ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը մշակել է մի նախագիծ, ըստ որի՝ «Գոյ» թատրոնի վարչական հատվածը նախատեսվում է կրճատել, իսկ թատրոնի ստեղծագործական կազմը՝ «Գոյ» թատերախումբ անունով, կշարունակի գործունեություն ծավալել Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տանիքի ներքո: Նախարարությունը վստահեցնում է, որ այդ պարագայում «Գոյ»-ը կարող է ընդլայնել իր հնարավորությունները:
Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական կենտրոն «Գոյ» թատրոնի անձնակազմը դեմ է նախագծին եւ օրեր առաջ դիմել է գործընկերներին, ընկերներին, հանդիսատեսին՝ նշելով, որ թատրոնն աջակցության կարիք ունի:
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանի խոսքով՝ ամբողջ խնդիրը գալիս է այն մեծ դեմագոգիայից, որ այսօր հանրային քննարկումներում կա: «Ասվում է, որ «Գոյ» թատրոնը փակվում է, լուծարվում է: Եթե թատրոն ասելով՝ հասկանում ենք իրավակազմակերպական վիճակը՝ տնօրենը, հաշվապահը, պետական գնումների մասնագետը, իրավաբանը, այսինքն՝ վարչական հատվածը, ապա, այո՛, «Գոյ» թատրոնը փակվում է, իսկ եթե թատրոն ասելով՝ հասկանում ենք ստեղծագործական ծրագրերը, ստեղծագործական կազմն ու բովանդակությունը, ապա «Գոյ» թատրոնը ոչ միայն չի փակվում, այլեւ թատրոնի համար ստեղծվում են աննախադեպ բարենպաստ պայմաններ»,-հավաստիացնում է Խզմալյանը:
Ըստ նրա՝ թատրոնն ունի թերացումներ բովանդակային եւ ֆինանսական հաշվետվությունների մեջ, չունի ռեսուրսներ՝ լուսաձայնային տեխնիկա եւ այլն, թերանում է հյուրախաղային գործունեության մեջ: «Ես չեմ ցանկանում՝ մեր եւ մեր ենթակայությամբ գործող կառույցի միջեւ քննարկումները, որոնք անկեղծ մթնոլորտում են անցել, եւ կոլեկտիվի բոլոր անդամներն ընդունել են այն ամենը, ինչն ասել եմ, հանրայնացնել, չեմ ուզում՝ մեր զրույցը դառնա հանդիսատեսի քննարկման առարկա, չեմ ուզում վարկաբեկել մեր ենթակայությամբ գործող թատրոնը, բայց… Մենք թատրոնի ներկայացուցիչներին ասում ենք, որ Մայր թատրոնի տանիքի ներքո նրանք հնարավորություն են ունենում օգտվելու այդ մեծ կառույցի եկամուտներից, ֆինանսական, գույքային ու ստեղծագործական ներուժից»,- շեշտում է փոխնախարարը:
Նրա խոսքով՝ «Գոյ»-ն այսօր ունի մեկ բեմ, սակայն Մայր թատրոնին միանալով՝ կունենա Black Box հարթակն անհատույց շահագործելու հնարավորություն, կկարողանա աշխատել թատրոնի մեծ բեմում, կարող է թատրոնի ձմեռային այգում աշխատել: Խզմալյանը հիշեցնում է, որ «Գոյ»-ը փորձարարական թատրոն-լաբորատորիա է եւ իրավունք չունի կառչած մնալ միեւնույն տարածքից, քանի որ նույն տարածքում հնարավոր չէ մշտապես լինել փորձարարական:
Փոխնախարարն առաջարկում է Սունդուկյանի անվան թատրոնի սեփական եկամուտները, որոնք գեներացվել են, ուղղել «Գոյ»-ի դահլիճի բարեկարգմանը, լուսաձայնային տեխնիկայի վերազինմանը, հյուրախաղային գործունեության ընդլայնմանը, թե՛ Հայաստանից, թե՛ արտերկրից ռեժիսորներ հրավիրելուն, որոնք, ըստ Խզմալյանի, գիտեն, թե ինչ է ճշմարիտ փորձարարությունը: «Որեւէ մեկը տարածք վերցնելու, խումբը ցրելու նպատակ բացարձակապես չունի»,-շեշտում է նա:
ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է
Բրիտանահայ շոումեն Գեւ Օրկյանը չի դադարում աշխարհին պատմել այն փորձությունների մասին, որոնց միջով ամիսներ շարունակ անցնում են Արցախում ապրող 120 հազար անմեղ հայերը։ Օրկյանը պարբերաբար հոլովակներ է ներկայացնում ինստագրամյան իր էջում՝ բարձրաձայնելով ադրբեջանցիների կողմից Արցախի շրջափակման մասին եւ քննադատելով աշխարհին անտարբերության համար։ Այս անգամ հումորիստն անդրադարձել է Ադրբեջանի նախագահի սպառնալիքներին:
