
ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Գուգարքի տարածաշրջանային բաժնի և ԱԱԾ Տավուշի մարզային վարչության Նոյեմբերյանի բաժնի աշխատակիցների կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքում տեղեկություններ էին ստացվել, որ ՀՀ-ում գործող կազմակերպության անվամբ սեփականատերը պատրաստվում է Հայաստանից Ռուսաստան արտահանել սիգ ձկնատեսակի ձկնկիթ՝ ապրանքները ոչ իրենց անվանմամբ հայտարարագրելու եղանակով: Այս մասին հայտնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը։
Ստացված օպերատիվ տեղեկությունների իսկությունը ստուգելու նպատակով՝ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Գուգարքի տարածաշրջանային բաժնի աշխատակիցները մաքսային հսկողության են ենթարել ՀՀ-ից ՌԴ արտահանվող, տարանցման հայտարարագրով հայտարարագրված 4520 կգ համաքաշով և 3840 կգ զտաքաշով իշխան ձկնատեսակի հատիկավոր խավիարը: Արդյունքում բավարար կասկած է առաջացել, որ զգալի մասը հնարավոր է հանդիսանում է սիգ ձկնատեսակի հատիկավոր ձկնկիթ։

All rights reserved
Իրականացված հսկողության արդյունքում պարզվել է, որ ընկերության կողմից հայտարարագրված 4520 կգ համաքաշով և 3840 կգ զտաքաշով իշխան ձկնատեսակի կարմրավուն հատիկավոր ձկնկիթի փոխարեն փաստացի առկա է 4918 կգ համաքաշով և 4260 կգ զտաքաշով սիգ ձկնատեսակի նմանվող դեղնավուն մանր հատիկավոր խավիար։
ՀՀ Կառավարության թիվ 2002 որոշման համաձայն սահմանվել է Հայաստանի տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք, ուստի հայտնաբերված սիգ ձկնատեսակի նմանվող դեղնավուն մանր հատիկավոր ձկնկիթից վերցվել են փորձանմուշներ` դրանց իրական տեսակը պարզելու համար: Նշանակվել է դատակենդանաբանական փորձաքննություն։
Համաձայն փորձաքննության եզրակացության՝ հայտարարագրված ապրանքները չեն հանդիսացել իշխան ձկնատեսակի, այլ սաղմոնների ընտանիքի՝ սիգ տեսակի ձկնկիթ է եղել։
Փաստի առթիվ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 316-րդ հոդվածի հատկանիշներով կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն, իսկ կազմված նյութերը տրամադրվել են ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչություն՝ հետագա ընթացքը որոշելու համար։