ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը գրում է.
ՀՀ Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակության կազմով հանդիպեցինք ԳԴՀ Սաքսոնիա երկրամասի վարչապետ Միխայել Կրեչմերի հետ:
Վարչապետին ներկայացրի Ադրբեջանի կողմից Արցախի լիակատար շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամը, Հայաստանի և Արցախի դեմ Ադրբեջանի տարածքային նկրտումները և վերջինիս կողմից միջազգային կոնվենցիաներով ամրագրված մարդու իրավունքների կոպտագույն խախտումները։
Նշեցի, որ Արցախում բուժառուները, զրկված լինելով Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապից, հնարավորություն չունեն ստանալու պատշաճ բուժօգնություն Երևանում, ինչպես նաև, ի թիվս այլ կենսական անհրաժեշտության պարագաների, բավարար քանակությամբ դեղորայք չի մատակարարվում Արցախ, քանի որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հնարավորություն չունի ամենօրյա ռեժիմով դեղերի անհրաժեշտ խմբաքանակը հասցնել Արցախ։
Ներկաները խորը մտահոգություն ունեին թեմայի առնչությամբ և հետաքրքրությամբ լսեցին իրավիճակի նկարագրված բոլոր մանրամասնությունները։