ՀԱՐՑ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆ
Երգչուհի Սյուզաննա Մելքոնյանն իր երկրպագուների համար հարցուպատասխան է կազմակերպել «Ինստագրամ»-ի «Սթորի» բաժնում եւ պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին:
Հետեւորդներից մեկի այն հարցին՝ եթե հանդիպեր ինքն իրեն մանուկ հասակում, ինչ կասեր, երգչուհին պատասխանել է. «Ինձ չէի ասի, պապայիս կասեի, որ ինձ մենակ մի թող…»,- գրել է Սյուզաննան:
Հիշեցնենք, որ երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը 2021 թվականին հաղթել է ռուսական հայտնի «ծց -ՍՈ, Չրպ ՉՎպրՑպ!» նախագծում:
ԳԱՐՈՒՆԸ՝ ԼԵՀԱՍՏԱՆՈՒՄ
Դերասանուհի Աննա Մանուչարյանը գարնանային այս տաք օրերը վայելում է Լեհաստանում:
Դերասանուհին «Ինստագրամ»-ի «Սթորի» բաժնում իր հետեւորդների համար հրապարակել է Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայից գեղեցիկ լուսանկարներ եւ կիսվել իր ջերմ տրամադրությամբ:
Նշենք, որ դերասանուհի Աննա Մանուչարյանը «Մանկական Եվրատեսիլ» 2021թ.-ի հաղթող Մալենայի մայրն է:
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՀԱՅՏՆԻ ԵՆ ՄՐՑԱՎԱՐՆԵՐԸ
Ֆուտբոլի 2024թ. Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի առաջին մրցափուլի Հայաստան – Թուրքիա հանդիպումը կսպասարկի Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան ներկայացնող մրցավարական խումբը. հաղորդում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Գլխավոր մրցավարը կլինի Խոսե Մարիա Սանչեսը։ Նրան կօգնեն Ռաուլ Կաբանիերոն եւ Ինյիգո Պրիետոն։ Չորրորդ մրցավար է նշանակվել Մարիո Մելերո Լոպեսը։
Հայաստան – Թուրքիա հանդիպումը տեղի կունենա մարտի 25-ին Երեւանի Հանրապետական ստադիոնում եւ կմեկնարկի 21:00-ին։
ՑԱԾՐ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ
«Բարսելոնան» ցանկանում է վերադարձնել աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսիին, սակայն չի կարող վճարել բարձր աշխատավարձ։
Կատալոնական ակումբը Մեսիին կառաջարկի ցածր աշխատավարձ, բայց նաեւ երաշխավորված տոկոս ակումբի եկամուտից տիտղոսներ նվաճելու դեպքում։
Մեսին արգենտինական «Նյուելս Օլդ Բոյսից» 2000 թվականին էր տեղափոխվել «Բարսելոնա», որի կազմում հանդես էր գալիս մինչեւ 2021 թվականը։
Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի հետ Մեսիի պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։
ԿԱՐԻԵՐԱՆ ԱՎԱՐՏԵՑ
Գերմանիայի հավաքականի, Մադրիդի «Ռեալի», Լոնդոնի «Արսենալի» նախկին խաղացող թուրք կիսապաշտպան Մեսութ Օզիլը սոցիալական ցանցերում արած գրառումով հայտարարեց ֆուտբոլիստի պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մասին։
«Երկար մտածելուց հետո որոշեցի ավարտել կարիերաս։ Բարեբախտություն եմ ունեցել գրեթե 17 տարի լինել ֆուտբոլիստ, սակայն վերջին մի քանի ամիսներին վնասվածքների պատճառով ծագած դժվարությունները ստիպեցին ընդունել, որ հեռանալու ժամանակն է։
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր ակումբներիս՝ «Շալկեին», «Վերդերին», «Ռեալին», «Արսենալին», «Ֆեներբահչեին», «Իստանբուլ Բաշակշեհիրին»։ Այժմ ավելի շատ ժամանակ կտրամադրեմ ընտանիքիս»,- գրել է 34-ամյա ֆուտբոլիստը։
Օզիլը Գերմանիայի հավաքականի կազմում դարձել է աշխարհի չեմպիոն, «Վերդերի» հետ՝ Գերմանիայի գավաթակիր, «Ռեալի» հետ՝ Իսպանիայի գավաթակիր եւ սուպերգավաթակիր, «Արսենալի» հետ՝ Անգլիայի գավաթակիր եւ սուպերգավաթակիր։