ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԸՆԿԱԼԵԼԻ ՄԱՐԴ ՉԷ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնի է, իշխող ՔՊ խմբակցությունը Մարդու իրավունքների պաշտպանի թափուր պաշտոնում կառաջադրի գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանի թեկնածությունը, որը նաեւ դատախազի մտերիմ ընկերուհին է: ArmLur.am-ի հետ զրույցում ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանն ընգծում է՝ իշխանության ՄԻՊ թեկնածուին ոչ ոք չի ճանաչում, հասարակության համար ընկալելի կերպար չէ, նրան ընկալում են միայն որպես քաղաքական թիմի անդամ. «Այն, որ ինքը գլխավոր դատախազի տեղակալն է, Սահմանադրության կամ օրենքի խախտում չէ. որեւէ խնդիր չէր լինի, եթե թեկնածուն հայտնի լիներ իր իրավապաշտպան գործունեությամբ եւ վստահություն վայելեր հասարակության կողմից: Դա սահմանադրական պահանջ է, քմահաճույք չէ: Սահմանադրական այդ պահանջն ունի շատ խորը արմատ, այն է՝ եթե այդ անձը հայտնի է ու վայելում է հանրության վստահությունը, այսպիսով նա անկախության երաշխիք է ձեռք բերում, ինչն ամենակարեւորն է ՄԻՊ-ի համար»,- ասում է Ալավերդյանը:

 

Զրուցակիցը նկատում է՝ արդեն երկրորդ անգամ է՝ հասարակության համար ընկալելի լինելու պահանջը բացեիբաց խախտվում է ե՛ւ Քրիստիննե Գրիգորյանի, ե՛ւ Անահիտ Մանասյանի դեպքում. «Այս անձինք, ի սկզբանե չհամապատասխանելով սահմանադրական պահանջին, արդեն իսկ կաշկանդված են: Այս դեպքում կախվածությունը թե՛ գործադիրից, թե՛ իշխող քաղաքական ուժից շատ մեծ է լինում: Այսինքն՝ խնդիրը ոչ թե այն է, թե ինչ պաշտոն է զբաղեցրել, այլ այն, որ հասարակության կողմից ճանաչված չէ, չունի հասարակական վստահություն, ինչն անկախության ամենամեծ երաշխիքն է: Ես իմ օրինակով կարող եմ ասել՝ լինելով ՀՀ առաջին ՄԻՊ՝ իշխանությունների կողմից քաղաքական հետապնդման էի ենթարկվում, ինձ համար կարեւոր էր հասարակության վստահությունը, իսկ հասարակությունն ինձ վստահում էր, եւ երբ ակնարկում էին՝ արդյոք չեմ ուզում հրաժարական տալ, պատասխանում էի՝ իհարկե ոչ. ես հասարակության կողմից վստահություն եմ վայելում, պատասխանատվություն եմ կրում նրանց առաջ»,- ասում է Լարիսա Ալավերդյանը: Նշենք նաեւ, որ ArmLur.am-ի տեղեկություններով՝ Անահիտ Մանասյանի հայրը «Իզմիրլյան» ԲԿ-ի անեսթեզիոլոգն է՝ Արտյոմ Մանասյանը։ Ի դեպ, Անահիտ Մանասյանը ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի «աջ ձեռքն է եղել»։ Նա 2009-2013թթ. եղել է այդ ժամանակ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի օգնականը, 2014թ.-ին՝ ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդական, 2014թ.-ից 2016թ. դեկտեմբեր՝ ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի ավագ խորհրդական, 2016թ. դեկտեմբերից 2018թ. մարտ եղել է ՀՀ Սահմանադրական դատարանի խորհրդական։ Ստացվում է՝ նախկին իշխանության կարկառուն ներկայացուցիչ Անահիտ Մանասյանն այժմ դարձել է ՔՊ-ի ՄԻՊ թեկնածուն։ Ինչպես է դարձել վստահելի՝ դժվար է ասել:

ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆ

 

 

 

 

ԿՈՇՏ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ

Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Բաթոյանի կողմից ներկայացրած ««Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագծերի փաթեթը քննադատության է արժանացել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության կողմից: Նախ՝ նշենք, որ Բաթոյանը Սոնա Ղազարյանի եւ Ծովինար Վարդանյանի հետ համատեղ ներկայացրած նախագծում առաջարկում է ամրագրել զուգընկեր հասկացությունը:

Հիմնավորման մեջ նշվում է, որ «զուգընկեր» հասկացությունն օրենքով սահմանված չէ, եւ օրենքի գործողության շրջանակից դուրս է մնում հաճախ ընտանեկան բռնության սուբյեկտ հանդիսացող անձը: Ընդ որում՝ բռնությունը գործադրվում է զուգընկերոջ նկատմամբ վերահսկողություն, ուժ, իշխանություն եւ ազդեցություն կիրառելու նպատակով, ինչը հնարավոր չէր լինի, եթե բռնության ենթարկված զուգընկեր հանդիսացող անձը, ելնելով հաստատված հարաբերությունների բնույթից (մտերիմ, ընկերական, սեռական), չունենար որոշակի կախվածություն բռնություն գործադրած անձից:

