ՓԱՇԻՆՅԱՆԻ Ո՞Ր ԱՍԱԾՆ Է ՃԻՇՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը վերջերս ներկայացրել էր այն զինվորականների եւ բարձրաստիճան նախկին պաշտոնյաների անունները, որոնք, իր կարծիքով, վախենում են գալ ԱԺ ու մասնակցել 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի աշխատանքներին:

 

Այդ անձանց շարքում էին Տիրան Խաչատրյանը, ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը, Արցախի ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը, ԶՈւ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը։ «Զինվորականներ կան, որոնք վախեցած են, օրինակ` Տիրան Խաչատրյանը, որը հրապարակայնորեն հրաժարվել է գալ նիստին։

Արտաքին քաղաքականության հարցերով ես հրավիրել եմ Վարդան Օսկանյանին, որը հրաժարվել է, բայց մենք նորից կուղարկենք հրավեր. Արցախի հետ կապված լսումների ժամանակ ինքը պետք է բարի լինի, գա, որովհետեւ շատ հարցեր առնչվելու են ԱԳՆ-ի իրականացրած քայլերին»,- ասել էր Անդրանիկ Քոչարյանը: Այս առիթով «Ժողովուրդ» օրաթերթը մի քանի հարց է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանին: Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ հանձնաժողով գնալու հրավեր չի ստացել, բայց եթե ստանա էլ, չի գնալու:

-Պարո՛ն Խաչատրյան, Անդրանիկ Քոչարյանը վերջերս հայտարարեց, որ կան զինվորականներ, որոնք չեն գալիս քննիչ հանձնաժողով, քանի որ վախենում են, թաքցնելու բան ունեն: Դուք եւս նրանց թվում էիք: Ինչպե՞ս կարձագանքեք այս հայտարարություներին, ինչու՞ չեք գնում քննիչ հանձնաժողով:

-Ես հրավեր չեմ ստացել, բայց եթե հրավեր ստանամ էլ, այդ հանձնաժողով չեմ գնալու: Մի անգամ հայտարարել եմ, հիմա էլ կրկնում եմ՝ եթե վստահ լինեմ, որ կլինի անկողմնակալ, արդար քննություն, միայն այդ դեպքում կգնամ: Ես էլ եմ հետաքրքրված, ավելին՝ անհանգստացած այդ ամեն ինչում, որ պատերազմի հանգամանքները քննվեն:

-Այսինքն՝ կարծում եք, որ այդ հանձնաժողովն արդար քննություն չի իրականացնի, դրա՞ համար եք հրաժարվում մասնակցել դրա աշխատանքներին:

-Ոչ թե կարծում եմ, այլ համոզված եմ՝ չի կարող արդար քննություն լինել, դրա համար էլ չեմ գնալու:

-Պարո՛ն Խաչատրյան, վերջերս Փաշինյանը հայտարարեց, որ բանակում 5-րդ շարասյուն է գործել, դրա համար էլ պարտվել ենք 44-պատերազմը: Ձեզ համար հասկանալի՞ էր՝ ում նկատի ուներ Փաշինյանը՝ 5-րդ շարասյուն ասելով, բանակում եղե՞լ է իսկապես 5-րդ շարասյուն:

-Չգիտեմ՝ ում է նկատի ունեցել: Փաշինյանը լիքը բաներ է ասել, իր ո՞ր ասածն է ճշմարտություն եղել:

Հ.Գ. Հիշեցնենք, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողովը ստեղծվել էր 2022 թվականի փետրվարին։ Հոկտեմբերին հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգվեց եւս 6 ամսով։

ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆ

 

 

 

 

Ի՞ՆՉ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ Է ՏՎԵԼ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ

«Միջազգային ասպարեզում Հայաստանի Հանրապետությունը պետք է ճկուն դիվանագիտություն վարի, ընդ որում՝ բոլոր ուղղություններով պետք է մեր կապերը ամրապնդենք՝ թե՛ արեւմտյան, թե՛ արեւելյան։ Մենք պետք է կարողանանք բոլորին մեզ դաշնակից դարձնել»,- ասել է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը Երեւանի թիվ 104 հիմնական դպրոցի աշակերտների հետ հանդիպմանը։

 

Պատգամավորն աշակերտների հետ խոսել է խորհրդարանի դերի եւ կարեւորության, ինչպես նաեւ խորհրդարանական դիվանագիտության եւ խմբակցությունների կողմից կատարվող աշխատանքների մասին:

Աշակերտների հարցին, թե ինչ գործողություններ են կատարվում սահմանամերձ գյուղերի բնակիչների եւ գերիների իրավունքների պաշպանության հարցով, Թագուհի Թովմասյանը՝ որպես ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, պատասխանել է, որ իր անմիջական հսկողությամբ աշխատանքներ են տարվում բոլոր ասպարեզներում եւ հիմանականում՝ միջազգային հարթակում այս հարցերի բարձրաձայնման հետ կապված։

Հանդիպման ընթացքում աշակերտները խոսել են իրենց նախընտրած մասնագիտությունների մասին, ինչին ի պատասխան՝ պատգամավորը խորհուրդ է տվել աշակերտներին լավ սովորել, տիրապետել շատ լեզուների, որովհետեւ հիմա ավելի, քան երբեւէ, աշխարհի հետ առնչությունը շատ է։

