Ադրբեջանն Արցախում հերթական անգամ խախտել է հրադադարի ռեժիմը՝ կրակելով դաշտավայրում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող խաղաղ բնակչի ուղղությամբ։
Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարությունից։
Դեպքը տեղի է ունեցել մարտի 30-ին։ Բերդաշեն համայնքի 29-ամյա բնակիչ Հայկ Զարգարյանը գյուղի վարչական տարածքում իր կողմից շահագործվող «Բելառուս» մակնիշի տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ է իրականացրել, երբ ադրբեջանական բանակի ծառայողները հարակից մարտական դիրքերից հրաձգային տարբեր տրամաչափի զինատեսակներով կրակ են բացել բնակչի ուղղությամբ։
Գյուղատնտեսական աշխատանքները դադարեցվել են։ Դեպքի մասին տեղեկությունները փոխանցվել են ռուս խաղաղապահներին։