Ինչո՞ւ ենք զարմանում, որ Սիսիանում ՔՊ-ն հաղթել է. Վիգեն Հակոբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնի է՝ Շիրակի մարզի Անի և Սյունիքի մարզի Սիսիան համայնքներում մարտի 26-ին կայացած ՏԻմ ընտրություններում հաղթել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։

Սիսիան համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 7325 ձայն, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ստացել է 2553 ձայն, իսկ «Քաղաքացու որոշում» կուսակցությունը ստացել է 1443 քվե։

Անի համայնքում ՔՊ-ն ստացել է 5180 քվե, 3134 քվե ստացել է «Ազգ-համայնք» կուսակցությունների դաշինքը, «Հայկական երազանք» կուսակցությունը ստացել է 795, իսկ «Իմ հզոր համայնք» կուսակցությունը՝ 744 ձայն։
ArmLur.am-ը ընտրության արդյունքների վերաբերյալ զրուցել է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:

-Պարո՛ն Հակոբյան, ինչպե՞ս կգնահատեք ընտրության արդյունքները, սպասելի՞ էին դրանք:

-ՏԻՄ ընտրությունների արդյունքներն անսպասելի չէին, այնար վքագիծը, որը դրսևորում է մեր ժողովրդի մի հատվածը, ինչպես նաև այն բանից հետո, երբ 2021թ-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում գործող վարչախումբը վերընտրվեց, դրանից հետո դժվար է զարմանալ, 2021թ-ին դեռ պատերազմի հետքերը թարմ էին, դժգոհության մեծ ֆոն կար, բայց, այնուամենայնիվ, ընտրությունների արդյունքում իշխող ուժը վերընտրվեց;

Կարծում եմ, այսօրվա ապատիային, որը տիրում է Հայաստանում՝ պատերազմում պարտությունից հետո և մեր հանրության ոչ ռացիոնալ վարքագիծը, սրան եթե գումարենք իշխանության ավելի լկտիանալը, ապա այս ամենը լրիվ ապահովում է այն արդյունքը, որն ունենք:

Սրան գումարվում է նաև ընդդիմության պասիվությունը, քաղաքական դաշտում նրանց բացակայությունը, որը մեծ բացթողում է, այս պարագայում, այն մարդիկ ՔՊ-ին ձայն չէին տա որևէ պարագայում, լուրջ այլընտրանք չունեին:

Սրանով է նաև պայմանավորված, որ նույն Սիսիանում ընդմենը 49% է մասնակցել ՏԻՄ ընտրություններին: Բացի սա՝ Հայաստանում ՏԻՄ ընտրությունները երբեք քաղաքական չեն լինում իրենց բնույթով, քանի որ փոքր համայնքներում ընտրությունների ժամանակ ավելի շատ տեղական կլանների միջև պայքար է լինում, ով ավելի մեծ ցեղ է ունենում, շրջապատ է ունենում նա էլ հաղթում է: Քաղաքական այն ուժերը, որոնք մասնակցում են ընտրություններին, միշտ պետք է հաշվի առնեն սա, որ ՏԻՄ ընտրություններին իրականում քաղաքացիներն իրենց հարցեր լուծող մարդ են ընտրում, ոչ թե քաղաքական ուժի ներկայացուցիչ: Ցանկացած քաղաքական ուժ պետք է սա հաշվի առնի ու ընտրությունների դուրս գա այնպիսի կազմով, որը բավարարում է հայաաստանյան ՏԻՄ ընտրությունների պահանջին: Օրինակ, քաղաքապետի թեկնածուն պետք է լինի տեղի ժողովրդի համար շատ հասկանալի, ընկալելի, հարց լուծող, գումար ունեցող մեկին, որպեսզի, անկախ քաղաքական պատկանելությունից, նա ընտրվի:

Շատ բաներ հաշվի չեն առնում, ստանդարտներով են առաջ գնում, դրա համար էլ գործող իշխանությունը կարողանում է հաղթել:

-Պարո՛ն Հակոբյան, հատկապես տարօրինակ էր Սիսիանի ընտրության արդյունքները, գիտենք, որ հենց այս իշխանության օրոք Սիսիանը դարձել է սահմանամերձ, թշնամին հաստատվել է Իշխանասարի և Սև լճի հատվածում, սրա մասին ի՞նչ կասեք:

-Այն ինչ տեղի ունեցավ Սիսիանում նույն տրամաբանւթյան շարունակությունն է, եթե հիշում եք, խորհրդարանական ընտրությունների ժամանակ էլ Սյունիքում ՔՊ-ն հաղթել էր, ինչո՞ւ ենք հիմա զարմանում, որ Սիսիանում հաղթել են: Հիմա ուղղակի աշխատել է նաև իշխող ուժի մեծ հմտությունը՝ընտրություններում վարչական ռեսուրս օգտագործելու, ինչ-որ տեղ ընտրակաշառք բաժանելու հարցում, ես սա ասում եմ՝ հիմնվելով տարբեր հայտարարությունների վրա:

Քրիստինա Մուշեղյան 




Լրահոս