«Եղե՛ք ակտիվ, նախաձեռնող, եւ դուք կունենաք ձեզ համար ձեր ոլորտում ցանկալի արդյունքներ։ Պետք է լինել մրցունակ, իսկ մրցունակ կարող եք լինել միայն գիտելիքի շնորհիվ»,- նշել է խորհրդարանականը:

Թագուհի Թովմասյանն անդրադարձել է նաեւ Հայաստանի անվտանգային հարցերին, ներկա խնդիրներին եւ դրանց լուծման հնարավոր ուղղություններին:

«Յուրաքանչյուր պետություն իր իսկ շահերից ելնելով պետք է գործի, ուստի եւ շատ կարեւոր է ճկուն դիվանագիտություն ունենալ»,- ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը «Բաց դաս» ծրագրի շրջանակում Աբովյանի բազմագործառութային պետական քոլեջի սաներին:

Հանդիպման ընթացքում աշակերտները հետաքրքրվել են Լաչինի միջանցքի բացման խնդրով: Պատգամավորը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը փորձում է դիվանագիտական եւ բացառապես խաղաղ ճանապարհով նպաստել խնդրի կարգավորմանը:

Աշակերտների հետ հանդիպմանը ներկա է եղել նաեւ նույն խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը: Նա խոսել է խորհրդարանի դերի, խորհրդարանական դիվանագիտության մասին: Անդրադառնալով կրթական ոլորտի կարեւորությանը՝ Ռուստամ Բաքոյանը աշակերտներին հորդորել է լավ սովորել եւ իրենց գործում լինել պրոֆեսիոնալ:

Այցի ընթացքում պատգամավորները խոսել են մեր երկրի արտաքին եւ ներքին քաղաքականությունից, ինչպես նաեւ տարածաշրջանային պետությունների քաղաքականության առանձնահատկություններից:

Հյուրերը եղել են ԱԺ թանգարանում եւ գրադարանում, ծանոթացել խորհրդարանի շենքի պատմությանը:

 

 

 

 

ՄՈՎՍԵՍ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՉԻ ԳԱ

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, որը նաեւ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող խորհրդարանական հանձնաժողովն է ղեկավարում, վերջերս ներկայացրել էր այն զինվորականների եւ բարձրաստիճան նախկին պաշտոնյաների անունները, որոնք չեն ներկայացել քննիչ հանձնաժողով:

Ըստ Քոչարյանի՝ այս անձինք կաշկանդված են, վախեցած են, քանի որ թաքցնելու բան ունեն, դրա համար էլ հրաժարվում են գալ ԱԺ:

Քոչարյանի թվարկած անձանց շարքում էին Տիրան Խաչատրյանը, ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը, Արցախի ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը, ԶՈւ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը։

«Ժողովուրդ» օրաթերթը ԶՈՒ ԳՇ նախկին ղեկավար Մովսես Հակոբյանից հետաքրքրվեց՝ ինչու չի ներկայանում հանձնաժողով, եւ վերջինս ասաց, որ հանձնաժողով գնալու հրավեր չի ստացել, բայց ստանալու դեպքում էլ չի գնալու. «Ինձ հրավեր չեն ուղարկել: Ես բազմիցս ասել եմ՝ չեմ գնալու այդ հանձնաժողով»: Հարցին՝ ինչու, պատասխանեց՝ կասկածում է հանձնաժողովի անաչառությանը։ Հակոբյանն ասաց. «Ես հավես չունեմ քննարկելու նրանց գործունեությունը, ինձ համար այդ հանձնաժողովը չկա»:

Ի դեպ, Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը, որը պատերազմից հետո ԶՈՒ-ում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով գործընթաց էր նախաձեռնել, մարտի 16-ին մասնակցել էր քննիչ հանձնաժողովի նիստին, ինչից հետո Անդրանիկ Քոչարյանը դրվատանքի խոսքեր էր հնչեցրել  նրա հասցեին: Նա ափսոսանք էր հայտնել, որ Օնիկ Գասպարյանը գլխավոր շտաբի պետի պարտականություններին անցավ ավելի ուշ, քան պետք էր, այլապես ՀՀ ԶՈւ բարեփոխումների մի մեծ ճանապարհ անցած կլիներ։

Թե ինչպես է ստացվում, որ Անդրանիկ Քոչարյանը գովեստի խոսքեր է «շռայլում» իրենց իշխանության հրաժարականը այն ժամանակ պահանջող Օնիկ Գասպարյանի հասցեին, Մովսես Հակոբյանը պարզաբանեց. «Լավ է արել. դա շատ ողջունելի է։ Ինչ ուզում են՝ ասեն, ինձ հետաքրքիր չէ նրանց խոսքը»:

Ի դեպ, այս քննիչ հանձնաժողովի աշխատանքը բազմիցս է կասկածի տակ դրվել թե’ հասարակական, թե’ քաղաքական տարբեր շրջանակների կողմից, որոնք բոլորն էլ  պնդում են՝ պատերազմի պարտության մեղավորները չեն կարող արդար քննություն իրականացնել:

 




Լրահոս