Ֆրանսիայում բողոքի ցույցերին ավելի քան 500 հազար մարդ է մասնակցել. Ֆիգարո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավելի քան 500 հազար մարդ դուրս է եկել Ֆրանսիայի քաղաքների փողոցներ՝ անհամաձայնություն հայտնելով կենսաթոշակային բարեփոխումներին։ Այս մասին երեքշաբթի հայտնել է Le Figaro թերթը՝ վկայակոչելով ներքին գործերի նախարարության տվյալները։

Հրատարակության տվյալներով՝ «ըստ ոստիկանության հաշվարկների՝ Ֆրանսիայի 214 կոմունաներում տեղի ունեցած ակցիաներին մասնակցել է 556 հազար մարդ»։

Դա մեկուկես անգամ պակաս է, քան մարտի 23-ի ակցիաների ժամանակ, երբ փողոց դուրս եկավ գրեթե 850 հազար մարդ, և կեսից ավելի, քան մարտի 7-ին (1 մլն մարդ), նշում է Le Figaro-ն։

Կենսաթոշակային բարեփոխումների դեմ պայքարի տասներորդ օրվա գործողություններն ուղեկցվել են անվտանգության աննախադեպ միջոցառումներով։ Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինի խոսքով՝ ամբողջ երկրում գործողությունների ընթացքում անվտանգությունն ապահովում են մոտ 13 հազար ոստիկան ու ժանդարմ, այդ թվում՝ 5500-ը՝ Փարիզում։

Բարեփոխումը, որը նախատեսում է Ֆրանսիայում կենսաթոշակային տարիքային շեմի՝ 62-ից 64-ի բարձրացում և մի շարք հատուկ կենսաթոշակային ռեժիմների վերացում՝ սոցիալական համակարգի ֆինանսական հավասարակշռությունն ապահովելու համար, ներկայացվել է հունվարին։

Առաջարկվող փոփոխություններն անմիջապես առաջ բերեցին բազմաթիվ բողոքներ։ Մարտի 16-ին Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնը հայտարարեց կենսաթոշակային համակարգում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի ընդունման մասին։ Արհմիությունների և ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները դատապարտեցին կառավարության քայլը և կոչ արեցին ավելի շատ գործադուլներ անցկացնել ամբողջ երկրում:




Լրահոս