Այսպիսով, նախագծում ԱԺ փորձագիտական եւ վերլուծական վարչությունը մի շարք խնդիրներ էր հայտնաբերել:  Օրինակ՝ նախագծում ֆիզիկական բռնության վերաբերյալ նշում կատարելիս կիրառվում են «անձի կամքին հակառակ» եւ «բռնի» հասկացությունները՝ որպես արարքը որոշակիացնող հատկանիշներ: Եվ, ահա, վարչությունը գտել է, որ ընտանեկան բռնության տեսակ համարվող սեռական, հոգեբանական եւ տնտեսական բռնի արարքների դեպքում այդ հատկանիշների միաժամանակյա կիրառությունը բացառվում է, եւ այդ պատճառով նրանք առաջարկում են այդ հոդվածը չկիրառել:

Առհասարակ, նրանք հանգել են եզրակացության, որ նախագծով նախատեսված կարգավորումները կարող են խնդրահարույց լինել իրավական որոշակիության սկզբունքի տեսանկյունից:

 

 

 

 

ՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐ

Կառավարությունը «Վարժական հավաքներ հայտարարելու մասին» որոշում  է ընդունել:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական եւ սպայական կազմերի պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման եւ պատրաստման   վարժական հավաքների անցկացման անհրաժեշտությամբ:

Վարժական հավաքներին կներգրավեն մինչեւ 953 քաղաքացու, որոնցից 476-ը` կրտսեր ենթասպայական եւ շարքային կազմերի, 25-ը` ավագ ենթասպայական կազմի, 452-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:

Այսպիսով, նախատեսվում է 2023թ. ապրիլի 15-ից մինչեւ հունիսի 15-ը անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ, սահմանվում են վարժական հավաքների անցկացման նպատակները, ներգրավվող պահեստազորայինների կազմերը, ընդհանուր քանակները եւ մասնագիտությունները, յուրաքանչյուր մասնագիտությամբ հավաքների ժամկետները եւ պահեստազորայինների քանակները:

Հայտարարվող վարժական հավաքների ծախսերն իրականացվելու են ՀՀ 2023 թվականի պետական բյուջեով ՀՀ պաշտպանության նախարարությանն այդ նպատակով հատկացված միջոցների հաշվին:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

 

ՀԱՎԵԼԱՎՃԱՐ ԿՍՏԱՆԱՆ

Փրկարար ծառայողները կարող են ատեստավորվել, ստանալ հավելավճար: Օրենսդրական նախաձեռնությունն ընդունվել է կառավարության այսօրվա նիստի ժամանակ:  Փրկարար ծառայության ծառայողների ատեստավորման նոր համակարգով համապատասխան ծառայողների համար կհաշվարկվի հավելավճար:

Ծառայողը համարվելու է ատեստացիան անցած այն պարագայում, երբ, նախ, հաջողությամբ հաղթահարել է ընդհանուր զարգացածության թեստը, այնուհետեւ ֆիզիկական պատրաստականության վարժությունները, ապա մասնակցելով բուն մասնագիտական գիտելիքների ստուգման թեստին՝ նախատեսված 50 հարցերից 30-ին կամ 60 տոկոսին տվել է ճիշտ պատասխան:

Փրկարար ծառայությունում ղեկավար պաշտոն զբաղեցնող ծառայողները, բացի նշված փուլերից, անցնելու են նաեւ հարցազրույց ղեկավարման հմտությունները լրացուցիչ ստուգելու նպատակով:

Եռամյա ժամկետի ընթացքում ատեստավորման չդիմելու կամ ատեստացիայի անցողիկ շեմը չհաղթահարելու դեպքում ծառայողները, զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու հիմքով, ենթակա են Փրկարար ծառայությունում ծառայությունից ազատման:

Առաջին ատեստավորումը չհաղթահարելու դեպքում ծառայողին եռամյա ժամկետում մեկ անգամ տրվելու է վերապատրաստվելու հնարավորություն, իսկ ատեստացիան առաջին անգամ հաջող չհանձնելու դեպքում ծառայողը կստանա առնվազն եւս երկու հնարավորություն։

Ատեստավորման արդյունքներով հավելավճար ստանալու իրավունքը պահպանվում է 3 տարի, որը շարունակելու համար ծառայողը կրկին պետք է ատեստավորվի։

 

 

 

 

ՆՈՐ ՎԱՐԿ

Կառավարությունը նոր վարկ կվերցնի՝ 92 մլն եվրո արժողությամբ: Պայմանագիրը կստորագրվի Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Կանաչ, դիմակայուն եւ ներառական զարգացման քաղաքականության վարկ» անվամբ: Բյուջետային աջակցության միջոցներն ուղղվելու են 2023 թվականի պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորմանը։ Որոշման նախագծի հիմնավորմամբ՝ վարկային միջոցների ժամանակին ստացումը կարեւոր նշանակություն ունի պետական բյուջեի կատեգորիաներով նախատեսված ծախսերի ֆինանսավորման տեսանկյունից: Ծրագրի շրջանակը, մասնավորապես, ներառում է՝ Կլիմայի փոփոխության մեղմացման եւ հարմարվողականության խթանում եւ շրջակա միջավայրի կառավարման համար կարգավորող շրջանակի բարելավում, Հավասարության ամրապնդում եւ մարդկային կապիտալի զարգացման խթանում, Հակակոռուպցիոն շրջանակի եւ արդարադատության ոլորտի արդյունավետության հզորացում։

Ն. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ




Լրահոս