Բլից զրույց ԱԺ պատգամավոր, Հանրապետական կուսակցության անդամ Արմեն Պուրտոյանի հետ: -Պարո՛ն Պուրտոյան, Դուք առաջադրվելո՞ւ եք հաջորդ ԱԺ ընտրություններում: -Կուսակցությունը ոնց կորոշի: -Որքան էլ ՀՀԿ-ից պաշտոնական հայտարարությունների մակարդակով ասվի, որ ցուցակների մասին դեռ վաղ է խոսելը, ոչ պաշտոնապես տեղեկություններ կան, որ նախագահը մեծամասնական ցուցակով արդեն զբաղվում է: Մասնավորապես կանչում է մարզային պատասխանատուներին եւ առաջարկում իրեն իրատեսորեն ներկայացնել, թե այն ընտրատարածքներում, որտեղ ավանդաբար երկու հանրապետականներ են առաջադրվում, ով անցնելու իրական հնարավորություններ ունի: Ձեր կարծիքով` ճի՞շտ է անում: Եւ Ձեր պարագայում ի՞նչ կարող եք ասել: -Դե դա բնակիչները կասեն, նախագահը եթե նախաձեռնում է, ուրեմն մի բան գիտի: Երեւի ճիշտը դա ա: Թող հարցումներ անեն, տեսնեն, ում միավորները, վարկանիշները բարձր կլինեն, թող նա էլ առաջադրվի: -Նաեւ երբ սկզբում հայտարարվեց, որ գործարարները չեն լինի, շատերն ասացին, որ իրենք էլ չեն ուզում: Ասում են, որ ՀՀԿ ԳՄ նիստի ժամանակ Սերժ Սարգսյանն այդպես էլ ասել է, որ գործարարները չեն լինելու, եւ չեն լինելու անգրագետները: Բայց հետո հայտնի դարձավ, որ այդ արգելքը վերաբերելու է ոչ բոլոր գործարարներին, հիմա ՀՀԿ շարքերում մի պրոցես է սկսել, որ բոլորն ուզում են ցույց տալ … -Ով ա գործարար, ով անգրագետ, հա՞… -Չէ՛, հակառակը, ինչքան ինտելեկտուալ են, կրթված: Անգամ ասվում է, որ խոստանում են սրանից հետո ելույթներ ունենալ եւ այլն: Դուք նման բանի ականատես եղե՞լ եք: -Չէ՛, չեմ նկատել: -Իսկ Ձեզ ինտելեկտուալ համարո՞ւմ եք, ինչ-որ չափով: -Օրինակ` անինտելեկտուալ մարդը ստեղ ի՞նչ գործ ունի: -Հա՞, իսկ որ գործարար եք: -Ես գործարար չեմ, ես նախկինում եմ եղել գործարար: Թող մեկն ապացուցի, որ ես հիմա գործարար եմ: -Կարծեմ ՀԱԿ-ի ցանկում Ձեր անունն էլ կար: Ինչ-որ օբյեկտներ էին նշված: -Ես տեղյակ չեմ: Գործարար… իմ ընտանիքի անդամները բոլորը գործարար են, ես չէ: -Իսկ ի՞նչ եք կարծում` ճի՞շտ կլինի, որ ՀՀԿ-ն վերանայի իր ցուցակը` փոխելով անձանց: -Ձեր հարցին չեմ կարող պատասխանել, դա նախագահի ու կուսակցության որոշումն է: