Ադրբեջանի նախագահի աշխատակազմը հերթական առաջարկությամբ է հանդես եկել Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների միջև Բաքվում ապրիլի սկզբին հանդիպում անցկացնելու վերաբերյալ: Այս առաջարկին արձագանքել են Արցախի Հանրապետության իշխանությունները:
Մասնավորապես, Ադրբեջանի նախագահի աշխատակազմը հայտարարություն էր տարածել և նշել, որ Ադրբեջանի նախագահի աշխատակազմը, որպես շարունակություն մարտի 1-ին Խոջալու {Իվանյան} քաղաքում կայացած հանդիպման և մարտի 13-ի հրավերի, ևս մեկ անգամ հրավիրում է Ղարաբաղի հայ համայնքի ներկայացուցիչներին ապրիլին առաջին շաբաթվա ընթացքում Բաքվում հանդիպում անցկացնել՝ վերաինտեգրման, ինչպես նաև Ղարաբաղում ենթակառուցվածքային նախագծերի իրականացման հարցերը քննարկելու համար:
Սակայն Արցախի իշխանությունների խոսքով, հանդիպման վայրի և օրակարգի հետ կապված ադրբեջանական կողմի հնչեցրած պայմանները, ինչպես նաև համատեքստը, որում ներկայացվել է տվյալ առաջարկը, վկայում են, որ Ադրբեջանի իշխանությունների նպատակը ոչ թե առկա խնդիրների շուրջ իրական քննարկումն է, այլ հնարավոր երկխոսության խաթարումը կամ հարկադրանքի, շրջափակման, կյանքի անտանելի պայմանների ստեղծման և ռազմական ուժի կիրառման միջոցով սեփական քաղաքական օրակարգի պարտադրումը։
Միևնույն ժամանակ Արցախից վերահաստատել են պատրաստակամությունը, նախորդ հանդիպումների անցկացման արդեն իսկ ձևավորված պրակտիկայի համաձայն, Արցախում ՌԴ խաղաղապահ առաքելության միջնորդությամբ և նրանց հրամանատարության տեղակայման վայրում հանդիպել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու Արցախի ժողովրդի բնականոն կենսագործունեության ապահովման և կողմերի ստանձնած պարտավորությունների պատշաճ իրականացման, մասնավորապես, Լաչինի միջանցքի անխափան գործունեության հետ կապված հարցերը։
Մանրամասները՝ տեսանյութում
Ն.Հ.