42 հազար դրամ կազմող մեր կենսաապահովման նվազագույն բյուջեն թե՛ հակասահմանդրական է եւ թե՛ հակասում է սոցիալական խարտիայի համապատասխան դիրեկտիվներին: Մեզ հետ հարցազրույցում նման կարծիք հայտնեց սոցապ նախարար, ԲՀԿ-ական Արթուր Գրիգորյանը: Երեկ խորհրդարանական ընդդիմությունը նրան ողջ կառավարության փոխարեն դարձրել էր քավության նոխազ, քանի որ ֆորմալ առումով հենց նա էր ներկայացնում կառավարության «Օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» եւ «Դատախազության մասին» օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագիծը:
«Եթե այս օրինագծի շնորհիվ կոռուպցիան դատախազությունում եւ դատարաններում գեթ մեկ տոկոսով պակասի, երկու ձեռքով կողմ կքվեարկեմ»,-հայտարարեց Արմեն Մարտիրոսյանը: Ստեփան Սաֆարյանն էլ պահանջեց հակառակը՝ նվազեցնել նրանց աշխատավարձերն` ասելով. «Հանցակազմը դնում ես դատախազի սեղանին, ասում է` հանցակազմ չկա»: «Չուժոյ պախմել»-ի վիճակում հայտնված նախարարին Վիկտոր Դալլաքյանն էլ բազմաթիվ հռետորական հարցեր ուղղեց. «Թոշակների եւ նպաստների չնչին լինելու պարագայում կարելի՞ է նման մոտեցում ցուցաբերել, իհարկե ոչ…»:
-Պարո՛ն Գրիգորյան, այնուամենայնիվ, անձնապես ի՞նչ եք կարծում` պատգամավորների հարցադրումների մեջ կա՞ր ռացիոնալ հատիկ: Այսինքն, որ բարոյական չէ նման ցածր թոշակների պարագայում բարձրացնել դատախազների ու դատավորների աշխատավարձերը:
-Այսօր ընդամենը ԱԺ-ում ներկայացված էր օրենքի նախագիծ, որը ենթադրում է տեխնիկական լուծում: Նախագծի ընդունումը եղել էր 2008 թվականին, որոշվել էր բարձրացնել դատախազների եւ դատավորների աշխատավարձերը: Սակայն 2008-ից հետո մեկ տարի երկարաձգվեց ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառով, եւ հասանք 2011 թվական, որի դեկտեմբերին այս իրավական ակտը կա՛մ պետք է ունենա ժամանակավոր երկարաձգման բնույթ, կա՛մ պետք է դառնա հիմնական: Քննարկման ժամանակ հարց հնչեց` ինչո՞ւ դատավորների եւ դատախազների աշխատավարձը բարձրացվում է, իսկ հանրային ծառայողներինը` ոչ: Այո՛, այդ առումով ես միանշանակ կողմ եմ պատգամավորների կողմից բարձրացված հարցերին, որ պետությունում պետք է ընդունվի աշխատավարձերի միասնական քաղաքականության վերաբերյալ վերջնական որոշում: Խնդիր ունենք այս ոլորտում. կան հանրային, քաղծառայողներ եւ պետական ծառայողներ, որոնք, ցավոք սրտի, այսօր շատ ցածր աշխատավարձ են ստանում: Հարցը պետք է լուծվի: Համամիտ եմ նաեւ այն պատգամավորների հետ, որոնք հարց բարձրացրին, թե ինչու միեւնույն ժամանակ չի ներկայացվում որոշակի հայեցակարգ` աշխատավարձերի ընդհանուր քաղաքականություն մշակելու առումով: Հայեցկարգը կա, մշակված է, սակայն խնդիրն այն է, որ այսօր եղած պետական բյուջեի սահմաններում չենք կարողանում դրան ընթացք տալ:
-Ի դեպ, պատգամավորները չէին մոռանում «ձեռքի հետ» էլ իրենց աշխատավարձի մասին խոսել:
