Այսօր պարզ դարձավ, որ ձերբակալվել է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը: Նա պատգամավոր է և ունի անձեռնմխելիություն:
Սահմանադրության 96-րդ հոդվածը սահմանում է պատգամավորի անձեռնմխելիությունը.
Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ: Պատգամավորն առանց Ազգային ժողովի համաձայնության չի կարող զրկվել ազատությունից, բացառությամբ երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո: Այս դեպքում ազատությունից զրկելը չի կարող տեւել յոթանասուներկու ժամից ավելի: Պատգամավորին ազատությունից զրկելու մասին անհապաղ տեղեկացվում է Ազգային ժողովի նախագահը:
Այսպիսով, պատգամավորը ձերբակալվել է, սակայն 72 ժամից ավելի չի կարող մնալ անազատության մեջ: Հետագա գործընթացների համար արդեն, եթե որոշեն պատգամավորին կալանավորել, ապա խորհրդարան պետք է գա Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը և նման միջնորդություն ներկայացնի:
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ պետաիրավական հանձնաժողովում փակ քննարկման ժամանակ ծեծկռտուք է տեղի ունեցել ընդդիմադիր Հայաստան խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի և ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի միջև:
Ն.Հ.