Առավել տգեղ միջադեպերի պարագայում կամ քրեական վարույթ չի նախաձեռնվել կամ ծածկադմփոց է արվել․ «Հայաստան» դաշինքի հայտարարությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայաստան» խմբակցությունը, մարտի 31-ին, ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ հայտարարություն է տարածել

«2023թ. մարտի 31-ին Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի աշխատանքային փակ քննարկման ավարտին, որին մասնակցում էին բացառապես պատգամավորներ և Հայաստանի միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը, տեղի է ունեցել անցանկալի միջադեպ:

Քննարկման ավարտին հանձնաժողովի նախագահ, ՔՊ կուսակցության անդամ Վլադիմիր Վարդանյանը չհիմնավորված ագրեսիվ վարքագիծ է դրսևորել ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը նրան հորդորել է չգոռգոռալ: Վլադիմիր Վարդանյանը շարունակել է անհարգալից վերաբերմունքը և գոռգոռոցները, կտրուկ ոտքի է կանգնել և ագրեսիվ շարժվել դեպի Մհեր Սահակյանը:

Մհեր Սահակյանը, ինքնապաշտպանվելով, ձեռքի մեկ հարված է հասցրել Վլադիմիր Վարդանյանին և միջադեպի զարգացումը կանխելով՝ հեռացել է սենյակից:

Միջադեպից հետո Մհեր Սահակյանը գտնվել է «Հայաստան» խմբակցությունում: Ժամանած ոստիկանության աշխատակիցներին ասվել է, որ Մհեր Սահակյանը պատրաստ է ինքնակամ ներկայանալ ոստիկանության բաժին: Այդ պահին խմբակցության սենյակ է մտել Ալեն Սիմոնյանը և անհավասարակշիռ վարքագծով սպառնալիքներ հնչեցրել, որից հետո ոստիկանությունը, առանց հիմքի անհամաչափ ու բիրտ ուժ է կիրառել պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ՝ վերջինիս բերման ենթարկելով ոստիկանության բաժին:

Միջադեպի վերաբերյալ քննչական կոմիտեն ուղղորդված և միակողմանի հայտարարություն տարածեց՝ առանց ականատես ընդդիմադիր պատգամավորներին հարցաքննելու, իրականությունը պարզելուն ուղղված նվազագույն ջանքեր գործադրելու` ընդդիմադիր պատգամավորին ոչ իրավաչափորեն ձերբակալելով: Սա քաղաքական հայացքներով պայմանավորված հստակ խտրականության ևս մեկ փաստ է, քանի որ իշխանական պատգամավորների կողմից համանման և առավել տգեղ միջադեպերի պարագայում կամ քրեական վարույթ չի նախաձեռնվել կամ ծածկադմփոց է արվել: Ավելին՝ իշխանական պատգամավորների կողմից նման վարքագիծը քաջալերվում է պաշտոնատար անձանց կողմից:

Միջադեպի առնչությամբ քպ-ականների և իրավապահ համակարգի ցուցաբերած վարքագիծը հերթական անգամ փաստում է նրանց կողմից երկրի անվտանգային կարևորագույն օրակարգերը ստվերելու, հանրության ուշադրությունը շեղելու, դրանք հետևողականորեն սեփական իշխանությանը ծառայեցնելու, երկակի ստանդարտներ կիրառելու քաղաքականության մասին:

Մինչդեռ Ազգային ժողովում համանման միջադեպերի պատճառը պաշտոնատար անձանց իշխանազանցությունն է, օրենսդիր մարմնի աշխատանքներում և պատգամավորների միջանձնային հարաբերություններում կարգավիճակով պայմանավորված օրենսդրական և էթիկայի կանոնների անթույլատրելի խախտումները:

Դատապարտում ենք ներկայացուցչական բարձրագույն մարմնում մեծամասնության որդեգրած այս քաղաքականությունը, իրավապահ մարմիններին սեփական իշխանությանը ծառայեցնելու և վերջիններիս կողմից ջանասիրաբար կատարելու գործելակերպն ու երկակի ստանդարտների անթաքույց կիրառումը:

Պահանջում ենք դատական և իրավապահ մարմիններից՝ դադարել կատարել օրվա իշխանությունների հակաօրինական պահանջները, առաջնորդվել պետական շահի գիտակցմամբ՝ Սահմանադրության և օրենքներին համապատասխան:

Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային և տեղական հաստատությունների ուշադրությունն ենք հրավիրում Հայաստանի քաղաքական իշխանությունների հակաժողովրդավարական և հակաօրինական այս վարքագծի վրա»:

«Հայաստան» խմբակցություն

01.04.2023թ.




Լրահոս