ՄԻՊ ԹԵԿՆԱԾՈՒԻՆ ՉԵՆ ՃԱՆԱՉՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնի է, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Մարդու իրավունքների պաշտպանի թափուր պաշտոնում առաջադրել է գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանի թեկնածությունը, որը նաեւ դատախազի մտերիմ ընկերուհին է:

 

Ըստ Սահմանադրության՝ Մարդու իրավունքների պաշտպան կարող է ընտրվել 25 տարին լրացած, հասարակության մեջ բարձր հեղինակություն վայելող, բարձրագույն կրթությամբ թեկնածուն։ «Ժողովուրդ» օրաթերն այս առիթով զրույցել է ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում ընդգծեց՝ իշխանության ՄԻՊ թեկնածուին ոչ ոք չի ճանաչում, հասարակության համար ընկալելի կերպար չէ, նրան ընկալում են միայն որպես քաղաքական թիմի անդամ:

-Տիկի՛ն Ալավերդյան, իշխանության ՄԻՊ թեկնածուն՝ Անահիտ Մանասյանը, համապատասխանո՞ւմ է արդյոք Սահմանադրությամբ պահանջվող չափանիշներին:

-Այն, որ ինքը գլխավոր դատախազի տեղակալն է, Սահմանադրության կամ օրենքի խախտում չէ, որեւէ խնդիր չէր լինի, եթե թեկնածուն հայտնի լիներ իր իրավապաշտպան գործունեությամբ եւ վստահություն վայելեր հասարակության կողմից. դա սահմանադրական պահանջ է, քմահաճույք չէ: Սահմանադրական այդ պահանջն ունի շատ խորը արմատ, այն է՝ եթե այդ անձը հայտնի է ու վայելում է հանրության վստահությունը, այսպիսով նա անկախության երաշխիք է ձեռք բերում, ինչն ամենակարեւորն է ՄԻՊ-ի համար: Արդեն երկրորդ անգամ է՝ հասարակության համար ընկալելի լինելու պահանջը բացեիբաց խախտվում է՝ եւ՛ Քրիստիննե Գրիգորյանի, եւ՛ Անահիտ Մանասյանի դեպքում: Այս անձինք, ի սկզբանե չհամապատասխանելով սահմանադրական պահանջին, արդեն իսկ կաշկանդված են: Այս դեպքում կախվածությունը թե՛ գործադիրից, թե՛ իշխող քաղաքական ուժից շատ մեծ է լինում: Այսինքն՝ խնդիրը ոչ թե այն է, թե ինչ պաշտոն է զբաղեցրել, այլ այն, որ հասարակության կողմից ճանաչված չէ, չունի հասարակական վստահություն, ինչն անկախության ամենամեծ երաշխիքն է: Ես իմ օրինակով կարող եմ ասել՝ լինելով ՀՀ առաջին ՄԻՊ՝ իշխանությունների կողմից քաղաքական հետապնդման էի ենթարկվում, ինձ համար կարեւոր էր հասարակության վստահությունը, իսկ հասարակությունն ինձ վստահում էր, եւ երբ ակնարկում էին՝ արդյոք չեմ ուզում հրաժարական տալ, պատասխանում էի՝ իհարկե ոչ. ես հասարակության կողմից վստահություն եմ վայելում, պատասխանատվություն եմ կրում նրանց առաջ:

-Տիկի՛ն Ալավերդյան, հաշվի առնելով, որ նա իշխանության ներկայացուցիչ է, ի՞նչ եք կարծում, կկարողանա՞ անհրաժեշտության դեպքում անաչառ արձագանքել մարդու իրավունքների խախտման դեպքերին, երբ դա լինի, օրինակ, իշխանության ներկայացուցիչներից որեւէ մեկի կողմից:

