Ռուսաստանը նվեր չէ մեզ համար, բայց պետք է ճիշտ հաշվարկված քայլեր անել. քաղաքագետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը Հայաստանում և Արցախում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ զրուցել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի հետ:

-Պարո՛ն Շահնազարյան, Նիկոլ Փաշինյանը վերջերս կառավարության նիստին հայտարարեց, որ խաղաղության պայմանագիր լինելու է՝ բարձրագույն մակարդակներում ձեռք բերված գրավոր փաստաթղթերի հիման վրա: Չնայած հայկական կողմի միակողմանի խաղաղության ձգտումներին՝ հակառակորդը ավելի է ագրեսիվացնում իր քաղաքականությունը, սպառնալիքներ է հնչեցնում, լարում է սահմանային իրավիճակը; Այս պայմաններում ինչպե՞ս եք պատկերացնում խաղաղության գործընթացը, ըստ ձեզ հնարավո՞ր է խաղաղության պայմանագիր նման լարված իրավիճակում:

-Ես չեմ բացառում, որ Նիկոլ Փաշինյանը վաղն էլ հայտարարի՝ ինչ էլ լինի երկրում, եկեք համարենք, որ խաղաղություն է տիրում, նրա անպատասխանատու և հակասական, իրականությունը խեղող հայտարարությունները նորություն չեն, վաղուց նրա հայտարարություններին լուրջ չեն թե՛ Հայաստանի ներսում, թե՛ միջազգային հանրությan: Հետևաբար՝ նրա հայտարարությունները, թե խաղաղության պայմանգիր է լինելու, գրոշի արժեք ունեն, բոլորը լավ գիտեն՝ խաղաղության ասելով՝ նա ինչ նկատի ունի: Նա, խաղաղության ասելով, նկատի ունի թշնամու նախապայմաններով դելիմիտացիա սահմաններին, Թուրքիայի հետ սահմանների բացում, չեմ բացառում նաև միջանցքի տրամադրում տարբեր ձևակերպումներով, այնպես, որ մարդիկ չհասկանան՝ ինչ տեղի ունեցավ: Ես նրա խոսքերի վրա հիմնվելու կամ դրանցից եզրակացության գալու որևէ հիմք չունեն, փոխարենը՝ ես տեսնում եմ համագործակցված աշխատանք Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների միջև: Ադրբեջանցիները սահմանից են փորձում վախեցնել մեր ժողովրդին, նույնը ներսում անում է նաև Հայաստանի իշխանությունը՝ ասում է՝ պատերազմ կլինի,պետք է անպայման խաղաղության գնանք: Այս ընդհանուր տեղեկատվական-քարոզչական ահաբեկչություն իրականացնելով առաջ են տանում թուրք-ադրբեջանական օրակարգը:

-Պարո՛ն Շահնազարյան, վերջին շրջանում կտրուկ ակտիվացել է ամերիկյան կողմը: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարեց, որ ԱՄՆ-ն ճնշումներ է գործադրում Ադրբեջանի վրա՝ Լաչինի միջանցքը բացելու համար, ամերիկյան կողմը մեկ այլ հայտարարություն ևս հնչեցրեց, որ նախապայմաններ է տեսնում Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության կնքման համար: Ինչո՞վ եք պայմանավորում ամերիկյան կողմի այս ակտիվությունը:

-Բացառապես մեկ հանգամանքով՝ Հայաստանում հակառուսական տրամադրություններին նոր թափ հաղորդելու համար, ԱՄՆ-ն Ադրբեջանի վրա որևէ ճնշում չի գործադրում, սա ակնհայտ է, մեծ հաշվով այս իրավիճակում ճնշման մեխանիզմներ չունեն էլ: Նրանք տեսնում են, որ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության հետևանքով Հայաստանում հակառուսական տրամադրություններն աճում են, փորձում են հիմա որպես դրական կողմ ներկայանալ, բայց նպատակը մեկն է՝ փորձում են Ռուսաստանին դուրս բերել տարածաշրջանից: ԱՄՆ-ն հայտարարություններից այն կողմ չի գնա, որևէ պատժամիջոց, սահմանափակում կամ հստակ ձևակերպված պահանջ, ճնշում Ադրբեջանի վրա չկա, փոխարենը զարգացնում են համագործակցությունն Ադրբեջանի հետ, հետևաբար՝ այդ հայտարարարությունները պոպուլիստական բնույթի են, զրոյական ազդեցություն ունեն:

-Վերջերս Հայաստանի բարձրագույն դատարանը որոշեց, որ Հայաստանի միացումը միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությանը համապատասխանում է երկրի հիմնական օրենքին։Մոսկվան բավականին կոշտ է արձագանքել սրան և զգուշացրել «երկկողմ հարաբերությունների համար սրա չափազանց բացասական հետևանքների մասին»: Ի՞նչ հետևանքներ սա կունենա հայ-ռուսական հարաբերությունների վրա, Մոսկվան կտրուկ քայլերի կգնա՞:

-Ռուսական կողմն այդպիսով առնվազն հնարավորություն է ստանում Հայաստանի հարցում անգործունեություն ցուցաբերելու համար, երբ, օրինակ, ի հայտ է գալիս նոր խնդիր, իրենք չեն միջամտում՝ ասելով՝ դուք մեր դեմ պայքարում եք, հիմա գնացեք ու ձեր խնդիրները լուծեք: Իսկ ՀՀ իշխանությունների նման քայլերի հետևանքը՝ Արցախի տարածքների կորուստն է, սահմանին տեղի ունեցող կրակոցներն են, Հայաստանի տարածքների օկուպացիան է, այս ամենը դրա հետևանքն է, հեղաշրջման առաջին իսկ օրից Նիկոլ Փաշինյանի կառավարության ոչ հաշվարկված ու հակառուսական քայլերի հետևանքն է այս ամենը: Իհարկե, հասկանալի է, որ Ռուսաստանը նվեր չէ մեզ համար, շատ դժվար գործընկեր է, բայց պետք չէ առիթ տալ, որ ռուսական կողմն իր անգործունեությունն արդարացնի, պետք է ճիշտ հաշվարկված քայլեր անել ու Ռուսաստանի հետ հարաբերությունների ճիշտ մոտեցում ցուցաբերել, հակառակ դեպքում՝ հետևանքը տարածքային նոր կորուստներն են լինելու:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս