Իշխող կոալիցիային կարծես թե կարճ ժամանակ է մնացել. դատելով շրջանառվող լուրերից եւ կոալիցիոն ուժերի՝ ՀՀԿ-ԲՀԿ ներկայացուցիչների տրամադրություններից` նրանց միջեւ հարաբերություններն առավել քան լարված են, ու չի բացառվում, որ ի վերջո, կոալիցիոն ուժերը միմյանցից բաժանվեն խաղաղությամբ: Առայժմ նրանց «դրսի պապաները» չեն թույլատրում գնալ այդ քայլին, բայց առայժմ:
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների վկայությամբ` նախօրեին` երեկոյան, նախագահական նստավայրում տեղի է ունեցել հավաք: Հարկային օրենսդրության փոփոխությունների փաթեթի քննարկումից հետո արդեն ավելի նեղ շրջապատով Սերժ Սարգսյանը, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ԱԱԽՔ Արթուր Բաղդասարյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ու վարչապետ Տիգրան Սարգսյանը քննարկել են կոալիցիայի հետագա ճակատագիրը: Հատկանշական է, որ անցնող շաբաթվա ընթացքում կոալիցիոն երկու ուժերի՝ ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի մեջ ժամանակավոր «զինադադար» կնքվեց: Մասնավոր զրույցներում այս հանգամանքը կոալիցիայի անդամ պատգամավորները պարզաբանում էին Սերժ Սարգսյանի՝ ՌԴ կատարած այցով: Հիմա ՌԴ է մեկնելու Ռոբերտ Քոչարյանը, որն, ինչպես հայտնի է, իր ազդեցությունն ունի ԲՀԿ-ի վրա: Ու չի բացառվում, որ նրա վերադարձից հետո արդեն վերջնականապես պարզ դառնա կոալիցիայի ճակատագիրը: Պատահական չէ, որ այս շաբաթ տեղի չեն ունենա ավանդական դարձած ՀՀԿ խորհրդի եւ գործադիր մարմնի նիստերը:
Մինչ այդ, սակայն, ՀՀԿ-ականներից ոմանք երեկ շրջանառության մեջ էին դնում խոսակցություններ, թե կոալիցիայի լուծարման մասին հայտարարությունն արդեն իսկ ստորագրվել է եւ առաջիկա շաբաթվա ընթացքում կհրապարակվի: Նաեւ լուրեր կային, որ Ծառուկյանն իր նախարարներին զգուշացրել է պատրաստ լինել ցանկացած զարգացումների, այդ թվում եւ կոալիցիայից դուրս գալու եւ պորտֆելները վայր դնելու: ԲՀԿ-ական նախարարները, նույն լուրերի համաձայն, միանշանակ հավաստիացրել են, թե իրենց դեպքում չի լինի այն, ինչ կատարվեց ՕԵԿ-ի հետ. իրենք հավատարիմ են Ծառուկյանին ու նրա կոչով ցանկացած պահի պատրաստ են հրաժարվել պաշտոնից:
Ի դեպ, ՕԵԿ-ականների պահվածքից ու վերջին օրերի հարցազրույցներից կարելի էր ենթադրել՝ նրանք շահագրգռված են, որ ԲՀԿ-ն լքի կոալիցիան: Ակնհայտ է, որ այս սցենարն ամենաշատը հենց իրենց է ձեռք տալիս, քանի որ այդ դեպքում ՕԵԿ-ին բաժին կհասնի ԲՀԿ-ից հետո թափուր մնացած պաշտոնների մի մասը: Նշենք նաեւ, որ երեկ` օրվա երկրորդ կեսին, ԱԺ-ում էր ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանը. նա մոտ մեկժամանոց հանդիպում է ունեցել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ: Թե ինչ են նրանք խոսել, առայժմ պարզել չհաջողվեց:
Մինչ այդ, երեկ կոալիցիոն հատկապես երկու ուժերի՝ ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի միջեւ ակնհայտ էր խիստ լարվածությունը: Իսկ պատճառը վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ նախօրեի հայտարարություններն էին, երբ նա զգուշացրել էր, թե «մենք կամուրջներ ենք կառուցում բոլորի հետ համագործակցության համար, ովքեր կհամագործակցեն, համոզված ենք, որ կշահեն, ովքեր չեն համագործակցի, կհայտնվեն կոտրված տաշտակի առջեւ»: Ու թեեւ վարչապետը չտվեց ԲՀԿ-ի անունը, բայց եւ չհերքեց, որ նրանց նկատի ուներ: Լրագրողի հարցին՝ «կոտրված տաշտակի ակնարկն արդյո՞ք վերաբերում էր ԲՀԿ-ին», Տ.Սարգսյանն ասաց. «Ես կարծում եմ` նոր առիթ եմ ձեզ տալիս տասնյակ հոդվածներ գրելու համար»։ Այն, որ լրագրողների տեսնելիս Տիգրան Սարգսյանի մոտ կատակելու, հումորի անզուսպ ցանկություն է առաջանում, եւ նա հաջողությամբ ցանկությունն իրականացնում է, հայտնի է շատերին: Համենայնդեպս, դեռ չի մոռացվել, թե ինչպես էր նա հարցազրույցի ժամանակ «կատակել»՝ խոստովանելով, որ արտագաղթը չեն կանխում, որպեսզի դժգոհ զանգվածը չմնա երկրում ու հեղափոխություն չանի: Ու հիմա չի բացառվում, որ Տիգրան Սարգսյանը տնտեսությունում մոտ 14 տոկոս անկում գրանցելուց հետո որոշել է հոգ տանել նաեւ լրատվամիջոցների մասին՝ նրանց մատակարարելով ուշագրավ, սենսացիոն թեմաներ` այդպես բարձրացնելով թերթերի տպաքանակը: Չի բացառվում, որ առաջիկայում նա ասի, որ ոչ թե քաղաքական հայտարարություններ է արել, այլ ընդամենը լրագրողներին տասնյակ հոդվածներ գրելու նոր առիթ է տվել:
Բայց մինչ Տիգրան Սարգսյանը կփորձի հերթական կատակն անել, ԲՀԿ-ն բավական «նուրբ» է պատասխանել կոտրած տաշտակի առաջ հայտնվելու մասին նախազգուշացումներին: ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը Տ.Սարգսյանի հայտարարությունները մեկնաբանեց մեկ նախադասությամբ. «Պարոն վարչապետի ասածներին կարելի է արձագանքել աստվածաշնչյան խոսքով՝ այսպես լինելու է ընդմիշտ, զի քո է արքայություն եւ զորություն եւ փառք հավիտյանս հավիտենից, ամեն»:
Կարծում ենք` այս դեպքում տերունական աղոթքն էլ չի փրկի իրավիճակը:
ՆԵՐԻՇԽԱՆԱԿԱՆ ԳԶՎՌՏՈՑԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