«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ԱԺ նախկին նախագահ, քաղաքագիտության դոկտոր Տիգրան Թորոսյանն առաջիկայում նոր պաշտոն է ստանալու: Նա նշանակվելու է Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ՅՈՒՆԵՍԿՈ-ի, մարդու իրավունքների, եվրոպագիտության եւ ժողովրդավարության ամբիոնի վարիչ: Սակայն Տիգրան Թորոսյանը շարունակելու է մնալ ԱԺ անկախ պատգամավոր, քանի որ ամբիոնի վարիչի պաշտոնը նա զբաղեցնելու է հասարակական հիմունքներով, ինչը թույլ է տալիս ՀՀ Սահմանադրությունը: Տեղեկացանք նաեւ, որ Թորոսյանին այդ պաշտոնը զբաղեցնելու առաջարկն արել է ԵՊԼՀ ռեկտոր Սուրեն Զոլյանը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Թորոսյանը հաստատեց լուրերը: Հիշեցնենք, որ Տիգրան Թորոսյանին ՀՀԿ-ն բավականին անարդար կերպով «հեռացրեց» ԱԺ նախագահի պաշտոնից` այդտեղ նշանակելով Հովիկ Աբրահամյանին: Թորոսյանն էլ, ի նշան դժգոհության, դուրս եկավ Հանրապետական կուսակցությունից, սակայն պատգամավորի մանդատը պահպանեց, թեեւ ընտրվել էր նույն կուսակցության համամասնական ընտրացուցակով: Ի դեպ, Թորոսյանն ԱԺ այն նախագահն է, ում օրոք ՀՀ-ում եղան մարտի 1-ի ողբերգական իրադարձությունները, հաստատվեց արտակարգ դրություն, որի օրինականության հարցը մինչ օրս վիճարկվում է իրավական տարբեր ատյաններում:
ՆՈՐ ՊԱՇՏՈՆ ԿՍՏԱՆԱ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