-Պատգամավորներն իրենց աշխատավարձից էին խոսում, ես էլ իմ աշխատավարձից պետք է խոսեմ, որովհետեւ, հավատացե՛ք, ոչ մի բանով չի տարբերվում նրանց աշխատավարձից: Դեռ կարծեմ իմ աշխատավարձն ավելի ցածր է: Գիտեք ի՞նչ, վերջին անգամ պետական ծառայողների աշխատավարձերը ՀՀ-ում բարձրացվել են 2003-ին: Իսկ դրանից մինչեւ այսօր մենք թե՛ գնաճի առումով եւ թե՛ մնացածի հսկայական տարբերություն ունենք: Այդ վերլուծությունները մենք ամբողջությամբ ունենք: Նույնիսկ մի քանի անգամ առաջարկությունները` միասնական քաղաքականության եւ բարձրացման մասին, գնացել են կառավարություն, որպեսզի հարցը բերենք ԱԺ եւ վերջնական լուծում տանք, սակայն հետ ենք ստացել:
-Ասացիք, որ տարիներ առաջ ընդունված օրենքը ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառով հետաձգվել էր, մինչեւ եկավ հասավ այս օրը: Բայց հիմա էլ սպասվում է ճգնաժամի երկրորդ ալիքը:
-Ես չեղած բանի մասին չեմ կարող որեւէ միտք արտահայտել, որովհետեւ համենայնդեպս այսօր մենք այդ երկրորդ ալիքի մասին միայն լսում ենք, եւ չեմ կարծում, որ այդ երկրորդ ալիքն այդքան լուրջ է լինելու:
-Անցած տարի այս ժամանակ, երբ ՀՅԴ-ն ու «Ժառանգություն»-ն առաջարկում էին նվազագույն աշխատավարձը բարձրացնել 45 հազար դրամի, ներկայացրեցիք կառավարության բացասական եզրակացությունն այն հիմնավորմամբ, որ մեր պետությունը նման ռեսուրսներ չունի:
-Եթե խոսքը նվազագույն աշխատավարձի մասին է, ապա այսօր այն 32.500 դրամ է սահմանված, եւ մենք ունենք արդեն վիճվարչության կողմից 2011 թվականի եռամսյակի վերլուծությունները, որտեղ կենսաապահովման նվազագույն բյուջեն եւ նվազագույն սպառողական զամբյուղն էապես բարձր են նվազագույն ամսական աշխատավարձի չափից: Եթե վերցնենք առողջապահական նորմատիվներով հաշվարկված նվազագույն բյուջեն, այն այսօր կազմում է մոտավորապես 61 հազար դրամ: Իսկ 42 հազար դրամ կարծեմ կազմում է մեր կենսաապահովման նվազագույն բյուջեն, որը թե՛ վերանայված սոցիալական խարտիայի համապատասխան դիրեկտիվների, թե՛ մեր միջազգային պարտավորությունների եւ թե՛ Սահմանադրության հետ հակասությունների մեջ է:
-Վիրավորված չե՞ք, որ Դուք էիք ԱԺ-ի բողոքի ալիքի պատվարը:
-Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն է մշակում ե՛ւ աշխատավարձերի քաղաքականությունը, ե՛ւ մեթոդաբանությունը: Այո՛, հարցի ներկայացնողը կառավարությունից պետք է լիներ համապատասխան լիազոր մարմինը, որը ես էի: Ուղղակի ԱԺ-ն քաղաքական ամենաբարձր ամբիոնն է եւ յուրաքանչյուր պատգամավոր իրավունք ունի իր տեսակետները արտահայտել` թե՛ քաղաքական եւ թե՛ մասնագիտական: Եւ դրա լավագույն հնարավորությունը հենց այսօր էր, եւ իրենք առիթը բաց չթողեցին:
ԵՐԲ ԻՐԱՏԵՍ Է ՍՈՑԱՊ ՆԱԽԱՐԱՐԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՆՈՒՇ ԴԱՇՏԵՆՑ