Գերմանիան պարզեցնում է միգրացիայի կանոնները մասնագետների համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիայի դաշնային կառավարությունը վերանայում է գործող միգրացիոն քաղաքականությունը՝ երկրում աշխատուժի պակասի պայմաններում: Օրինագիծը, որը կդյուրացնի արտերկրից որակավորված մասնագետների մուտքը Գերմանիա, մարտի 29-ին հավանության Է արժանացել Գերմանիայի նախարարների կաբինետի կողմից։

Այժմ այն ​​պետք է անցնի Բունդեսթագով (խորհրդարան) և Բունդեսրատով (դաշնային երկրամասերի ներկայացուցչություն)։ Այդ մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Deutsche Welle-ի ռուսական ծառայությանը:

Ներքին գործերի նախարար Նենսի Ֆեյզերի և աշխատանքի նախարար Հուբերտուս Հեյլի պատրաստած փաստաթուղթը, ի թիվս այլ բաների, նախատեսում է նոր «հնարավորությունների քարտի» (Chancenkarte) ներմուծում՝ բալային համակարգով։ Բալերը հաշվարկելիս հաշվի առնվող չափանիշները ներառում են որակավորումը, գերմաներենի իմացությունը, մասնագիտական ​​փորձը, կապը Գերմանիայի հետ (օրինակ՝ երկրում արդեն ապրող հարազատները) և տարիքը։ «Հնարավորությունների քարտը» որակավորած օտարերկրացի մասնագետներին մեկ տարի է տալիս Գերմանիայում աշխատանք գտնելու համար:

Որպեսզի հայցորդները կարողանան իրենց ֆինանսապես ապահովել այդ ժամանակաընթացքում, այն նաև կողմնակի գումար աշխատելու հնարավորություն է տալիս: Նոր օրինագիծն այն օրենքների փաթեթի մի մասն է, որոնց միջոցով Գերմանիայում իշխող կոալիցիան ձգտում է արդիականացնել միգրացիոն օրենսդրությունը, կեցության թույլտվության ձևակերպումը և քաղաքացիություն ստանալու գործընթացը:

Օրինագծի հեղինակների գնահատմամբ՝ Եվրամիության կազմի մեջ չմտնող երկրներից որակավորված աշխատողների միգրացիան կավելանա տարեկան մոտավորապես 60 հազարով, ինչը գրեթե կրկնակի գերազանցում Է 2019 թվականի՝ մինչև COVID-19-ի համավարակը եղած ցուցանիշները:




Լրահոս