-Ես պետք է հիմնվեմ պրակտիկայի վրա: Արման Թաթոյանը նույնպես եղել է Արդարադատության նախարարի տեղակալ, երբ առաջադրվել է ՄԻՊ պաշտոնում, բայց դա իրեն չի խանգարել լինել սկզբունքային: Մարդու իրավունքների պաշտպան բոլոր դեպքերում էլ ընտրվում են այն թեկնածուները, ում առաջադրում է իշխող խմբակցությունը, ուստի սա չէ թույլ կողմը: Առաջնային խնդիրն այն է, որ նա հասարակության համար ճանաչելի չէ, իրեն ընկալում են զուտ քաղաքական թիմի անդամ: Կրկնում եմ՝ հասարակության կողմից ընկալելի լինելը երաշխիք է, որ անկախ գործի օրենսդիր եւ գործադիր մարմիններից: Անահիտ Մանասյանը չունի ճանաչելիություն, ինչը առաջնային պայման է ՄԻՊ-ի համար:

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԵ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 

 

 

 

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՐԵՍԻՎ ՔԱՅԼԵՐՆ ՈՒ ՍԱԴՐԱՆՔՆԵՐԸ

 

Իսպանիայում Հայաստանի դեսպան Սոս Ավետիսյանը հարցազրույց է տվել իսպանական El Mundo թերթին, որում ներկայացրել է Արցախի ու Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիվ քայլերն ու սադրանքները, անդրադարձել Լաչինի միջանցքի արգելափակմանը, դրա հետեւանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամին եւ այլ թեմաների։

 

-Ինչպիսի՞ն է ներկայիս իրավիճակը 2020 թվականի՝ Ադրբեջանի հետ հակամարտությունից հետո։

-2020 թվականի զինադադարից ի վեր Ադրբեջանի ագրեսիաները Հայաստանի դեմ երբեք չեն դադարել։ Ադրբեջանական վերջին ագրեսիան արդեն դատապարտվել է Իսպանիայի կողմից՝ Պատգամավորների Կոնգրեսի ինստիտուցիոնալ հայտարարությամբ։ Նրանք անում են ամեն ինչ, որպեսզի Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի կյանքն անհնարին դարձնեն։ Դեկտեմբերից ի վեր որոշ կեղծ էկոակտիվիստներ արգելափակել են Ղարաբաղը, սակայն նրանք իրականում Ադրբեջանի անվտանգության ծառայության գործակալներ են։

-Ինչպիսի՞ն է Լեռնային Ղարաբաղում ապրող 120.000 հայերի վիճակը ավելի քան մեկ ամիս գրեթե պաշար չունենալուց հետո։

-Այժմ կիրառվում է գնումների կտրոնային համակարգ, որպեսզի կարողանան սննդից օգտվել: Մարդիկ տառապում են։ Բազմաթիվ ընտանիքներ կան, որոնք այսօր բաժանված են. Հայաստան էին գնացել՝ սուրբծննդյան տոների առթիվ իրենց hարազատներին այցելելու կամ «Մանկական Եվրատեսիլ»-ը դիտելու, եւ այժմ չեն կարողանում վերադառնալ, քանի որ միջանցքը փակ է։ Գազը, լույսը, ջուրն էլ են կտրել… Ամենօրյա սարսափ է լեռնային շատ ցուրտ վայրում։ Նրանք ահաբեկել են նույնիսկ երեխաներին։ Հունվարի 17-ին ադրբեջանցի զինվորները, «Ադրբեջա՛ն» գոռալով, ներխուժել են 13-ամյա երեխաներով լի ավտոբուս, տեսանկարահանել բոլորին, վախեցրել։ Պատկերացրեք, թե ինչ տեսակի կազմակերպություններ կարող են իրականացնել սա։ Էթնիկ զտում է, հիմա՝ ավելի մեղմ, երեւի մի ուրիշ ժամանակ ավելի թեժ լինի։

-Կարո՞ղ է Լեռնային Ղարաբաղի պատերազմը դառնալ 2023 թվականի կոնֆլիկտներից մեկը:

-Զինադադարի ստորագրումից ի վեր կա այդ հավանականությունը, բայց պատերազմ մղելու մեջ միակ շահագրգռված երկիրն Ադրբեջանն է, քանի որ հասկացել է, որ բոլորը զբաղված են այլ հարցերով, հարմար ժամանակ է Հայաստանի վրա հարձակվելու համար։ Օրինակ՝ ստեղծել է մեկ այլ «կազմակերպություն», որը կոչվում է «Արեւմտյան Ադրբեջան»։ Մամուլի ասուլիսում նրանք ասացին, որ ադրբեջանցիները «իրավունք ունեն վերադառնալ իրենց պատմական հողերը» եւ պատրաստվում են ուսումնասիրություններ սկսել, որպեսզի հիմնավորեն, որ ադրբեջանցիները պատմականորեն ապրել են այնտեղ։ Պարզ է, թե ինչպես են գաղափարախոսական հենք նախապատրաստում նոր ագրեսիաներ սկսելու համար։ Ալիեւի վարչակարգի համար անհրաժեշտ է ունենալ արտաքին թշնամի, ինչպես եւ միշտ տեղի է ունենում ավտորիտար ռեժիմ ունեցող երկրների պարագայում։

 

 

 

 

ԱՎԵԼԻ ՇԱՏ ԶԵՆՔ

«Իմ նախագահության օրոք 5-րդ շարասյուն չենք ունեցել»,- երեկ՝ մարտի 24-ին՝ Սամվել Ֆարմանյանի գրքի շնորհանդեսից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Հայաստանը պարտվել է, որովհետեւ բանակում գործել է 5-րդ շարասյուն։

«Եթե այդ մարդը գիտի, որ 5-րդ շարասյուն ենք ունեցել, բա ինչո՞ւ միջոցներ չի ձեռնարկել այդ 5-րդ շարասյան դեմ։ Իմ կարծիքով՝ նա ինչ-որ տեղ ճիշտ է ասում. միգուցե ի՞նքն է գլխավորում այդ 5-րդ շարասյունը։ Եթե այդքան մանրամասն տեղյակ է, բնական է»,- ասաց երրորդ նախագահը։

Անդրադառնալով ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի այն հայտարարությանը, թե 5-րդ շարասյունը դրսից է ուղղորդվել, Սերժ Սարգսյանն արձագանքեց.

«Երեւի Սուրեն Պապիկյանը հավաստի տեղեկություններ ունի, հակառակ դեպքում այդպիսի անլուրջ հայտարարություններ չի կարող անել։ Ես դրսից կառավարվող այլ մարդկանց գիտեմ, որոնք իրենց երբեք 5-րդ շարասյուն չեն համարում. դրսից կառավարվող ուրիշ մարդկանց չգիտեմ»։

«Ես չգիտեմ, թե ինչ կտա հայ-թուրքական հարաբերությունները, որովհետեւ շատ բան է խառնվել։ Մենք հրապարակել էինք մեր բանակցությունների փաթեթը։ Դուք տեղյա՞կ եք՝ իրենք ինչի մասին են բանակցում, ի՞նչ են խոսում։ Հաճախ կրկնում են, որ առանց նախապայմանների է, շուտ-շուտ կրկնում են, որ հանկարծ չմոռանան, բայց մենք ի՞նչ գիտենք՝ առանց նախապայմանների է, թե նախապայմաններով»,- ասաց երրորդ նախագահը։

Սերժ Սարգսյանի խոսքով՝ իրենց իշխանության ժամանակ նպատակը ոչ թե Թուրքիայի հետ ճանապարհների բացումն էր կամ տնտեսական նպատակները, այլ Հայաստանի անվտանգությունն ապահովելը.

«Մեր ցանկությունն էր, որ Թուրքիային հեռու պահենք գոնե բացահայտ ռազմական աջակցություն Ադրբեջանին ցույց տալուց։ Եթե մի սկզբունքային որոշում ես կայացնում, ապա ինքդ քո ներսում հաշվարկում ես՝ եթե ստացվի, ինչն է լինելու օգուտը, եթե չստացվի, ինչն է օգուտը։ Մենք բավականին օգուտներ քաղեցինք, որովհետեւ միջազգային հանրությունը համոզվեց, որ հարաբերությունների բացակայության պատճառը մենք չենք»։

 




Լրահոս