ՀՀ ինքնիշխան տարածքի և սահմանների խախտման պատասխանատուները պետք է պատժվեն․ Երվանդ Թարվերդյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Միացյալ Հայաստան» կուսակցության հիմնադիր-նախագահ Երվանդ Թարվերդյանը հայտարարություն է տարածել․ «Մեծագույն մտահոգությամբ եմ հետևում վերջին օրերին Սյունիքի մարզում թշնամու տարածքային և դիրքային առաջխաղացման մասին լուրերին։ Առավել անընդունելի է դրա հստակ պատասխանատուների շրջանակի լղոզումը։ Ադրբեջանական կողմի նոր դիրքավորումների մասին պաշտոնական հաղորդագրությունը տարածել է ոչ թե ՊՆ-ն, այլ ԱԱԾ-ն, հետևապես՝ պետք է հանգամանորեն ներկայացնի իրավիճակը։
Նախ, անհրաժեշտ է հասկանալ, թե այդ ո՞ւմ կամայական որոշման արդյունքում է թշնամի պետության հետ ՀՀ պետական սահմանի պահպանության գործառույթը վերցվել ՀՀ ԶՈՒ-ից և փոխանցվել ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանմանը, որոնք անհամեմատ ավելի քիչ թվակազմ ունեն, թեթևազեն են և բացարձակ այլ գործառույթներ ունեն։ Օրինակ, նրանք ոչ թե դիվերսիաներ կանխող են, ինչպես դիրքապահ զինծառայողները, այլ ընդամենը սահմանի երկայնքով պարեկություն անող։

Սյունիքի խոշորագույն գյուղական համայնքներից մեկի՝ Տեղի արոտավայրերն ու խոտհարքներն անցել են թշնամուն, իսկ գյուղը հայտնվել է ուղիղ նշանառության տակ։ Ո՞վ պետք է պատասխան տա Հայաստանի սուվերեն տարածքի հերթական զիջման համար, ընդ որում՝ առանց դիմադրության, առանց գեթ մեկ կրակոցի։ Ինչքա՞ն է շարունակվելու այս արատավոր ընթացքը, ո՞ր բնակավայրերին է հասնելու, և ո՞վ է կրելու դրա պատասխանատվությունը։ Եթե Ադրբեջանն արդեն ամրակայվել է մեր տարածքում զբաղեցրած դիրքերում, ինժեներական աշխատանքներ է կատարել, ինչպե՞ս, ի՞նչ միջոցներով է հարկադրված հետ քաշվելու։
Հայաստանի տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության պահպանումը շարունակում եմ համարել մեր օրակարգի կարևորագույն խնդիրը։ Ես և մեր քաղաքական թիմն անելու ենք ամեն հնարավորը՝ հանրային պատասխանատվության
դաշտ բերելու այս կործանարար զիջումների բոլոր մեղավորներին ու պատասխանատուներին»։




Լրահոս