2022 թվականի ընթացքում Գլխավոր դատախազության Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչությունը ստացել է 50 քրեական գործով նյութ և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներով հայտնաբերված տվյալների վերաբերյալ 25 նյութ: Այն կապված է եղել 84 անձի՝ հնարավոր ապօրինի ծագում ունեցող գույքի պատկանելիության վերաբերյալ: 2021 թվականին 23 նյութ էր՝ 105 անձի վերաբերյալ:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ 51 ուսումնասիրությամբ հայտնաբերվել է օրենքով նախատեսված 50 մլն դրամը գերազանցող՝ ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույք՝ 65 շարժական և ավելի քան 460 անշարժ գույք, շուրջ 100 իրավաբանական անձի մասնակցություն և ավելի քան 92 մլրդ դրամ:
2022 թվականի մայիսի 26-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է ներկայացվել Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հայց ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի վերաբերյալ. այստեղ խոսքը 33 տարածքների և 3 մլրդ դրամի մասին է:
Սեպտեմբերի 30-ին ներկայացված հայցադիմումը վերաբերել է Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանին. այստեղ խոսքը 15 անշարժ գույքի, 2 մլրդ դրամի մասին է:
Ն.Հ.