Մարտի 25-ին, ժամը 23.46-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում ստացվեց առաջին ահազանգը: Անհայտ քաղաքացին զանգել էր ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ Սարմենի փողոցում ալկոհոլի ազդեցության տակ գտնվող հինգ հոգու միջև ծեծկռտուք է: Տեղյակ պահվեցին նաև մայրաքաղաքի կենտրոնում ծառայություն կատարող պարեկային կարգախմբերը:
Մինչ բաժնի օպերատիվ խումբը մեկնում էր դեպքի վայր` ստացվեց նույնաբովանդակ մեկ այլ ահազանգ: Քաղաքացին հայտնում էր, որ նույն տարածքում մի խումբ անձանց մասնակցությամբ ծեծկռտուք է:
Առաջինը դեպքի վայր հասան Երևանի պարեկները և, խուլիգանություն կատարելու կասկածանքով, Սարմենի փողոցում ձերբակալեցին ու ոստիկանության Արաբկիրի բաժին տեղափոխեցին չորս երիտասարդի, որոնցից երկուսը՝ Երևանի, երկուսը` Նոր Հաճնի բնակիչ: 29-ամյա երևանցու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է գաղտնի փականով դանակ:
Հանգամանքները պարզվում են: