«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը երկուշաբթի երեկոյան հրապարակել էր «հետազոտական Numbeo պորտալի կողմից հրապարակած» տվյալները՝ աշխարհի «ամենաանվտանգ» քաղաքների մասին, որտեղ Երեւանը զբաղեցնում է 14-րդ հորիզոնականը։
«Անվտանգության վարկանշային աղյուսակում ներառվել է ընդհանուր առմամբ 242 քաղաք։ Հայաստանն այս հորիզոնականով առաջատար է տարածաշրջանում»,- գրել էր Չախոյանը։
Ըստ Numbeo-ի՝ իսկապես, Երեւանը 14-րդ «անվտանգ» քաղաքն է, ցանկը գլխավորում է Արեւելյան Չինաստանում գտնվող Ցինդաո քաղաքը, երկրորդ հորիզոնականում ԱՄԷ-ի մայրաքաղաք Աբու Դաբին է, իսկ երրորդը՝ Կատարի մայրաքաղաք Դոհան։
Խնդիրը, սակայն, ոչ թե Numbeo-ի հրապարակած ցանկն է, այլ դրա մեթոդաբանությունը. Fip.am-ը պարզել է, որ Numbeo-ն չունի վստահելի հարթակի համբավ, եւ դրա հրապարակած վարկանիշերը հիմնված չեն վիճակագրական տվյալների վրա: Դրանք կազմված են օգտատերերի աջակցությամբ եւ նրանց անանուն առաջարկությունների հիման վրա։ Կայքում հրապարակված տվյալները կրկնակի ստուգում չեն անցնում, եւ չկա հրապարակված մեթոդաբանություն, թե ինչի հիման վրա են արվում հաշվարկները։
Numbeo-ի տվյալները հաճախ հայտնվել են նաեւ քննադատության կենտրոնում, իսկ հարթակը երբեք չի համարվել վստահելի վիճակագրական տվյալների կամ հետեւություններ անելու համար։
Նշենք, որ Չախոյանը միակը չէ, որ հղում է արել Numbeo-ի ոչ ճշգրիտ տվյալներին։
Այսպիսով, վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի հրապարակած տվյալները վերցված են մի աղբյուրից, որը չունի արժանահավատ վիճակագրական տվյալների հավաքագրման մեթոդաբանություն, հիմնված է օգտատերերի անանուն կարծիքների վրա, որոնք հեշտությամբ հնարավոր է մանիպուլացնել:
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում