ընդունվել է Հակակոռուպցիոն դատարանի վարույթ. տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։
Մեկ հայցադիմումով՝ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին Երեւան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի նախկին ղեկավար Ա.Հ.- ից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
l Արաբկիր վարչական շրջանի Գուլակյան փողոցում գտնվող տունը, իսկ անհնարինության դեպքում՝ դրա միջին շուկայական արժեքը, որն ընդհանուր կազմում է ավելի քան 82 մլն դրամ,
l շուրջ 312 մլն դրամ՝ որպես օրինական եկամուտներով չհիմնավորվող եւ բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված դրամ:
Մյուս հայցադիմումով Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին «ԱԼՔՍ» ՍՊ ընկերության տնօրեն Ա.Ք.-ից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
l Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի Տանձաղբյուրի փողոցի քոթեջը, իսկ անհնարինության դեպքում՝ միջին շուկայական արժեքը՝ 73 մլն 950 հազար դրամ,
l Երեւանի Նորք-Մարաշ վարչական շրջանի Ամառանոցային փողոցում գտնվող անշարժ գույքը, իսկ անհնարինության դեպքում՝ միջին շուկայական արժեքը՝ 90 մլն 950 հազար դրամ,
l Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի Արտաշիսյան փողոցում գտնվող անշարժ գույքը, իսկ անհնարինության դեպքում միջին շուկայական արժեքը՝ 10 մլն 900 հազար դրամ,
l Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի Արտաշիսյան փողոցում գտնվող մեկ այլ անշարժ գույքը, իսկ անհնարինության դեպքում միջին շուկայական արժեքը՝ 13 մլն 665 հազար դրամ,
l TOYOTA CAMRY 2.5 GAS մակնիշի տրանսպորտային միջոցը, իսկ անհնարինության դեպքում՝ միջին շուկայական արժեքը՝ 6 մլն 500 հազար դրամ,
l PORSCHE CAYENNE S 4.8 մակնիշի տրանսպորտային միջոցը,
l «ԱՔԼՍ» ՍՊ ընկերության 100 տոկոս մասնակցությունը,
l «ԵՎՐՈԹԵՔՆՈԼԱՅԹ» ՍՊ ընկերության 100 տոկոս մասնակցությունը,
l 61 մլն 650 հազար 164 դրամը՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ,
l 2 մլն 319 հազար 095 դրամի չափով գումարը, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի, կամ հնարավոր չէ նույնականացնել եւ բռնագանձել:
ՄԵՂԱԴՐՈՒՄ Է ԵՐԱԽՏԱՄՈՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Նախկինում հայտնել եմ, որ շուրջ երկու տարի ծագումով Աֆրիկայից, Կոտ դ՜Իվուարից Յաո Սիլվիոն Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Թեղուտ գյուղի տղաներին ֆուտբոլ խաղալ է սովորեցնում։ Սիլվիոն իր սաներից յուրաքանչյուրից ամսական 3 հազարական դրամ վարձ է վերցնում, հավաքված գումարը ծախսվում է Թեղուտ գյուղում աֆրիկացի մարզչի վարձակալած բնակարանի վարձավճարի եւ կոմունալ ծախսերը հոգալու համար։ Սիլվիոն Թեղուտ է տեղափոխվել Դիլիջան քաղաքից, նա՝ որպես ֆուտբոլիստ, հանդես է եկել Երեւանի «Ալաշկերտ» ֆուտբոլային թիմի, Վանաձորի «Լոռի»-ի կազմում։ Սիլվիոյի մեծ ցանկությունն է Թեղուտ գյուղում ունենալ ֆուտբոլի մեծ, իսկական խաղադաշտ, քանի որ այն խաղադաշտը, որտեղ աֆրիկացի մարզիչը պարապում է թվով շուրջ քսան թեղուտցի տղաների հետ, փոքր է, չի համապատասխանում ֆուտբոլի խաղադաշտի չափանիշներին։ Ֆեյսբուքում գումարների հանգանակություն է սկսվել աֆրիկացի մարզչի մանկապատանեկան թիմին մարզական գույքով օգնելու համար։ Սիլվիոյի մասին իմ հրապարակումից հետո լրագրողիս զանգահարեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Տավուշի մարզի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը եւ հայտնեց, որ ՀՖՖ-ն Թեղուտ գյուղում գործող, Սիլվիոյի ղեկավարած ֆուտբոլի մանկական թիմին օգնել է մարզումների համար անհրաժեշտ մարզական պարագաներով, Սիլվիոյին մարզահագուստ է նվիրել։ ՀՖՖ ներկայացուցիչն ասաց, որ Սիլվիոն իր թիմի մարզումներն անցկացնում է արհեստական խոտածածկով Թեղուտի խաղադաշտում, որը կառուցել է ՀՖՖ-ն, առաջնությանը մասնակցելու համար Թեղուտի խաղադաշտը փոքր է, իրենք են հոգացել, որ Թեղուտի 12 տարեկանների թիմը խաղա Իջեւան քաղաքի թիվ 3 դպրոցի, Գետահովիտ եւ Աչաջուր գյուղերի խաղադաշտերում: Արմեն Խաչատրյանին ասացի, որ ՀՖՖ-ն ՖԻՖԱ-ից, ՈՒԵՖԱ-ից, Հայաստանի պետական բյուջեից մեծ գումարներ է ստանում, ֆեդերացիան ինչու՞ Յաո Սիլվիոյին մանկական թիմի մարզիչ աշխատելու համար չի վճարում։ Ա. Խաչատրյանը հայտնեց, որ Տավուշի մարզում բազում մարզիչներ կան, որոնք տարիներ շարունակ ֆուտբոլ են պարապում երեխաների հետ, սակայն ՀՖՖ-ից աշխատավարձ չեն ստանում. Սիլվիոն չէր կարող բացառություն լինել եւ ՀՖՖ-ից աշխատավարձ ստանալ։ ՀՖՖ-ի ներկայացուցիչը աֆրիկացի մարզչին մեղադրեց երախտամոռության համար։ Թեղուտ գյուղի բնակիչները հայտնեցին, որ Յաո Սիլվիոն բարի եւ ազնիվ մարդ է, նա մեծ գործ է կատարում, որի արդյունքները կերեւան տարիներ հետո։
ԱՆՈՐՈՇ ՊԱՏԱՍԽԱՆ
Տավուշի մարզպետարան «Ժողովուրդ» օրաթերթը հարցում է ուղարկել, թե 2020թ.-ի աշնանը Արցախում տեղի ունեցած պատերազմում Տավուշի մարզի քանի բնակիչ է զոհվել, քանիսն է անհետ կորած, քանիսը՝ գերի։ Տավուշի մարզպետարանից ստացված պատասխանում նշված է. «Զոհված եւ գտնվելու վայրն անհայտ համարվող զինվորականների թիվը կարող է տրամադրել միայն ՀՀ պաշտպանության նախարարությունը»։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