
Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների կողմից Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու առաջադրված Էդգար Ղազարյանը հանդիպման առաջարկով դիմել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը։ Այս մասին Էդգար Ղազարյանը հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառմամբ։
«Այսօր, որպես Ազգային ժողովում «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների կողմից Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրված միասնական թեկնածու, պաշտոնապես դիմել եմ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարին (նաև քարտուղարին, ով հանդիսանում է նաև ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ)` կազմակերպելու համար իմ հանդիպումը խմբակցության պատգամավորների հետ։
Իմ կողմից առաջարկվել է հանդիպման բաց և հրապարակային ձևաչափը` զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ` ուղիղ եթերով հեռարձակման հնարավորությամբ։ Միաժամանակ ընդունելի է համարվել իրենց կողմից առաջարկվող այլ ձևաչափով հանդիպման հնարավորությունը»,- գրել է Ղազարյանը։